«Եթե Օսկանյանը մոռացել է սեփական կենսագրության մանրամասները, հիշեցնեմ, որ իր կողմից հիշատակված տխրահռչակ Լիսաբոնի սամիթի նախապատրաստմանը մասնակցել է հենց ինքը: Եթե որեւէ մեկին ինքը Լիսաբոնի համար մեղադրում է, ապա առաջին հերթին թող իրեն մեղադրի»,- անդրադառնալով մի շարք ԶԼՄ-ներին տված ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, երեկ արձագանքել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Խոսելով Վ. Օսկանյանի` իշխանափոխության մասին գնահատականներից, Է. Շարմազանովն ասել է, թե Հայաստանի իշխանությունները երբեք այսքան ամուր չեն եղել, որքան այսօր են: «Ես կխնդրեի, որ Օսկանյանը լարեր հիշողությունը եւ հիշեր, թե իր նախարար եղած տարիներին եղե՞լ են դեպքեր, երբ մեկ տարում միանգամից Հայաստան ժամանեին 8 պետության ղեկավարներ, 22 ԱԳ նախարարներ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Երբեւիցե եղե՞լ է դեպք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարի, որ ինքը չի կարող ազդել Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի ընդունման վրա»,- հայտարարել է Շարմազանովը: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նա ասել է, թե «ի տարբերություն Օսկանյանի, ով 2007թ. դեկտեմբերին հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Կարսի պայմանագիրը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Էդվարդ Նալբանդյանը նման բան չեն ասել: Ավելին, իր հայտնի ուղերձում նախագահ Ս. Սարգսյանն ասել է, որ երկու արձանագրությունները կապ չունեն Կարսի պայմանագրի հետ»: «Ամբողջացնելով` պետք է հիասթափեցնեմ պարոն Օսկանյանին եւ ասեմ, որ նախագահի գլխավորությամբ Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում միայն բարձրացել է»,- նշել է նա: