Աճելո՞ւ է

20/03/2010

«Հայաստանի, ինչպես եւ շատ այլ երկրների համար ես կանխատեսում եմ վերադարձ տնտեսական աճին, բայց ոչ այն մակարդակի, որը նկատվում էր մինչեւ ճգնաժամը»,- հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Թոմաս Միրոուն` հավելելով, որ թեեւ «ակնհայտ է, որ դեռեւս առկա են լուրջ ռիսկեր», սակայն ինքը համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք չի կանխատեսում: «Երկարաժամկետ կապիտալի պակասը կշարունակի զգացվել, իսկ արտասահմանյան կապիտալի հոսքերը մոտ ապագայում չեն հասնի մինչեւ ճգնաժամը եղած մակարդակին»,- ասել է նա: Հարցին` արդյոք Հայաստանին հաջողվե՞լ է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, Միրոուն պատասխանել է. «Պետք է ազնվորեն նշել, որ Հայաստանը գովեստի է արժանի` սեփական տնտեսական համակարգում ֆինանսական ռիսկեր չառաջացնելու եւ այդ կերպ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները չմեծացնելու համար: Հակառակ դեպքում, 2009թ. մենք կունենայինք շատ ավելի վատ իրավիճակ: Բայց նաեւ պետք է ընդգծել, որ Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի տեղեր ունի, օրինակ` կախվածությունը դրամական փոխանցումներից, որոնց կրճատումը շատ լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա: Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի նախագահը եւ կառավարությունը ցանկանում են միջոցներ հայթայթել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար, եւ նրանց հետ ունեցած հանդիպումների ընթացքում ես հայտնել եմ մեր պատրաստակամությունը` աջակցելու նրանց այդ հարցում»: Ի դեպ, նա նաեւ հայտարարել է, թե ՎԶԵԲ-ը պատրաստ է Հայաստանում միջոցներ ներդնել նախորդ տարվա ծավալի` 120 մլն դոլարի չափով: