– Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում «փոխվել է հայկական կողմի բանակցային որակը, որովհետեւ բանակցություններում պետք է կարողանալ հիմնավորել այլընտրանքային դիրքորոշումները»: Ձեր կարծիքով, իսկապե՞ս որակ է փոխվել, Ադրբեջանն ավելի՞ շահեկան դիրքերում է հայտնվել:
– Որակի մասին դատելուց ես ուզում եմ մեջբերել վերջին օրերին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, երբ կրկնում է իր հին երգը, թե մենք պատրաստ ենք Ղարաբաղին տալ բարձր ինքնավարություն, եւ այդ միջանկյալ կարգավիճակը որոշելու համար պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները: Սա նշանակում է, որ իրենք չեն ընդունում ԼՂՀ-ի` ինքնորոշման ճանապարհով անկախություն ստանալու մոտեցումը: Իմ հասկանալով` եթե դա նաեւ բանակցություններով էլ է արտահայտվում, իսկապես որակ է փոխվել: Անցած տարի Աթենքում ԵԱՀԿ անդամ 55 պետությունների մակարդակով արված` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հավասարության մասին հայտարարությունից հետո եթե սրանք ասում են, թե տարածքային ամբողջականության սկզբունքն է առաջնային, այսինքն՝ ԼՂՀ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, ես արդեն տեսնում եմ, որ բանակցություններում ինչ-որ բան այն չէ: Այսինքն, իսկապես, Մադրիդյան նոր ու հին սկզբունքները, կարծես թե, իրար չեն համապատասխանում եւ, բնականաբար, ՀՀ-ն այստեղ պետք է կողմնորոշվի: Շոկային մոտեցում է: Խոսք էր գնում միջանկյալ կարգավիճակի, փոխզիջումների մասին, բայց հանկարծ ասում են, որ չի լինելու անկախ Ղարաբաղ: Հետեւաբար դրանից ելնելով` հայկական կողմը շատ օրինական ձեւով առաջարկում է, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ: Ու արդեն ինքը թող կողմնորոշվի` ինչ է ուզում, մնա՞լ Ադրբեջանի կազմում, թե՞ լինել անկախ պետություն: Թեեւ դե ֆակտո անկախ հռչակվելու համար պետական բոլոր մարմինները` նախագահ, ԱԺ, կառավարություն ու մյուս բոլոր կառույցներն ունի: Ես գտնում եմ, որ ԼՂՀ-ին բանակցություններից հանելը սխալ էր: Բայց իրենց կառավարման տարիներին դա չեն արել, իսկ մենք ուզում ենք վերադարձնել, որ ԼՂՀ ժողովրդի ճակատագիրը լուծվի ճշմարիտ ձեւով:
– Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի մոտեցման այդ փոփոխությունը:
– Ադրբեջանը կոշտացրել է իր դիրքորոշումը, մեր արտգործնախարարն էլ հայտարարեց, որ բանակցություններին առանց ԼՂՀ-ի մասնակցության անհնար է հակամարտության լուծում: Խոսքը հենց հիմա մասնակցելու մասին է: Այսինքն՝ Հայաստանի կողմից միջնորդավորված, ինչպես որ մինչեւ հիմա էր, արդեն ձեռ չի տալիս, որովհետեւ, եթե մենք հիմա շարունակենք այս ձեւով բանակցությունները, ապա դուրս է գալիս, որ համաձայն ենք Ադրբեջանի միակողմանի պահանջներին: Իմ կարծիքն եմ ասում:
– Այնուամենայնիվ, համաձա՞յն եք Վ.Օսկանյանի այն մտքին, թե որակ է փոխվել:
– Օսկանյանի ասելով չի որակը փոխվել, դա մինչեւ Օսկանյանի ասելն էլ գիտեինք: Ինչո՞ւ ենք մենք այժմ առաջարկում, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ: Որովհետեւ, իսկապես, այնտեղ կոշտ դիրքորոշումներ կան: Ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց ընդհանուր հասկանալի է, որ Ադրբեջանը կոշտացրել է դիրքորոշումը: Եվ ասում է, որ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին համաձայն է: Բայց նորից մեկնաբանում է, որ ԼՂՀ-ն պետք է լինի իր կազմում բարձր կարգավիճակով: Եվ այդ կարգավիճակի անունն էլ անկախություն չի:
– Ադրբեջանն ինչո՞ւ որոշեց կոշտացնել դիրքորոշումը: Միուցե իսկապե՞ս առիթը Հայաստանն է տվել, հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսելով` Թուրքիային ներքաշելով բանակցությունների մեջ:
– Այդ հարցի պատասխանն այլ ոլորտում է, որովհետեւ Թուրքիան այս տարածաշրջանում ուզում է լինել թելադրող, խնդիրներ լուծող: Եվ ստեղծվի անկախ Ղարաբաղ՝ թեկուզ նույնիսկ ԼՂԻՄ-ի սահմաններով, դա Թուրքիային ձեռնտու չէ, որովհետեւ տարածաշրջանում ինքը պետք է գործ ունենա երկու անկախ, աշխարհի կողմից ճանաչված հայկական պետությունների հետ, ինչը այդքան հեշտ չէ: Իսկ տվյալ դեպքում եթե հարցը լուծվում է Ադրբեջանի կազմում, Թուրքիան գործ կունենա միայն ՀՀ-ի հետ:
– Հաշտեցման գործընթաց նախաձեռնելով` ՀՀ իշխանությունները Թուրքիային ինչո՞ւ տվեցին այդ հնարավորությունը:
– Գիտեք, այստեղ կար նաեւ սահմանի բացման խնդիր, ինչը կապված էր եւ կոմունիկացիաների, տնտեսական ապրանքների ներկրման ու արտահանման էժանացման, Եվրոպայի հետ ավելի կարճ ճանապարհ ունենալու հետ: Այսինքն՝ մեզ պետք են կոմունիկացիաներ, եւ որպես ԵԽ անդամ երկու պետություն, պետք է բաց սահման ունենանք: Մենք էլ գնացինք դրան, որովհետեւ դա մեզ նաեւ շահավետ է, բայց պարզվեց, որ դա շահավետ է նաեւ որոշ գերտերություններին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու նաեւ Եվրոպային: Եվ համատեղ գնացինք այդ բանակցություններին, որովհետեւ միջնորդներ են եղել եվրոպական պետությունը եւ ԱՄՆ-ը: Այնպես չէ, որ մենք միայնակ որոշել ենք Թուրքիայի հետ հարաբերություն ստեղծել, եւ մեզ որեւէ մեկը չէր աջակցում: Առանց նախապայմանների պայմանավորվածություն է եղել, այսինքն՝ ԼՂՀ հարց չի բարձրացվել, ՀՀ-ն Թուրքիայից չի պահանջել ճանաչել ցեղասպանությունը, նոր դրանից հետո հարաբերություններ ստեղծել: Երկու կողմից էլ նախապայման չի դրվել: Դա բանավոր ասվել է, եւ թուրքերը դրան համաձայնել են, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը խոսք են տվել, որ իրենք դրան կգնան: Բայց ճանապարհին, նորից, ինչպես ասում են, թուրքի վերջին խելքը հետ է եկել, եւ նա մտածել է, որ չէ, առանց ԼՂՀ-ի իրենք տարածաշրջանում լիարժեք ազդեցություն չեն ունենա: Եվ այդ նախապայմանը դնում են: Բայց քանի որ ԱՄՆ-ը հզոր պետություն է եւ դիվանագիտության մեջ բարոյականությունը համարում է պայմանավորվածությունների կատարումը, իսկ չկատարումը` անբարոյական քայլ, դրա համար սկսել է ճնշել Թուրքիային: Դա կլինի ցեղասպանության խնդրով եւ այլ միջոցներով:
– Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների մեջ այնուամենայնիվ կային ԼՂՀ, ցեղասպանության եւ Թուրքիայի սահմանների ճանաչման նախապայմաններ:
– Պետք է ուղղակի նշված լինեին: Եթե կան նախապայմաններ, դա պետք է ուղղակի լինի: Եթե չկա` ուրեմն չկա: Թուրքերը թեեւ պաշտոնապես չեն հայտարարում, բայց մեղադրում են ԱՄՆ-ին, թե՝ դուք մեզ ասել էիք, որ զուգահեռ կլուծվի ԼՂՀ խնդիրը: Բա ինչո՞ւ չի լուծվում: Նրանք էլ ասում են, որ ԼՂՀ խնդիրը արձանագրությունների հետ չենք կապում, մենք ասել ենք՝ շուտով կլուծվի, բայց չենք ասել, թե երբ: 15 տարի է՝ շուտով ենք ասում, բայց… Կամ` 1991 թվականից, թուրքերը չգիտեի՞ն, որ ՀՀ Անկախության հռչակագրի կետերից մեկը եղել է, որ մեր պետությունը պետք է հետամուտ լինի 1915թ. ցեղասպանության ճանաչման հետապնդմանը: Հիմա պատճառ են բռնում ՍԴ որոշումը, թե ինչո՞ւ ենք հղում արել: Դա ընդամենը ներքին օգտագործման համար է արվել, որ կա այս կետը: