Ընկեր Վահանի կոչը

20/03/2010

«Այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ եմ տալիս անհապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, թե ում հետ գործ ունենք, եւ պարզ է, թե նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես ազդակ հակահայկական գործողություններ սկսելու համար»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` թեեւ Թուրքիան աշխարհում համարվում է ավելի ժողովրդավարական երկիր, քան Հայաստանը, իսկ դրանում «մեղավոր ենք հենց մենք` մեր այլանդակ ընտրություններով, կաշառակերությամբ, դատական համակարգով», բայց վերջին հայտարարություններով «Էրդողանն ուղղակի պահի տակ դիմակը կորցրեց, եւ աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ գործ ունի»: Սակայն Վ. Հովհաննիսյանի կոչը` անհապաղ հեռանալ Թուրքիայից, երեկ անհիմն են համարել ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հավաստմամբ` Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները Թուրքիա են գնացել ոչ ՀՀ քաղաքական ուժերի կոչով, ոչ էլ Հայաստան պետության հարկադրանքով, եւ «նրանց այնտեղից հանել, շարժելը, տեղափոխելը մարդու իրավունքների համաշխարհային ընդունված սկզբունքների հետ այնքան էլ չի համապատասխանում»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասել է. «Հայերի ներս գալու, դուրս գնալու խնդիր չկա, եւ պետք չէ վախի սինդրոմ սերմանել, այնպես չէ, որ թուրքերն ուզում են արյան հետ խաղացող միջավայր ստեղծել»: