«Կարկատանային» քաղաքականություն

20/03/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջին մի քանի օրերի ընթացքում հայկական շուկաներում պարենային ու տնտեսական ապրանքատեսակների անհավանական գնաճը խուճապ չառաջացրեց հայաստանցի սպառողների շրջանում, քանի որ, ինչպես իրենք են ասում` «էս դեպքում ասողներն իրենք չեն»:

Ավելին` նրանք այնքան են համակերպվել այդ իրավիճակին, որ, կարելի է ասել, գրեթե անտարբեր են դարձել սննդամթերքի գների բարձրացման նկատմամբ` շատ անգամ նույնիսկ չնկատելով, որ, օրինակ, 1կգ կարագը թանկացել է շուրջ 200-250 դրամով, իսկ տուփով կարագը` 80-100 դրամով, յուղն ու ձեթը` 100-150 դրամով, շաքարավազը` 50 դրամով: «Մենք ի՞նչ իմանանք` ինչի՞ է կատարվում: Հարցրեք ներկրողներին»,- ասում են խանութների վաճառողները: Իսկ սուպերմարկետներում պարզապես խորհուրդ էին տալիս իրենց կենտրոնական «օֆիս» դիմել: Չնայած շարունակվող գնաճին, Հայաստանի «Սպառողների ասոցիացիան» հայաստանյան սպառողներից դիմում-բողոքներ չի ստացել: «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը ես անվանում եմ կարկատանային քաղաքականություն, որովհետեւ եթե մենք, ելնելով մեր առաքելությունից, պայքարում ենք հերթական գների բարձրացման դեմ եւ մեզ հաջողվում է տնտեսել կամ խնայել եւս 4 կամ 8 դրամ, բայց, ցավոք, մեզ մոտ դեռեւս կա ապրիլի 1, որը մեզ մոտ ընդունված է որպես գազի ու ջրի գների թանկացման օր: Ստացվում է հողմաղացի դեմ պայքար: Դժգոհություններն ու բողոքներն ո՞ւմ ենք ուղղում»,- նկատում է Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, որ տարիներ առաջ էլ, երբ կրկին տեղի ունեցավ մթերային ապրանքների գների բարձրացում, իրենց չհաջողվեց հասարակությանը համախմբել ու զանգվածայնություն հաղորդել: «Չեմ ուզում օգտագործել քանակ բառը, բայց նման միջոցառումները պետք է նախեւառաջ քանակ ունենան: Այս պահին չեմ ուզում խորամուխ լինել պատճառների մեջ: Բոլորս մեր խոհանոցներում տրտնջում ենք, իսկ երբ գալիս է պահը՝ այդ տրտունջն արտահայտելու ցույցի ձեւով, սկսում ենք փնտրել տարբեր պատճառներ` հիմնավորելու, որ նման քայլի դիմելն անիմաստ ու անօգուտ է»,- նշում է Ա. Պողոսյանը` ընդգծելով, որ Հայաստանում գոյություն ունեցող 74 կուսակցություններից որեւէ մեկը սոցիալական հիմնախնդիրներին առաջնություն չի տալիս: «Բոլորն ասում են թվարկելու կարգով, որ, այո՛, կան սոցիալական խնդիրներ, բայց, դժբախտաբար, քաղաքական հետաքրքրության շրջանակի մեջ չեն ներառվում: Ես չեմ պատկերացնում, թե ինչի՞ համար են մեզ պետք օրենքի նախագծերը, որոնցից շատերը կարդալիս` թվում է, թե մարդ ապրում է ինչ-որ ֆանտաստիկ երկրում: Ունենք օրենք մանկապատանեկան սպորտի մասին, որը «բարեհաջող» կործանել ենք: Այս պարագայում չեմ կարող հասկանալ, թե մեզ ինչո՞ւ է պետք սպորտի մասին երկրորդ օրենքը, երբ սպորտ չունենք»,- իր զարմանքն է հայտնում Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահը, ով, այնուամենայնիվ, մինչ օրս գների բարձրացման հետ կապված բողոք-դժգոհություններ չի ստացել: «Ես նորություն չեմ ասում: Բնության մեջ «քաղաքական խնդիր» հասկացություն գոյություն չունի: Ցանկացած խնդիր կարող է դառնալ քաղաքական, եթե այն արդեն հասունացել է եւ կարող է իշխանության քննարկման խնդիր դառնալ: Միգուցե վաղը կոշիկ կարելու խնդիրը դառնա քաղաքական: Իհարկե, սա գուցե շատ աբսուրդ է հնչում, բայց, օրինակ, Հունաստանում թոշակների խնդիրը կարող է դառնալ քաղաքական խնդիր»,- ասում է Ա. Պողոսյանը` ավելացնելով, թե Հայաստանում քաղաքական խնդիր է համարվում միայն իշխանության մեջ հարմարավետ տեղավորվելը: Ըստ նրա` մեզ մոտ բացակայում է արժեքների իրական գնահատումը: «Հասարակությունն ինքնակազմակերպվում է 2 ձեւով` կա՛մ կուսակցությունների, կա՛մ հասարակական կազմակերպությունների: Առաջինի մասին ես նախընտրում եմ չխոսել: Հասարակական ակտիվության նպատակը արժանապատվության աստիճանի բարձրացումն է եւ վճռականության դրսեւորումը: Վճռականություն` չի նշանակում՝ կրակել: Այսօր մեր սրբազան իրավունքն է ցույցի, երթի կազմակերպումը, անգամ` պարտականությունը: Սոցիալական խնդիրներն օրեցօր աճում են, եւ անտարբեր մնալ այս ամենի նկատմամբ չի կարելի: Դա, ներեցեք, խոտի հատկություն է: Զավեշտն այնտեղ է հասել, որ մենք գների բարձրացման մասին բողոք չենք ստացել»,- ավելացնում է Ա. Պողոսյանը, ում ղեկավարած ասոցիացիան սպառողներից հիմնականում ստանում է դժգոհություններ ապրանքի պիտանելիության, սննդամթերքի ժամկետանց լինելու եւ հաշվիչ սարքերի անսարքության մասին: «Միայն թե բոլորը պիտի հասկանան, որ տրտնջալով հարց չենք լուծում: Եթե մենք այսօր տրտնջում ենք վերեւից, այսինքն` իշխանությունից, ապա պետք է գիտակցենք, որ իշխանությունը մեր հայելին է, այսպես ասած` մեկս մյուսին արժանի ենք: Բայց, երբ մարդ հասկանում է, որ ինքն այդ տեսակից չէ, սկսում է ընդդիմանալ ու ընդվզել: Պետք է շատացնել այն մարդկանց թիվը, ովքեր թեկուզ կենցաղային հարցերով դիմում են մեզ եւ հետեւողականորեն փորձում լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները: Սա, իսկապես, արժեք է»,- եզրափակում է Ա. Պողոսյանը: