Երկու խութերի արանքում

20/03/2010

Սունդուկյանի անվան թատրոնի վերջին պրեմիերան` Տոնինո Գուերայի այլաբանական բանաստեղծական շարքի հիման վրա բեմադրած «Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը, մեծ հետաքրքրություն էր առաջացրել եւ նույնքան մեծ տապալման է արժանացել: Բեմադրության ռեժիսոր Արմեն Մազմանյանն, անշուշտ, հայաստանյան լավագույն թատերական ռեժիսորներից է, ով ունի երեւակայություն, ճաշակ եւ թատերական «հոտառություն», սակայն իր այս վերջին աշխատանքն ի սկզբանե չէր կարող հաջող ստացվել, քանի որ ռեժիսորն իր առջեւ բնավ էլ գեղարվեստական նպատակներ չէր դրել, այլ փորձել էր լուծել հակաթատերային հարցեր: Նա թերեւս ցանկացել էր ցույց տալ, որ կարող է «լեզու գտնել» Մայր թատրոնի դերասանների «հին գվարդիայի» հետ (հետագայում նրանց սատարմանը արժանանալու համար) եւ միաժամանակ ապացուցել, որ «Տոնինո Գուերա» հիմնադրամի նախագահ լինելով, նա ներկայացնում է մեծն իտալացի սցենարիստ, պոետ, նկարիչ Գուերայի ստեղծագործությունները: Այդ երկու նպատակներն այնքան էին «կաղապարել» Ա.Մազմանյանին, որ նա պարզապես ունակ չէր հասնել ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին: Թատրոնի բեմը կեղծիք չի սիրում, եւ խոշորացույցի տակ է դնում եւ հնացած պաթետիկ դերասանական ոճը, եւ սյուրռեալիստական ու պոետիկ շերտերի միացման ճիգերը: Արդյունքում՝ բեմում դատարկություն եւ անզորություն է հայտնվում: Ա.Մազմանյանը նշել է, որ անձամբ մի քանի անգամ այցելել է Գուերային ու նրա հետ շտկել բեմականացման մանրամասները, Սունդուկյանի թատրոնում գործող գեղարվեստական խորհուրդն ընդունել է այդ մանրամասները, պետությունն էլ «Մեղրի» համար գումար է տրամադրել: Եվ հիմա մենք նոր ներկայացում ունենք, որի խորհրդանիշը դատարկ դահլիճն է եւ դատարկ խոսքերը: Դատարկ է նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռը: