Քոսոտ տնտեսությունը բուժելու մեխանիզմը

20/03/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պաշտոնական վիճակագրությունը երեկ փորձել է մեզ մի քիչ ուրախացնել։ Ընթացիկ տարվա հունվար-փետրվարի համար արձանագրել է 3.1% ՀՆԱ աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիշեցնենք, որ հունվարի համար այդ ցուցանիշը կազմել էր 2.4%, ինչը մեր տնտեսական ոլորտը համակարգող նախարարին հիմք էր տվել ասելու, որ հերոսաբար հաղթահարել ենք ճգնաժամը։ Դժվար չէ ենթադրել, թե այժմ Ներսես Երիցյանը ինչեր կցանկանար ասել, սակայն հարց է՝ կասի՞, թե՞ ոչ։

Միգուցե իր այդ հայտարարությանը հաջորդած արձագանքներից Ն. Երիցյանը հասկացել է, որ միայն ինքն է տեսնում ճգնաժամի հաղթահարված լինելը։ Եվ անգամ, եթե միայն ինքն է ճիշտ, ապա թերեւս լռելն ավելի նպատակահարմար է։ Ինչպես ասում էր «Կտոր մը երկինք» ֆիլմի հոգեւորականը՝ «Համայնքը չի ընդունիր, համայնքը զորավոր է»։ Իսկ համայնքն այսօր չի ընդունում, որ ճգնաժամը ետեւում է։ Ընդ որում, այդ «համայնք» ասվածը Հայաստանում շատ լայն է, որի մեջ մտնում են թե՛ նախկին ու ներկա ընդդիմադիր, այլեւ՝ իշխանական ուժեր։ Օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Լինելով տնտեսագետ՝ շատ լավ գիտի տնտեսության թերություններն ու խոցելի կետերը, կառավարության սխալները։ Բայց ի տարբերություն Ն. Երիցյանի, նա շատ լուրջ է վերաբերվում չհասկացված լինելու վտանգին։ Իր համախոհների՛ կողմից չհասկացված լինելու մասին է խոսքը։ «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակ. Զարգացումներ եւ հեռանկար» թեմայով երեկ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նա հենց սկզբից հիշեցրեց, որ լինելով կոալիցիայի մեջ՝ չի կարող ասել այն ամենը, ինչ ուզում է։ Չնայած «զգուշության ռեժիմում» (իր իսկ խոսքերով) արված հայտարարությունները հակասում էին կառավարության հայտարարություններին։ Կառավարությունը պարծենում է ֆինանսական ոլորտի կայունությամբ, իսկ Վ. Բոստանջյանի համոզմամբ՝ ֆինանսական համակարգ, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի։ Այն ներկայացնում է միայն բանկային համակարգը, որը համեմատաբար զարգացած է, բայց տնտեսության մեջ իր հիմնական ֆունկցիան չի կատարում։ Վ. Բոստանջյանը նկատել է, որ այստեղ «զարգացում» ասվածը կարելի է հիմնականում կապել բանկերի մասնաճյուղերի «սիրուն մեբելների հետ»։ Ավելին, քանի որ ֆինանսական համակարգ չունենք, նշանակում է՝ գլոբալ ֆինանսական համակարգում ի սկզբանե ներառված չենք եղել։ Այսինքն՝ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, որով իշխանությունները բացատրում են մեր տնտեսության երկնիշ անկումը, ՀՀ տնտեսության հետ կապ չունի։ Ճգնաժամը պարզապես համընկավ մեր ներկայիս անմխիթար վիճակի հետ, որի գլխավոր պատճառը, ըստ Վ. Բոստանջյանի, կառավարման ցածր որակն է։ Ի դեպ, նրան լսելով՝ ափսոսում ես, որ կոալիցիայի մեջ է, քանի որ զգացվում է՝ ասելու շատ բան ունի։ Չնայած՝ Վ. Բոստանջյանը մի հետաքրքիր ձեւ է գտել իր մոտեցումն արտահայտելու համար։ Օրինակ՝ երբ լրագրողները հարցրեցին՝ իսկ կառավարությունն իրո՞ք ուզում է փոփոխություններ մտցնել, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցին ավելի լավ կպատասխանի Արծվիկ Մինասյանը»։

Կլոր սեղանի մյուս մասնակիցը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, կաշկանդվելու պատճառ չուներ եւ հաճույքով վերցրեց էստաֆետը՝ բուռն քննադատության ենթարկելով կառավարությանը։ Նրա խոսքերով, մեր տնտեսությունը պարզապես չէր կարող դիմագրավել ճգնաժամին, քանի որ հիմնված է դրսից եկող տրանսֆերտների եւ հանքահումքային արտադրանքի արտահանման վրա։ Ընդ որում, այս հարցում նա հավասարապես մեղավոր է համարում նաեւ միջազգային կառույցներին՝ Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին եւ այլոց, քանի որ ներկայիս եւ նախորդ կառավարությունները միշտ գործել են նրանց ցուցումներով, խորհուրդներով եւ միշտ արժանացել են նրանց գովեստներին։ Իսկ այժմ, երբ նրանց հարցնում են՝ ինչպե՞ս ստացվեց, որ ձեր զգոն հայացքի տակ իրականացվող քաղաքականության արդյունքում Հայաստանն արձանագրեց տարածաշրջանում ամենամեծ անկումը, պատասխանում են. «Եթե մեր ցուցումներով չգործեին, վիճակն ավելի վատ կլիներ»։ Իրականությունը, սակայն, Ա. Մինասյանի համոզմամբ, այն է, որ այդ կառույցները պարզապես այլ պատկերացումներ ունեն մեր մասին եւ մեզ չեն դիտարկում որպես արդյունաբերական, զարգացած գյուղատնտեսություն եւ գիտելիքահենք տնտեսություն ունեցող երկիր։ Ա. Մինասյանի խոսքերով՝ նրանց կուրորեն հավատալով եւ նրանց խորհուրդներով առաջնորդվելով՝ Հայաստանը վերածվում է պարզապես ծառայություններ մատուցող երկրի։ Դաշնակցական պատգամավորը գլխավոր խնդիր է համարում նաեւ մեր ոչ մրցակցային տնտեսությունը։ Իսկ իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է նախեւառաջ տնտեսության արատները տեսնել, հետո՝ կամք ցուցաբերել եւ դրանք լուծել։ «Մենաշնորհների դեմ պայքարը չպետք է միայն խոսքով լինի»,- ասում է նա։ Ա. Մինասյանը կարծում է, որ Հայաստանը պետք է որդեգրի սոցիալիստական մոտեցումներ, քանի որ ազատական տնտեսության գաղափարը մեզանում լրիվ խեղաթյուրվել է, իսկ տնտեսական մենաշնորհը սերտաճել է քաղաքական մենաշնորհի հետ. «Այսօր մենաշնորհը կարող է ցրել միայն ուժեղ սոցիալիստական համակարգը»։

Այս մոտեցմանը կողմ էր նաեւ կլոր սեղանին մասնակցող, նորընծա սոցիալիստ, ՍԴՀԿ ղեկավար Վահան Շիրխանյանը։ «Հայաստանը անկախ չէ եւ լիբերալ համակարգ չունի»,- համոզված է նա։ Թե ինչ անուն տալ այս համակարգին՝ Վ. Շիրխանյանը դժվարանում է ասել։ Սակայն մի բան նրա համար ակնհայտ է՝ դրսի ուժերը փորձել են այստեղ ներդնել կառավարելի, վերահսկելի իշխանություն, եւ հասել են իրենց նպատակին։ Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, ապա պրն Շիրխանյանի համար ամեն ինչ պարզ է՝ պատճառներից սկսած. «Մենք քոսոտ ենք, քոսոտ էինք դեռ 19 տարի առաջ։ Հետո աշխարհը քոսոտվեց (նկատի ունի ճգնաժամը.- Բ.Թ.)։ Էլ ո՞նց պիտի դա մեզ կպներ, եթե մենք արդեն քոսոտ էինք»։ Վ. Շիրխանյանը նաեւ համոզված է, որ մեզանում իշխանությունը իշխանության համար է, ոչ թե ժողովրդի, եւ իրավիճակը բարելավելու համար համակարգային խորը փոփոխություններ են պետք (չնայած նրա մասնակցությամբ կատարվում են առայժմ բոլորովին այլ կարգի փոփոխություններ)։

Նշենք նաեւ, որ Վարդան Բոստանջյանը երեկ խորհուրդ էր տալիս աբստրահվել «սուտի-մուտի բառերից» եւ պարզապես հարցնել՝ ժողովուրդը գո՞հ է, թե՞ ոչ։ Բայց ցավալին այն է, որ, ասենք, Վ. Շիրխանյանը համակարգային փոփոխությունների մասին խոսելով՝ առայժմ միայն ա՛յլ բնույթի փոփոխությունների է մասնակցում։ Ա. Մինասյանը արդարացիորեն նշելով մենաշնորհների խնդիրը, մոռանում է, որ 2005թ. իր կուսակից Արմեն Ռուստամյանն ակտիվորեն քարոզում էր ԱՅՈ ասել սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, որ «ազատ մրցակցությունն այնքան էլ լավ բան չէ», եւ համոզելով, որ Սահմանադրության՝ մենաշնորհներն արգելող կետը հանելը ճիշտ է (տես՝ http://168.am/am/articles/2885)։ Ինչ վերաբերում է Վ. Բոստանջյանին, ապա նա երբեք չի բարձրաձայնի՝ կոնկրետ ինչից կամ կոնկրետ ումից է դժգոհ ժողովուրդը։ «Զգուշության ռեժիմն» ու «համակարգային փոփոխություններ» ասվածը չի կարելի համատեղել՝ թեկուզ տարեկան 1000 կլոր սեղան անցկացվի։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսության քոսի դեմ պայքարն առայժմ դրսեւորվում է միայն… քորելով։