Ընթացիկ տարվա սկզբին Ղարաբաղում ընդունվեց «ԼՂՀ մարդու իրավունքների
պաշտպանի մասին» օրենքը, ըստ որի, երկու ամսվա ընթացքում պետք է նշանակվեր
օմբուդսմեն: Մինչեւ այսօր ԼՂՀ-ն չունի մարդու իրավունքների պաշտպան, թեեւ
նրա կարիքը, ըստ վերլուծաբանների, շատ է զգացվում:
Դեռեւս անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն
այս առնչությամբ նշել էր, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի կողմից օմբուդսմենի
ինստիտուտի իրական կոչման ընկալման տարբերությունը ցույց է տալիս, որ
ղարաբաղցիների մտահորիզոնը մի գլուխ բարձր է, քանի որ նրանք հիմնում են
մարդու իրավունքների ինստիտուտ՝ ոչ թե Եվրախորհրդի պահանջով, այլ ելնելով
ներքին պահանջից եւ հասարակական պատվերից:
Օրենքի հեղինակ, ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, մարդու իրավունքների
պաշտպանի ինստիտուտի առկայությունը կամ բացակայությունը բնութագրում է
տվյալ պետության ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական լինելը: Եվ
ինստիտուտի ստեղծումը մի փոքր կթեթեւացնի նաեւ իշխանությունների բեռը,
որովհետեւ եթե չկա մարդու իրավունքների պաշտպան, մարդիկ դիմում են պետական
իշխանության մարմիններին, իսկ վերջիններս չեն կարողանում լիարժեք
պաշտպանել նրանց իրավունքները:
Ղարաբաղում, ինչպես եւ հետխորհրդային բոլոր երկրներում, ժողովրդավարական
ռեֆորմների ճանապարհն անհարթ է: Այստեղ նույնպես առկա են մարդու
իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնց բացահայտման եւ մարդու
իրավունքների պաշտպանության նպատակով է ստեղծվել Արցախի մարդու
իրավունքների պաշտպանության ասոցիացիան, որը գործում է 2002թ. հունիսից:
Ասոցիացիայի նախագահ Գեորգի Սաֆարյանի խոսքերով, Ղարաբաղում մարդու
իրավունքները ոտնահարվում են տարբեր պետական մարմիններում, ընդհուպ`
մինչեւ իրավապահ: Քաղաքացիներն, իրենց հերթին, իրավունքների պաշտպանության
ակնկալիքով դիմում են ասոցիացիային, որտեղ էլ քննարկվում եւ
ուսումնասիրվում են բոլոր մանրամասնությունները, այնուհետեւ` ձեռնարկվում
լուրջ քայլեր: Գ. Սաֆարյանից տեղեկացանք, որ նման բողոքներով շաբաթական
դիմում է 2-3 քաղաքացի: «Բողոքները տարաբնույթ են լինում: Դրանք
հիմնականում վերաբերում են քաղաքացիական, քրեական, վարչական, աշխատանքի
իրավունքների խախտմանը, բնակարանային եւ այլ հարցերին»,- մեր զրույցի
ժամանակ նշեց ասոցիացիայի նախագահը:
Իսկ որքանո՞վ է հաջողվում Ղարաբաղում պաշտպանել մարդու իրավունքները, ի՞նչ
արդյունքների է հասել ասոցիացիան: Հարցերի առնչությամբ Գեորգի Սաֆարյանն
ասաց. «Մինչեւ այժմ ստացված բողոքների մեծամասնությանը տրվել է ճիշտ
լուծում, միայն քիչ դեպքեր են լինում, երբ ելնելով մի շարք պատճառներից`
չենք կարողանում զբաղվել մարդկանց իրավունքների խախտման
ուսումնասիրություններով: Խոսքս հիմնականում վերաբերում է ֆինանսական,
տեխնիկական միջոցների բացակայությանը, ինչի պատճառով էլ հաճախ չենք
կարողանում այցելել շրջաններ եւ կատարել համապատասխան
ուսումնասիրություններ: Իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ պետական
մարմինների աշխատողներն անտարբերությամբ են մոտենում բողոքներին եւ մեր
նամակներին, ինչը փոքր-ինչ հետաձգում է հարցի լուծումը: Իսկ ինչ
վերաբերում է մասնագետներին, կարող եմ ասել, որ բավարարված ենք.
ներկայումս ասոցիացիան ունի 8 անդամ, որոնցից 6-ն իրավաբաններ են»,-
փաստում է Գ. Սաֆարյանը:
Ասոցիացիան ներկայումս համագործակցում է Ստեփանակերտի Մամուլի ակումբի,
ԼՂՀ-ում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ:
Փախստականների եւ բռնի տեղահանվածների կազմակերպության հետ պատրաստվում են
իրականացնել որոշ ծրագրեր` կապված փախստականների իրավունքների
պաշտպանության եւ նրանց կորցրած փաստաթղթերի վերադարձման հետ:
Բնակիչների հետ մեր զրույցի ժամանակ պարզվեց, որ շատերը տեղյակ չեն, որ
Արցախում գործում է մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիա կամ
որեւէ կառույց, ուր կարելի է դիմել՝ իրավունքների պաշտպանության
ակնկալիքով: Ոմանք «հույսները դնում են» արհմիությունների վրա, մյուսներն
էլ իրենց իրավունքները պաշտպանելու համար ստիպված են լինում դիմել
դատարան: Բնակչության շրջանում տարածված է այն կարծիքը, որ ամենուրեք
խախտվում են սպառողների իրավունքները, առկա են քաղաքացիներին անօրեն
աշխատանքից ազատելու բազմաթիվ դեպքեր, եւ այլն: Ստեփանակերտի բնակչուհի
Կարինե Սարգսյանի կարծիքով, աշխատանքից անօրեն ազատելու դեպքերում շատերը
նախընտրում են հանգիստ հեռանալ, քան թե երկար պայքարից ու տհաճ
քննարկումներից հետո վերականգնվել աշխատանքի ու աշխատել նման ղեկավարի հետ:
Իսկ Ստեփանակերտի բնակչուհի Նունե Մելքումյանն իր իրավունքները
պաշտպանելու համար ստիպված է եղել դիմել դատարան, քանի որ մնացած
ատյաններում հարցին լուծում չէր տրվել, իսկ Մարդու իրավունքների
պաշտպանության ասոցիացիայի գոյությանը տեղյակ չէր, հակառակ դեպքում, իր
խոսքերով, կդիմեր նաեւ նրանց օգնությանը: Նունեն Ստեփանակերտի Պետական
դրամատիկական թատրոնի դերասանուհի է: «Մեկ տարի երեք ամիս աշխատելուց
հետո, ինչ-ինչ պատճառներով, սույն թվականի մարտ ամսին ինձ անօրեն ազատել
են աշխատանքից: Համապատասխան մարմիններում խնդիրը լուծում չի ստացել, եւ
ստիպված դիմել եմ դատարան: ԼՂՀ Առաջին ատյանի դատարանը հայցս չբավարարեց,
որից հետո բողոքարկեցի, եւ Գերագույն դատարանը որոշեց օգոստոսի 23-ից ինձ
վերականգնել աշխատանքի եւ թատրոնից հօգուտ ինձ բռնագանձել հինգ ամսվա
պարապուրդի վարձը:
Եթե մարդիկ համոզված լինեն, որ իրավունքների պաշտպանության համապատասխան
կառույցներում լուծվելու են իրենց խնդիրները, ստիպված չեն լինի դիմել
դատարան։ Դա այնքան էլ հաճելի չէ»,- հավելեց զրուցակիցս: