Կարող են վերադառնալ շուկա

20/03/2010

Արդեն այս տարի Ռուսաստան կարող են վերադառնալ վրացական գինիներն ու «Բորժոմ» հանքային ջրերը, որոնք շրջանառությունից հանվել էին դեռեւս 2006թ.` «Ռոսպոտրեբնադզորի» որոշմամբ: Ըստ «Կոմերսանտի»` ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Վլադիմիր Սալամատովի խոսքով, հուլիսի 1-ից հետո կփոխվի Ռուսաստանի տարածքում որոշ ապրանքների վրա դրված արգելքների ռեժիմը: Դրանից հետո «Ռոսպոտրեբնադզորն» այլեւս չի կարող վերահսկել իրավիճակը: Բացառություն է արվելու միայն այն ապրանքների համար, որոնց արգելքը բացատրվում է գիտական տեսանկյունից եւ վտանգ է ներկայացնում բնակչության համար: Ըստ թերթի` ԵՄ առանձին անդամը կարող է այս կամ այն ապրանքի միայն կարճաժամկետ արգելք մտցնել: Բայց նրա համար, որ արգելքը մշտապես գործի, պետք է Պարենային անվտանգության եվրոպական գործակալության հավանությունը կամ ԵՄ արգելքը բոլոր 27 երկրների համար: Ռուսաստանը կարող է արգելափակել վրացական գինիների ներմուծումը, որոնք ներմուծվելու են ծովային տրանսպորտով: Սակայն, եթե այն մաքսազերծվի Բելառուսում, դրա ներմուծմանը ոչինչ չի կարող խանգարել: Վրաստանում ռուսական շուկայի բացումը չեն մեկնաբանում, իսկ «Բորժոմի» ներմուծման հնարավորությունը դեռեւս չի քննարկվել: