«Ալավերդին միշտ էլ եղել է պղնձաձուլական գործարանի հետ փոխկապակցված։ Այն
առանց գործարանի քաղաք չի կարող համարվել, քաղաքի դիրքը հնարավորություն
չի տալիս զբաղվել ոչ հողագործությամբ, ոչ էլ անասնապահությամբ, այն իր
ստեղծմամբ պարտական է մետալուրգիային, եւ հուսով ենք, այդպես էլ
կշարունակվի»,- իր ղեկավարած քաղաքի մասին ասում է Ալավերդու քաղաքապետ
Կարեն Նալբանդյանը:
Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող այս նախկինում հզոր արդյունաբերական
քաղաքն այսօր փորձում է ուղղել իր մեջքը եւ վերագտնել իր լավագույն
ավանդույթները: Իսկապես, քաղաքն իր երեքհարյուրամյա կենսագրությամբ
պարտական է պղնձի արդյունահանմանն ու վերամշակմանը, եթե գործարանը եղել է
Մադան թաղամասում, քաղաքը կենտրոնացել է այդ մասում, եթե տեղափոխվել է
ներքեւ, ապա քաղաքը` նույնպես:
Այսօր քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց լուծման համար միայն քաղաքի
միջոցները չեն բավականացնում: Ըստ նորընտիր քաղաքապետ պրն Նալբանդյանի`
«քաղաքի բյուջեն այսօր մեծ ֆինանսական ճեղքվածք ունի, մոտ 50 մլն դրամ,
որի 20 մլն-ն աշխատավարձերի պարտքն է, իսկ կառավարության կողմից քաղաքին
հատկացվող դոտացիան կազմում է ընդամենը 70 մլն դրամ, որով քաղաքում
նույնիսկ բարեկարգման աշխատանքներ չի կարելի իրականացնել: Այդ պատճառով
ստիպված ենք սեպտեմբերին մոտ 50 հոգու կրճատել, կային ավելորդ հաստիքներ:
Այդ միջոցով նախատեսում ենք մոտակա 1,5 տարվա ընթացքում տնտեսել 20 մլն
դրամ եւ փակել մարդկանց աշխատավարձի պարտքերը, քանի որ մարդիկ արդեն 5, 8
եւ նույնիսկ 11 ամսով աշխատավարձ չեն ստացել»: Իսկ մեր այն հարցին, թե
հնարավոր չէ՞ այդ կրճատումները չիրականացնել, եւ պարտքերը գործարանի
կատարած բնապահպանական վճարումների միջոցով փակել, քաղաքապետը պատասխանեց.
«Չնայած գործարանի արտանետած գազն ու փոշին շնչում են քաղաքի բնակիչները,
սակայն բնապահպանական վճարը գնում է հանրապետական բյուջե: Այս տարի
գործարանն արդեն մուծել է 75 մլն դրամ, որից մեր համայնքին տրամադրվել է
ընդամենը 214 հազար դրամ, ծիծաղելի մի թիվ, որը կարելի է նույնիսկ
չվերցնել»: Կարելի է ենթադրել, որ մեր կառավարության անդամներն իրենք են
շնչում Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումները եւ գումարը
ծախսում են իրենց առողջապահական խնդիրները լուծելու համար: Իսկ ալավերդցին
այսօր ոչ բարվոք ֆինանսական վիճակի պատճառով չի կարողանում հոգալ իր
առողջության հետ կապված տարրական խնդիրները: Քաղաքապետն այս առիթով նշեց.
«Չնայած քաղաքային հիվանդանոցը եւ պոլիկլինիկան ապահովված են անհրաժեշտ
բժշկական սարքավորումներով եւ դեղորայքով, սակայն այսօր հիվանդանոցը գրեթե
հիվանդ չունի, որը սակայն չի նշանակում, որ ալավերդցին առողջական
պրոբլեմներ չունի, պարզապես խնդիրը նյութական միջոցների բացակայությունն
է»: Սուր է դրված հարցը հատկապես բժշկական անձնակազմի առումով: Ցածր
աշխատավարձի եւ ոչ կանոնավոր վճարումների հետեւանքով բժշկական կադրերի
արտահոսք կա Ալավերդուց: Կարեն Նալբանդյանը նաեւ հավելեց, որ դիմել են
վարչապետին, որպեսզի գործարանի կատարած այդ բնապահպանական վճարները քաղաքը
հետ ստանա բնապահպանական եւ առողջապահական ծրագրերի շրջանակներում:
Քաղաքում սուր է դրված նաեւ բնակարանային հիմնահարցը։ Պղնձաձուլական
գործարանին պատկանող հանրակացարանում բնակվող 56 ընտանիքներն ամեն պահի
կարող են անօթեւան դառնալ: Հարցն այն է, որ գործարանը պատրաստվում է
քանդել այդ հանրակացարանը եւ տեղում նոր շենք կառուցել: Գործարանում
ասացին, որ այդ մարդիկ ժամանակին քաղաքի Սարահարթ թաղամասում բնակարաններ
են ստացել, սակայն վաճառել են, եւ շարունակում են բնակվել
հանրակացարանում: Սակայն քաղաքապետը պարզաբանեց. «Մարդիկ եթե տուն ստացած
լինեին, անպայման կտեղափոխվեին, ոչ ոք չի ուզենա գազի եւ փոշու մոտ ապրել,
առանց այդ էլ այդտեղ սանիտարական գոտի չկա: Մարդիկ այդտեղ տուն ստացել եւ
բնակվել են, իսկ եթե որեւէ մեկը նրանց տուն տված լիներ, ոչ ոք այդտեղ չէր
ապրի: Այդ հանրակացարանն իրոք գործարանի սեփականությունն է, դա բնակիչն էլ
գիտի, ամբողջ քաղաքն էլ գիտի, բայց դա չի նշանակում, որ մենք մեր բնակչին
պետք է դուրս շպրտենք փողոց: Քանի որ այդ շենքերը վթարային են եւ գտնվում
են սանիտարական գոտում, գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հետ
համաձայնության ենք եկել, որպեսզի բնապահպանական մուծումներից 112 մլն
դրամ հատկացնեն բնակիչների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով»:
Քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծման կապակցությամբ քաղաքապետը նշեց, որ
բացի գործարանից, հավելյալ աշխատատեղեր կարող են ստեղծվել նաեւ տուրիզմից:
Նա նշեց. «Տուրիզմի առումով ամենաշատն Ալավերդին պետք է զարգացած լիներ,
որովհետեւ այստեղ են գտնվում Հաղպատի, Սանահինի, Օձունի նշանավոր վանքերը,
Թամար թագուհու կառուցած կամուրջը, եւ այլն: Սակայն այսօր Ալավերդին այդ
ուղղությամբ վերջնապահների թվում է, թեեւ դա նաեւ մեր մեղքն է, եւ մեր
չարած գործերի համար ուրիշին մեղադրելու իրավունք չունենք»:
Ինչ վերաբերում է քաղաքի սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծմանը,
ապա քաղաքապետը, ինչպես նաեւ ամբողջ բնակչությունն իրենց հույսը կապում են
Ալավերդու պղնձաձուլական գործարանի ընդլայնման եւ զարգացման հետ: Նախկին
հսկան, որը ԽՍՀՄ-ում այդ ոլորտի խոշորագույն գործարաններից էր եւ տարեկան
թողարկում էր 42 հազար տոննա պղնձի խտանյութ եւ 150 հազար տոննա
ծծմբաթթու, 2004թ. թողարկել է 6500 տոննա պղնձի խտանյութ: «Էյ-Սի-Փի»
ընկերությունը, որը 1995-ից գործարանի սեփականատերն է, այսօր օգտագործում
է դրա արտադրական հզորությունների միայն 15%-ը: Սակայն «Վալլեքս»
ընկերություների խումբը մտադիր է ընդլայնել արտադրությունը եւ թողարկած
պղնձի արտադրանքը հասցնել 20 հազար տոննայի, որի համար նախատեսում են
կառուցել նոր ժամանակակից գործարան, ներդնել 6,6 մլն դոլար եւ ստեղծել եւս
350 աշխատատեղ: Իսկ մինչ այդ գործարանն աշխատում է պղնձի վերամշակման մեկ
փոքր արտացոլիչ վառարանով: Գործարանում զբաղված է 700 մարդ` միջինը 70-80
հազար դրամ աշխատավարձով:
«Ո՞ւր գնանք այստեղից,- ասում է հալեցման արտադրամասի բանվոր Սարգիսը,-
երբ գիտենք, որ ամեն ամսվա կոնկրետ օրը ստանում ենք կայուն աշխատավարձ,
որով կարողանում ենք գոնե հոգալ ընտանիքի մինիմալ կարիքները»:
Գործարանի ընդլայնման գլխավոր խոչընդոտը պղնձի հանքանյութի ոչ բավարար
քանակն է: Թեեւ մի քանի տարի առաջ Եվրոպական զարգացման եւ վերակառուցման
բանկի վարկային միջոցներով «Վալլեքս» ընկերությունը սկսել է շահագործել
Լեռնային Ղարաբաղի Դրմբոն բնակավայրի մոտ գտնվող հանքավայրերը եւ կառուցել
է նաեւ արտազտիչ գործարան` «Բեյթս Մեթալսը»` 600 աշխատատեղերով եւ 70-80
հազար միջին աշխատավարձով, սակայն հանքաքարի տեղափոխության ծախսերը
կազմում են վերջնական ինքնարժեքի 70%-ը, նույնը` նաեւ Զանգեզուրից: Այդ
հիմնահարցը լուծելու համար, ընկերությունն Ալավերդի քաղաքից 32 կմ
հեռավորության վրա գտնվող Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրը
շահագործելու ծրագիր է մշակել: Այն իր պաշարների մեծությամբ ՀՀ երկրորդ
պղնձա-մոլիբդենային հանքավայրն է. շուրջ 450 մլն տոննա հանքաքար, 1,6 մլն
տոննա պղինձ, 99 հազար տոննա մոլիբդեն: Անհրաժեշտ երկրաբանական
հետազոտություններից հետո «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությունը հանքավայրի
շահագործման նպատակով պատրաստվում է կառուցել տարեկան մինչեւ 5 մլն տոննա
հզորությամբ լեռնահարստացուցիչ կոմբինատ, շուրջ 125 մլն դոլար արժեքով:
Կոմբինատի շահագործումը հնարավորություն կտա ստեղծել 1500 նոր աշխատատեղ,
իսկ շահագործման արդյունքում ավելացնել ՀՀ ՀՆԱ-ն շուրջ 90 մլն դոլարով:
Ընկերությունը մտադիր է վերսկսել նաեւ Ալավերդու կոնսերվացված հանքերի
շահագործումը, քանի որ պղնձի համաշխարհային գները բարձրացել են, եւ
հանքավայրի շահագործումը տնտեսապես շահավետ է դարձել: Իսկ թունավոր
արտանետումների քանակը պակասեցնելու համար գործարանը մտադիր է Սլովակիայից
ներմուծել զտիչ ֆիլտր։ Մինչ այդ քաղաքի բնակիչները պարտադրված են շնչել
վնասակար օդը: Ընկերությունը սեփական կադրերը պատրաստելու նպատակով այս
տարվանից Վանաձորում բացել է ԵՊՃՀ մասնաճյուղը, որտեղ տարեկան պետք է
ընտրվեն եւ ուսուցանվեն 30 ուսանողներ: Հետագայում նախատեսվում է այն
տեղափոխել Ալավերդի: «Էյ-Սի-Փի»-ն ունի նաեւ բազմաթիվ ծրագրեր` կապված
քաղաքի զարգացման հետ: Նախատեսվում է կառուցել հյուրանոց, զբոսայգիներ,
վերանորոգել կենտրոնական հրապարակը:
Ինչ խոսք, վերոհիշյալ ծրագրերի իրագործումը կարող է դառնալ Ալավերդու եւ
տարածաշրջանի զարգացման հիմնաքարը։ Համենայն դեպս, ալավերդցին հույսը
կապում է պղնձաձուլական գործարանի հետ, նրա մեջ տեսնելով իր վաղվա
բարեկեցությունը եւ հուսալի ապագան: