Դոլարի փոխարժեքը կհասնի 450 դրամի

20/03/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Բնակչությանն այս օրերին հետաքրքրող ամենակարեւոր խնդիրներից մեկը դրամի արժեզրկումն է: Ոչ թե այն պատճառով, որ բոլորը հստակ գիտակցում են, թե ինչ խայտառակություն է տեղի ունենում Հայաստանի արտարժույթի շուկայում, այլ՝ որովհետեւ դրամի արժեզրկումն ուղղակիորեն կապվում է գնաճի հետ:

Նախորդ տարիների դառը փորձից դատելով, հիմա արդեն բոլորը գիտեն, որ հենց դրամը սկսում է արժեզրկվել, ուրեմն հացը, կարագը, ձեթը, բենզինը, շաքարավազն ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ թանկանում են: Իսկ թե իրականում ինչ է տեղի ունենում` պարզ է: Հանրապետության ներսում ստեղծված տարադրամի դեֆիցիտն այնքան ակնհայտ է, որ անգամ սեփական պահուստների հաշվին ամեն օր շուկայում կատարված հսկայական ինտերվենցիաների միջոցով վիճակը չի կարողանում շտկել նույնիսկ Կենտրոնական բանկը: Իսկ երկրի ներսում առաջացած դոլարի եւ եվրոյի պակասի պատճառը նախ՝ տրանսֆերտների, ապա նաեւ՝ Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ անկումն է: Այս երկու գործոնների հետեւանքով առաջացավ արտարժույթի դեֆիցիտ, ինչն էլ հանգեցրեց դրամի արժեզրկման: Հնչում են նաեւ տեսակետներ, ըստ որոնց, ստեղծված վիճակը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմքեր ունի: Նկատի ունենալով ներքաղաքական լարվածությունը ու նաեւ այն մտավախությունը, որ չի բացառվում նախորդ տարվա մարտի 3-ի կրկնությունը (խոսքն ընդամենը 1 օրվա մեջ դրամի փոխարժեքի ավելի քան 15 տոկոս արժեզրկման մասին է), խոշոր գործարարները ապահովագրել են իրենց դրամական միջոցները: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք հսկայական քանակի արտարժույթ են գնել եւ դուրս բերել երկրից:

Ստեղծվել է մի վիճակ, որ որքան էլ Կենտրոնական բանկը ցանկանա, արդեն չի կարող շտկել այն: Մի քանի միլիոն դոլար շուկա նետելով` հնարավոր չէ դրամի փոխարժեքը պահել, հակառակը, այն ավելի կբարդացնի վիճակը, քանի որ հիմնականում արտաքին միջոցների հաշվին ձեւավորված այդ պահուստներն անսպառ չեն:

Կենտրոնական բանկի արժութային քաղաքականության, դրամի արժեզրկման ու տնտեսական հնարավոր զարգացումների մասին զրուցեցինք տնտեսագետ, «Կոնվերս բանկի» նախկին նախագահ Սմբատ Նասիբյանի հետ: «Շատ դժվար է այսօր փոխարժեքի հետ կապված որեւէ կանխատեսում անել, բայց կարող եմ ասել, թե տենդենցներն ինչպիսին կարող են լինել: Մեր երկրում արտահանման եւ ներկրման միջեւ առաջացած ճեղքվածքը հիմնականում փակվում է տարադրամային մուտքերի հաշվին, որը կրճատվել է` առաջացնելով արտարժութային միջոցների դեֆիցիտ: Այս միտումը շարունակվելու է: Ես կարծում էի, որ դոլարի կուրսը դրամի նկատմամբ պետք է բարձրանար դեռ փետրվար ամսից, բայց հետաքրքիր գործոնների ազդեցությամբ դա զսպվեց: Գործոններ ասելով` նկատի ունեմ դրամական զանգվածի եւ սպառման ծավալների կտրուկ նվազումը»,- ասում է Նասիբյանը: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ կրկնվի այն, ինչ արժութային շուկայում տեղի ունեցավ նախորդ տարվա մարտի 3-ին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, պարոն Նասիբյանը պատասխանեց. «Նախորդ տարի մարտի 3-ին ԿԲ-ն հայտարարեց, որ անցնում է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, բայց, հետաքրքիրն այն է, որ մինչ այդ որեւէ անգամ չէր հայտարարվել, թե ԿԲ-ն այլ քաղաքականություն է վարում: Այդ դեպքից հետո ինտերնետում հայտնվեց Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված մի տեղեկատվություն, որ, ի թիվս Տաջիկստանի, Կոնգոյի, Քենիայի, Բուրկինա Ֆասոյի եւ մի քանի այլ պետությունների, Հայաստանը հայտնվել է 25 աղքատագույն երկրների շարքում: Հրապարակման մեջ նշվում էր նաեւ, որ մեր երկիրը կանգնած է հումանիտար կատաստրոֆայի եզրին եւ ֆինանսական աջակցության կարիք ունի: Հենց այդ ժամանակ էլ մեզ տրամադրվեց 500 միլիոն դոլարի չափով վարկը: Սա, իհարկե, մեզ մոտ չհրապարակվեց: Ցավում եմ, որ նման բան կարող է եւ այսօր կրկնվի, իսկ դա լրիվ ռեալության շրջանակում է: Ինչ վերաբերում է ԿԲ-ի ներկայիս դրամավարկային քաղաքականությանը, ապա, կարծում եմ, որ եթե շուկայում սպեկուլյատիվ շատ մեծ ալիք է բարձրանում, ապա այն հաղթահարելու համար կարելի է միջամտել` մեծ տատանումներ թույլ չտալու համար, բայց հոսանքին հակառակ քայլեր անելը զուտ ռեսուրսների վատնում է: Այս փուլում շատ դժվար է ասել՝ արդյո՞ք ԿԲ-ի կողմից կատարվող ինտերվենցիաների միջոցով փորձ է արվում մեծ ալիքների հղկման քաղաքականություն վարել: Ամեն դեպքում մի բան պարզ է. դրամի փոխարժեքը անկում է ապրում, որովհետեւ մեր դրամական մուտքերը արտարժույթով նվազել են. եւ ինչքան էլ մենք այսօր ռեսուրս ունենանք, միեւնույն է` իրականությանը չենք կարող հակառակ գնալ»:

Պարոն Նասիբյանի կարծիքով, որքան էլ կառավարությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ջանք ու եռանդ ներդնի` նրանից շատ քիչ բան է կախված: «Հայաստանում նույնիսկ ամենահանճարեղ կառավարության քայլերից ընդամենը 10-20 տոկոս բան է կախված: Մնացած 80 տոկոսը կախված է արտաքին գործոններից: Մենք ինքնուրույն չենք եւ շատ ենք կախված արտաքին գործոններից: Չնայած կան մի քանի քայլեր, որ կառավարությունը կարող էր իրականացնել: Oրինակ, մեզ մոտ հարկային ճնշումը բավականին մեծ է, ճգնաժամի պարագայում այլ երկրներ գնում են հարկային բեռի նվազեցման, մեզ մոտ տեղի ունեցավ հակառակը: Մի կողմից էլ` պետք է շատ հարկ հավաքել, քանի որ մենք բյուջեն լցնելու խնդիր ունենք, այսինքն՝ տնտեսության մեջ փակ շղթա է առաջացել: Բացի այդ, ճգնաժամի պարագայում նման ռեֆորմներ չեն արվում: Այն պետք էր անել 2005-2007 թվականներին, երբ դրսից շատ մեծ գումարներ էին գալիս, Հայաստանում մեծ ակտիվություն էր առաջացել, դրամն էլ արժեւորվում էր: Այդ ժամանակ նույնիսկ կարելի էր որոշակի պահուստներ ստեղծել: Եթե փոթորկի ժամանակ նավի վրա անցքեր են բացվում, պետք է այդ անցքերը փակել, ոչ թե դա թողած` առագաստների վիճակը բարելավել»: Տնտեսագետի կարծիքով, մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները հանգեցնում են նրան, որ դրամի արժեզրկումը շարունակվելու է: «Ճիշտ է, սպառման ծավալները կտրուկ նվազել են, մարդիկ քիչ են սպառում հագուստ, թանկարժեք սննդամթերք, մեքենաներ եւ այլն, բայց, ինչքան էլ առեւտուրը պակասի, միեւնույն է` բնակչությունը գոնե նվազագույն գնումներ պետք է իրականացնի: Սակայն, անգամ դրա համար մեր գումարները չեն բավարարելու: Այս տարի դժվար է լինելու: Հունվարին արձանագրված 2-3 տոկոս աճը մեր ունեցած տնտեսական անկման համեմատությամբ` առարկայական չէ: Մոտակա 3 տարում շատ փոքր աճի տեմպեր կլինեն` 5 տոկոսի սահմանում: Կարծում եմ՝ տարվա կեսերին դրամի փոխարժեքը կտատանվի նվազագույնը 450-ի սահմանում»: