Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում շատ կառույցներ ապամոնտաժվելու են: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Ըստ նրա` ՀՀ կառավարության որոշմամբ՝ բոլոր շինությունները պետք է կառուցվեին լճի ափամերձ հատվածից 1905մ վերեւ: Այդ սահմանից ցածր կառուցված բոլոր շինությունները, ըստ Զիրոյանի, կքանդվեն, Սեւանի ափամերձ տարածքը կվերանայվի, կսահմանվեն բոլոր գոտիները: Նրա խոսքով` արդեն 2012-2013թթ. Սեւանա լճի տարածքների խնդիրն ամբողջությամբ կհստակեցվի: Սեւանի ափամերձ տարածքն այսօր տնօրինում են 1045 վարձակալներ, սակայն անօրինական կառույցները քանդելուց հետո տարածքի 40-50 տոկոսը կդառնա ընդհանուր օգտագործման, եւ ազգաբնակչությունն անվճար կօգտվի այդ տարածքներից: «Բաց պլյաժ է լինելու, ով ուզի՝ կհանգստանա»,- ասել է Զիրոյանը: