Պետությունը պետք է «տրամպլինի» դերակատարում ունենա

20/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայրենական կինոարտադրության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան` կինոյի մասին օրենքի բացակայությունից, պետական կինոստուդիայից հրաժարվելու որոշումից սկսած, ռեժիսորների անձնական ամբիցիաներով ու հանդիսատեսի անտարբերությամբ վերջացրած:

Կինոգետ Գարեգին Զաքոյանը նկատում է. «Պարադոքս է, կինո նկարահանվում է, բայց այն չկա»: Եթե խոսենք «չոր» թվերով, կպարզվի, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան մոտ 100 ֆիլմ է արտադրում (լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), սակայն դրանցից եւ ոչ մեկը ոչինչ չի տալիս ո՛չ հանդիսատեսին, ո՛չ էլ Հայաստանի իմիջին: «Ո՞ւմ համար ենք ֆիլմեր նկարահանում» հարցը կարող էր դասվել հռետորական հարցերի շարքին, սակայն քանի դեռ մեր պետությունը չի հրաժարվում կինո ստեղծելուց, այն մնում է արդիական: Եվ եթե պետական կինոստուդիա չկա, ապա տրամաբանական է համարել, որ պետությունը կինոարտադրման գործը դնում է մասնավոր կինոարտադրողների` պրոդյուսերների ուսերին, որոնք ֆիլմի ապագա ճակատագրի համար պատասխանատվություն են կրում եւ լավ գիտեն` ո՞ր հանդիսատեսին են ուղղում իրենց ֆիլմերը եւ ինչպե՞ս պետք է դրանք ներկայացնել:

Տարիներ առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես տնօրեն աշխատած, այնուհետեւ «Ման» կինոարտադրող ընկերությունը հիմնած պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը նկատում է, որ մինչեւ կինոստեղծման մեխանիզմները չվերանայվեն, մենք չենք կարող լավ ֆիլմեր ունենալ: «Ֆիլմարտադրողները հիմա ստիպված են անընդհատ համակարգային խոչընդոտներ հաղթահարել ու անիմաստ գործերի վրա ուժերը վատնել»,- նկատում է նա եւ որպես կինոդաշտը համակարգող լավագույն օրինակ՝ նշում է Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը: «CNC-ն կես մլրդ եվրո է ներդնում կինոստեղծման գործում, բայց նշում է, որ պետական աջակցության շրջանակներում կարող է միայն անհրաժեշտ գումարի 50%-ը տալ, իսկ մնացածը պետք է գտնեն անկախ կինոպրոդյուսերներն ու ընկերությունները: Իսկ մեզ մոտ պետական աջակցությունը չկանոնակարգված է բաշխվում, մի ֆիլմը կարող է 100%-ով ֆինանսավորվել, իսկ մյուսը` ընդամենը 30%-ով»: Իրողությունն այնպիսին է, որ եթե անկախ պրոդյուսերն ակնկալում է իր ֆիլմի համար գումար ստանալ որեւէ միջազգային կինոհիմնադրամից, ապա նրան ուղղակի «օդի պես» անհրաժեշտ է տեղական օժանդակությունը, այլապես միջազգային ֆոնդերին վստահություն չի ներշնչի այն պրոյեկտը, որը պետք չէ հայրենիքում: Կինոպրոդյուսեր Արա Մնացականյանը, ով այժմ աշխատում է «Չնչիկ» ֆիլմը ավարտին հասցնելու վրա, առաջարկում է չուշացնել այդ փաստաթղթի տրամադրումը (նույնիսկ պարզապես զուտ թղթային, ոչ գումարային տարբերակով), քանի որ շատ հաճախ կինոպրոդյուսերին ոչ թե հայրենի պետության գումարն է հարկավոր, այլ նման «տրամպլինի» առկայությունը` ինքնուրույն գումար հայթայթելու գործը սկսելու համար: Իհարկե, կարելի է նաեւ անտեսել պետական օժանդակությունը եւ հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: Այդպես է վարվում պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը, ով հանդես գալով որպես «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի պրոդյուսեր, գերադասում է պետական կառույցների հետ գործ չբռնել:

Մ.Սարիբեկյանը համոզված է, որ կինոբիզնեսը կարող է եկամտի աղբյուր լինել, սակայն շատ հաճախ գործարարները չեն ցանկանում կինոարտադրության մեջ գումար ներդնել այն պատճառով, որ չեն հավատում հաջողություններին: «Պարզ է, որ միայն հայաստանյան շուկայում ցուցադրվելով՝ ֆիլմը եկամուտ չի բերի, բայց ո՞վ ասաց, որ պետք է հաշվի առնել միայն ներսի շուկան: Կարելի է օրինակ բերել Էմիր Կուստուրիցային, ում ֆիլմերը հաջողությամբ ցուցադրվում են ողջ աշխարհում: Սերբիան էլ Հայաստանի նման քիչ բնակչություն ունի, բայց այդ ռեժիսորը կարողացավ տաղանդավոր գործեր ստեղծել ու «վաճառել» աշխարհին: Եթե մենք գոնե 1-2 նման հաջող ֆիլմերի օրինակներ ունենայինք, շատ հեշտ կլիներ բիզնեսմենների հետ բանակցություններ վարել»,- ասում է նա եւ որպես եկամտաբեր ֆիլմի օրինակ՝ մատնանշում է Ալեքսանդր Աթանեսյանի «Սրիկաներ» ֆիլմը, որի մեծ մասը նկարահանվել է Հայաստանում եւ հեղինակներին եկամուտ բերել: «Այդ ֆիլմը միլիոնավոր դոլարների շահույթ բերեց: Մեզ մոտ, իհարկե, ավելի պակաս շահույթ կլինի, բայց վստահ եմ, որ ճիշտ աշխատանքային մեխանիզմների դեպքում` եկամուտը քիչ չի լինի»: Բնական է, որ երբ պրոդյուսերը ներդրվող գումարի համար պատասխանատվություն է կրում եւ կիսում է ֆիլմի «ռիսկայնությունը», նա շահագրգռված է ֆիլմի վաճառքի գործում: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե նա ի՞նչ է վաճառում` բարձրարվեստ ստեղծագործությո՞ւն, թե՞ կոմերցիոն կինոպրոյեկտ:

Սովորաբար պահանջարկն է ծնում առաջարկ: Այսօրվա մեր կյանքում պահանջված կինոապրանք են դարձել սերիալները, քանի որ հենց նրանք են զբաղեցրել կինոկրքերին կարոտ հանդիսատեսի այն տարածքը, որը պետք է նաեւ լայնէկրան կինոյինը լիներ: Եվ ստացվում է, որ պահանջարկը կա, բայց «թափուր» մնացած կինոն չի շտապում ազատ մրցակցության մեջ մտնել ու արտադրանք տալ: Պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ում հաճախ են կշտամբում սերիալային ֆորմատի կինոյի ստեղծման մեջ` նկատում է, որ փիլիսոփայելու կարիք չկա, պետք է աշխատել: «Կինոն մարդու համար է, եկեք տեղական հանդիսատեսին գոհացնենք: Թե չէ հիմա ստացվում է` կինոն ձախ ձեռքով աջ ականջը բռնել ցանկացող ֆիլմերով է լցված»: Հոդաբաշխ պատմված, գրագետ նկարահանված ֆիլմերի պակասը հիմնականում ծագում է կինոպրոդյուսերների բացակայությունից: Պետությունը հանդես գալով որպես պրոդյուսեր, ֆիլմերի որակի եւ ապագա առաջխաղացման համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Անկախության տարիներին ստեղծված բոլոր հայկական ֆիլմերը այդպես են պլանավորվել: Եվ ստացվել է մի զարհուրելի պատկեր. երբ հեղինակներն իրենց ապագա ֆիլմից եկամուտ չեն ակնկալում, նրանք փորձում են գումար աշխատել նկարահանման փուլում` տարբեր մանր ու մեծ մեքենայություններ անելով պետական (այսինքն` անտեր) գումարների հետ` տեխնիկական, դերասանական, մոնտաժային հարցերում գնալով այնպիսի կոմպրոմիսների, որոնք անպայման անդրադառնում են ֆիլմի որակի վրա ու այն դարձնում անպետք «ապրանք»: Երբ արդյունքին չես հավատում, իմիջիայլոց ես աշխատում:

Հանձնաժողովներ

Մեր կինոյի ամենադժվարին հարցերից մեկը հետեւյալն է. ինչպիսի՞ չափանիշներով են ընտրվում կամ մերժվում հայտերը: Այժմ ֆիլմերի հայտերը քննարկող ու խորհուրդներ տվող մի քանի հանձնաժողովներ կան, մեկը գործում է Ազգային Կինոկենտրոնում, մյուսը` Մշակույթի նախարարությունում, իսկ երրորդը՝ «Հայկ» կինոստուդիայում: Կինոհանձնաժողովներում հիմնականում ընդգրկված են գործող կինոռեժիսորները, եւ բնական է, որ այս կամ այն նախագծի «լոբբինգը» չի կարող անաչառ լինել: Մ.Սարիբեկյանը նշում է, որ հանձնաժողովների այդ քանակը անհեթեթությունների սկիզբ է դնում: «Ֆրանսիական CNC-ն տարեկան 800 հայտ է ստանում, եւ պարտավոր է 2 ամսում հայտատուներին պատասխան տալ: Իսկ մեզ մոտ տարին ավարտվում է, բայց դեռ պարզ չէ, թե ո՞ր նախագիծն է աջակցություն ստանալու»: Ըստ նրա` բոլոր անկախ պրոդյուսերների հետ պայմանագրեր են կնքվում, որտեղ հստակ նշված է՝ երբ են ֆիլմի ավարտի վերջնաժամկետները, այլապես` պրոդյուսերը պարտավոր է գումարը պետությանը ետ վերադարձնել: «Ինձ հետաքրքրում է՝ իսկ ինչպիսի՞ պայմանագրեր են կնքում այն ֆիլմարտադրողների հետ, որոնք կարող են ֆիլմի պատրաստումը տարիներով ձգձգել: Ունենք ռեժիսոր, որը կարող է Գինեսի գրքում որպես ռեկորդակիր գրանցվել: Դա Դավիթ Սաֆարյանն է, որ 7 տարի է՝ ֆիլմ է նկարահանում, բայց այդ ֆիլմը ոչ ոք չի տեսել»: Հայտնի է, որ կինո նկարահանում են հիմնականում նույն մարդիկ (ընդամենը մի քանի անուններ կան, որոնք անընդհատ շրջանառության մեջ են), եւ պարզ է, որ նրանք չեն կարող ավելին անել, քան արդեն արել են: Իսկ թե ի՞նչ կարող են անել Սուրեն Բաբայանը, Վիգեն Չալդրանյանն ու Ալբերտ Մկրտչյանը, բոլորին է հայտնի: Արդյո՞ք ժամանակը չէ՝ նոր մարդկանց համար ճանապարհ բացել ու նրանց առջեւ ավելի խելամիտ ու հստակ պահանջներ դնել: Այլապես մենք փակ շրջանի մեջ կմնանք, կինոյից ոչինչ չենք սպասի եւ ոչինչ էլ չենք ստանա: Մ.Սարիբեկյանը վստահ է, որ այսօր Հայաստանում կան ռեժիսորներ, որոնց պետք է փող տալ միայն այն բանի համար, որպեսզի նրանք ֆիլմեր չնկարահանեն. «Այդ միտքը էքսկլյուզիվ չէ, ժամանակին նման բժիշկ կար, որին փող էին տալիս, որ նա վիրահատություն չանի: Նույնն էլ հիմա կինոյում է»:

Երբ մարդն իր գործը լավ չի անում, հաջորդ անգամ նրան այլեւս չեն դիմում, այլ դիմում են այն մարդուն, որը թեեւ անփորձ ու «վաստակավոր» չէ, բայց նրա անձնական ամբիցիաներն ու հաջող ֆիլմ ստեղծելու ցանկությունը իրար չեն հակասում: «Պետությունը պետք է հսկի իր տված գումարների ճիշտ օգտագործումը: Եվ եթե պրոդյուսերին մեկ անգամ գումար տալով, չի ստանում իր ակնկալած արդյունքը, երկրորդ անգամ այլեւս գումար չպիտի տա: Այդ ճանապարհը շատ պարզ ու հստակ է: Պարզապես պետք է այդ ճանապարհով անցնելու ցանկություն լինի: Եթե բոլորին հավասար պայմաններ առաջարկվեն (ասենք՝ բյուջեի կեսից ոչ ավելին) եւ երկակի ստանդարտներ չկիրառվեն, հնարավոր կլինի «մաքրել» դաշտը: Թե չէ հիմա ստացվում է, որ պետպատվերի անվան տակ հաճախ այնպիսի ֆիլմեր են նկարահանվում, որոնց թեմաները բացարձակ կապ չունեն պետության հետ, այլ ընդամենը ռեժիսորի ամբիցիաների բավարարման համար են նկարահանվում»,- ասում է նա:

Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը վերջերս հայտարարել է, որ իրենք ֆիլմ չեն արտադրում, այլ ընդամենն օգնում են: Եվ մոտակա ծրագրերում հենց երիտասարդներին աջակցելով ու կինոդաշտում առկա նոր ուժերին սատարելով են զբաղվելու: Իսկ Մ.Սարիբեկյանը շարունակելու է նկարահանել «Սփյուռքահայ մտավորականներ» եւ «Հայ բարերարներ» վավերագրական ֆիլմերի շարքը, որի առաջին ֆիլմը ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի դիմանկարն էր: Ծրագրում են Ռուբեն Սեւակի եւ Լեւոն-Զավեն Սուրմելյանի մասին պատմող ֆիլմերը: