Աղանդավորական բազում հոսանքների գոհունակ հայացքների ներքո Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներին դժվար է հորդորել, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելը` հաշվի չառնելով հավատացյալ հոտի կարծիքը, այնքան էլ ճիշտ չէ: Գուցե տեղին չէ ցույց տալ, թե հեռուստատեսությամբ լսել եմ մեր հոգեւոր հովիվներից մեկի միտքը, թե պսակադրության արարողությունների ժամանակ մեծ հերթեր են գոյանում եկեղեցիներում, հետեւաբար Երեւանի կենտրոնում նոր եկեղեցու ներկայությունը հույժ անհրաժեշտ է: Այսինքն` եկեղեցին շահույթ հետապնդող սպասարկման կետ դիտարկելն այս դեպքում ուղղակի հարված է հենց մեր եկեղեցու հեղինակությանը, ինչն իր հերթին ակտիվացում է խոստանում աղանդավորական կազմակերպություններին: Եկեղեցիների շինարարությանը դեմ մարդ, եթե նա Հայ Առաքելական եկեղեցու անդամ է, դժվար թե գտնվի: Պարզապես, եթե եկեղեցիները ճիշտ բաշխվեն, կշահեն թե՛ հավատացյալները, թե՛ եկեղեցին. մայրաքաղաքի որոշ համայնքներում` Էրեբունի, Ավան, եկեղեցիներ կամ չկան, կամ մեկ-երկուսն են: Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հենրիկ Էդոյանը եւ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանը Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներ են եւ երկու ձեռքով կողմ են, որ թե՛ մայրաքաղաքում, թե՛ Հայաստանի մյուս վայրերում եկեղեցիները նորոգվեն եւ կառուցվեն: Բայցգ
Հ.Է. – Մեր մշակույթը, պատմությունը խարսխված է քրիստոնեական գաղափարի վրա: Քրիստոնեության դերի մասին խոսել` նշանակում է ընդհանրապես խոսել կյանքի դերի, իմաստի մասին. անիմաստ, աննպատակ կյանք չի կարելի ապրել:
Հ.Գ. – Բայց խնդիրն այն է, որ ամեն ինչում մենք մոտավորապես ենք եղել: Երբեք ավարտուն քրիստոնյա չենք եղել, ավարտուն հեթանոս չենք եղել եւ նույնիսկ ավարտուն կոմունիստ չենք եղել: Մեր կիսատության բարդույթն է ցանկացած ասպարեզում մեր տունը քանդում:
Լ.Ա. – Կարելի՞ է ասել, որ այդ կիսատությանը վերջ դնելու նպատակ է հետապնդում «Մոսկվա» կ/թ-ի ամառային դահլիճի քանդումն ու Պողոս-Պետրոս եկեղեցու վերաշինարարությունը:
Հ.Է. – Այդպես չեմ կարծում: Եկեղեցիների թիվը քրիստոնեական կյանքի ամրության մասին չի խոսում: Քրիստոնեական ոգին մարդու ներքին աշխարհի հետ կապված բան է: Քաղաքում շենքը քանդելով եւ եկեղեցի սարքելով` ինչ-որ բան դժվար վերականգնվի: Նույնիսկ վախենում եմ՝ հակառակը լինի: Այն, ինչ ունի այսօր ժողովուրդը, չի կարելի վերցնել: Երբ լսեցի, որ ամառային դահլիճն ուզում են քանդել, ցնցվեցի: Դա մեր կյանքի մեջ մտած գողտրիկ մի անկյուն է: Մեր երիտասարդությունն այնտեղ է անցել: Այդ դահլիճն ինձ շատ է դուր գալիս` մեր սիրելի ընկերոջ` Սպարտակ Կնդեղցյանից մնացած միակ կառույցն է` իբրեւ հիշատակ: Ճարտարապետական գտնված, կասեի` անթերի կառույց:
Հ.Գ. – Լիովին համաձայն եմ: Ամառային այդ դահլիճը միայն նոստալգիա չէ: Դա ճարտարապետական գյուտ է. փոքրիկ տարածքի վրա՝ շատ ինֆորմացիա (ինչպես գրականության մեջ են ասում): Այո, Սպարտակից այդ մի հիշատակն է մնացել, եւ քանդել դա, կնշանակի՝ քաղաքից ջնջել ոչ միայն շինություն, այլեւ մի հրաշալի ճարտարապետի կենսագրություն: Եկեղեցի պետք է կառուցել, բայց ազատ տարածքներ շատ ունենք:
Լ.Ա. – Եկեղեցու հայրերից մեկը նկատեց, որ այդ տարածքն, ի վերջո, եկեղեցուն է պատկանել, եւ արդարությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ եկեղեցու սեփականությունը վերադարձվի եկեղեցուն:
Հ.Է. – Անպատճառ. եկեղեցին պետք է պայքարի արդարության համար, եկեղեցին հենց դրա համար էլ ստեղծված է: Բայց ինձ անհասկանալի է, երբ եկեղեցին խոսում է սեփականատիրությունից: Իմ կենսագրության օրոք քաղաքում այնքան բան է փոխվել, ընդ որում` անճանաչելիորեն: Եթե բոլոր սեփականատերերը գան եւ պահանջեն իրենց սեփականության իրավունքը, քաղաքը դարձյալ պետք է հիմնովին քանդենք եւ վերակառուցենք: Եկեղեցու սեփականությունը մարդն է, հոտը: Եկեղեցին մե՛զ հետ պետք է աշխատի նախեւառաջ: Այո, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելը մեծ ոճրագործություն էր, եւ որեւէ եկեղեցի քանդելն է ոճրագործություն: Ցավոք, եղել է: Բայց հիմա վերականգնելու համար քանդենք մեկ ա՞յլ կառույց:
Լ.Ա. – Բայց մենք արդեն նախադեպ ունենք. քանդվեց Լեզվի ինստիտուտի շենքը:
Հ.Է. – Չպետք է քանդվեր, բայց, լա՛վ, այնուամենայնիվ, քանդվել է: Թող այդ տեղն օգտագործվի` վեհարան, եկեղեցի կառուցելու համար: Դրա դիմաց եւս մեկ եկեղեցի կառուցել, չեմ հասկանում: Դրա գինը մեծ է: Ինչո՞ւ պետք է ժողովրդին նեղացնենք: Եկեղեցին պետք է մտածի, որ նախեւառաջ, ժողովրդին չպետք է նեղացնի: Ժողովրդի մեծ մասը չի ուզում:
Լ.Ա. – Ձայն բազմաց` ձայն Աստծո:
Հ.Գ. – Այո՛, եւ եկեղեցին քիչ պետք է խոսի սեփականատիրության մասին: Իհարկե, այդ տարածքն իրենն է եղել, բայց այս դեպքում ինքը պետք է հաշվի առնի իր հոտի կամքը եւ չաշխատի դրան հակառակ գնալ: Դա հակառակ հետեւանքի կհասցնի:
Լ.Ա. – Եկեղեցու ներկայացուցիչներից մեկն ասուլիսի ժամանակ ասաց, եւ ոչ հանիրավի, որ մեր մտավորականները, ճարտարապետները լռում էին այն ժամանակ, երբ մայրաքաղաքում Հյուսիսային պողոտան էր կառուցվում` ի հաշիվ քանդվող հին շինությունների: Հիմա, երբ խոսքը եկեղեցաշինության մասին է, աղմուկ են բարձրացրել: Նա նաեւ նկատեց, որ եթե ամառային դահլիճի փոխարեն զվարճանքի վայր կառուցվեր, աղմուկն այսքան մեծ չէր լինի:
Հ.Գ. – Ես Հյուսիսային պողոտան հավանում եմ: Դա մեր քաղաքի քիչ թե շատ ավարտուն տեսք ունեցող փողոցներից մեկն է: Երբ հին շենքեր էին քանդվում, ինչո՞ւ պետք է պայքարեինք դրա դեմ: Մեր պայքարը նրա դեմ չէ, երբ քանդվում է հինը եւ ստեղծվում նորը: Անդրադառնանք սեփականատիրությանը. խոսել այդ մասին` նշանակում է՝ հեռու լինել իրականությունից: Մտեք ցանկացած եկեղեցու նկուղ, հեթանոսական տաճար կտեսնեք: Այսինքն` եկեղեցին ինքը կառուցվել է հեթանոսական տաճար քանդելով: Հիմա Էջմիածնի տակ մեհյաններ կտեսնեք, որոնք դեռ պահպանվել են:
Հ.Է. – Պողոս-Պետրոս եկեղեցու հիմքերն էլ 5-րդ դարի եկեղեցու ավերակներ են:
Հ.Գ. – Փոխանակ ասելու` մի քիչ այնկողմ կառուցենք եկեղեցին, պիտի անպայման ամառային դահլիճի տեղո՞ւմ կառուցեին: Քրիստոնեություն տարածողներին ես հասկանում եմ, երբ ստիպված էին քանդել հեթանոսական տաճարներն ու դրանց տեղում եկեղեցիներ կառուցել. ժողովուրդը սովոր էր գալու այդ տաճարները, եւ քրիստոնեական եկեղեցիները պետք է կառուցվեին նույն տեղում, որպեսզի մարդկանց բերեին նոր հավատի: Այդպես էլ շատ հեթանոսական տոներ քրիստոնեացվեցին` Վարդավառ, Տեառն ընդ առաջ եւ այլն: Եկան կոմունիստները եւ հենց եկեղեցու տարածքներում սկսեցին նոր շինություններ կառուցել: Եվ քանդեցին նաեւ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին:
Հ.Է. – Չարենցի անվան դպրոցի տեղում եկեղեցի էր: Հիմա ի՞նչ` դպրոցը եւ՞ս քանդենք:
Հ.Գ. – Մյասնիկյանի արձանի տեղում էլ եկեղեցի կար: Զարմանալի է. մենք այսօր շատ համայնքներ ունենք, ուր եկեղեցիներ չկան: Ինչո՞ւ այդ տեղերում չկառուցել եկեղեցի: Ավանում, օրինակ, մասնավոր մի մարդ մի փոքրիկ եկեղեցի է կառուցել: Իմաստ չունի կողք կողքի դնել եկեղեցիներն ու այսինչ համայնքից հարս ու փեսային հասցնել քաղաքի մյուս ծայրը:
Հ.Է. – Երեւանում լրացուցիչ եկեղեցիներ պետք են: Միլիոնանոց քաղաք է, եւ եկեղեցիների թիվը քիչ է: Շաբաթ-կիրակի օրերին, հատկապես, եկեղեցի ես մտնում, չես կարողանում ազատ տեղ գտնել: Բայց այդ եկեղեցիները պետք է կառուցվեն ժամանակակից ոճով, ոչ թե կրկնօրինակեն անցյալի եկեղեցիների նախագիծը: 21-րդ դարի եկեղեցին պետք է ճարտարապետական ժամանակակից լուծում ունենա: Եկեղեցու ներսում չպետք է մութ լինի, մարդը եկեղեցում պետք է հանգստանա, ոչ թե շարունակենք 5-րդ դարի ավանդույթները` ներսում մութ լինի, կանգնենք ոտքի վրա 3 ժամ:
Լ.Ա. – Վիճելի է: Օրինակ` գիտեմ շատերին, ովքեր մեծ, լուսավոր եկեղեցիներում, որպիսին է, դիցուք, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, իրենց հանգիստ չեն զգում: Նրանց ավելի հոգեհարազատ է եկեղեցու ոչ այնքան լուսավոր, ոչ այնքան ընդարձակ սրահը, ուր պատարագ լսելու համար պատրաստ ես քեզ նեղություն տալ` ոտքի վրա երկար կանգնած մնալով:
Հ.Գ. – Ես էլ եմ կարծում, որ եկեղեցին պետք է ժամանակի պրոդուկտ լինի, Հենրիկը շատ ճիշտ նկատեց: Եկեղեցին անպայման պետք է արտահայտի իր ժամանակը: Չպետք է կեղծել: Այսինքն` մենք ստեղծում ենք 5-րդ դարի նմանության եկեղեցի, բայց գաջը, ցեմենտն անմիջապես մատնում են, որ դրսում 21-րդ դարն է:
Հ.Է. – Քաղաքի կենտրոնում պետք է մի նոր եկեղեցի, բայց ոչ այդ նեղ տարածության վրա` սեղմված բոլոր կողմերից: Մի կողմից` կինոթատրոն, մյուս կողմից` բանկգ
Հ.Գ. – Երկու մեղավոր կազմակերպությունների արանքում:
Հ.Է. – Այո, այդտեղ ցանկացած տեսակետից եկեղեցին հարմար չէ:
Լ.Ա. – Ճարտարապետները, մտավորականների մյուս շերտերը դժգոհ են: Եթե բոլորի ձայնն Աստծուն չհասնի, ի՞նչ ավելի կոնկրետ քայլեր եք պատրաստ ձեռնարկել:
Հ.Է. – Ես գիտեմ, որ մեր ձայնն Աստծուն կհասնի, Աստված մեզ կլսի, բայց նրանք, ովքեր որոշել են ամառային դահլիճը քանդել, չեն լսի: Եվ հիշենք` կարեւորը մարդու ներքին եկեղեցու կառուցումն է: Եթե չլինի այդ ներքին եկեղեցին, արտաքին ոչ մի եկեղեցի իր դերը չի կատարի: Հիմա քանդվում է ներքին եկեղեցին, կառուցվում է արտաքինը: Եկեղեցի պետք է կառուցեն այնպես, որ մարդիկ չնեղանան, այլ սիրով հետեւեն, օգնեն աշխատանքներին, հետո սիրով մտնեն եկեղեցի: Ոչ ոք եկեղեցուն չի ստիպել, որ այդ քայլին ստիպողաբար գնան, այսինքն` քանդեն ամառային դահլիճը: Նման կապրիզներ պետք չեն: