Բուժիչ մանակներ

20/03/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Գարնանը պետք է զգույշ վերաբերվել երիկամներին

Օրերը մի քիչ տաքացան, եւ շատերը շտապեցին ազատվել տաք հագուստներից ու վերարկուներից: Բայց պետք չէ խաբվել մարտ ամսվա խաբուսիկ եղանակին, որից ավելի շատ կարող են տուժել երիկամները: Այսօրվա մեր նամակներում կլինեն մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն առողջ պահել երիկամները:

Ահա թե ինչ է գրում մեզ մեր ընթերցող Մարիամ Գալստյանը. «Տարիներ շարունակ ես տառապել եմ երիկամային հիվանդությամբ: Հատկապես գարնանն ունենում էի նոպայանման ցավեր: Դիմելով բազմաթիվ բուժիչ մեթոդների, վերջապես գտա իմ ցավը թեթեւացնող մի ժողովրդական ու շատ պարզ միջոց, որը պատրաստվում է կեչու բողբոջներից: Դրա համար անհրաժեշտ է 1 բաժակ եռջրի մեջ ավելացնել 1-ական թեյի գդալ կեչու բողբոջ, հաղարջենու տերեւ, լորենու ծաղիկներ եւ մատուտակի արմատներ: Հատկապես մատուտակն ուժեղացնում է մյուս երեք դեղաբույսերի ազդեցությունն ու մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Այս ամենը թրմել եւ խմել որպես թեյ: Եվ շատ կարեւոր է հիշել, որ օրվա ընթացքում պետք է քիչ հեղուկ օգտագործել: Այսինքն` մարդ օրվա ընթացքում պետք է օգտագործի իր մարմնի զանգվածի 1կգ/30գ հեղուկի հարաբերությամբ: Այս թուրմից օրվա մեջ կարելի է խմել 3-5 բաժակ: Իսկ որպեսզի այն ավելի լավ յուրացվի, կարելի է մի քիչ մեղր ավելացնել: Կա մի շատ լավ բաղադրատոմս եւս, որն օգնում է միզուղիների բորբոքման ժամանակ: Այդ ըմպելիքը պատրաստվում է դդումով ու կանաչ խնձորով: Դրա համար անհրաժեշտ է 300գ դդում եւ 1 հատ կանաչ խնձոր: Եթե ըմպելիքը շատ խիտ կստացվի, կարելի է 50 գրամի չափով եռջուր ավելացնել: Այն պետք է խմել առավոտյան ու երեկոյան»:

Առհասարակ երիկամների հյուսվածքները շատ նուրբ են եւ վախենում են դեղորայքի, քիմիական սննդային հավելումների, կծու կամ թթու սննդի օգտագործումից: Պետք է նաեւ հիշել, որ երիկամներին ուղղակի հակացուցված են սուրճն ու թեյը: Իսկ, օրինակ, երիկամային իջեցումներից խուսափելու համար կարելի է զբաղվել պարով, քանի որ պարային շարժումները, հատկապես արեւելյան, շատ լավ օգնում են երիկամների դիրքին: Երիկամները շատ են սիրում տաքություն, այսինքն` պետք է տաք պահել:

Երիկամներին շատ օգտակար է հապալասից պատրաստված հյութը, ինչպես նաեւ` ֆրեշը: Շատ լավ է նաեւ հապալասենու տերեւներից պատրաստված թուրմը: Այն վերացնում է այտուցները: Այս թուրմը պատրաստվում է 1 բաժակ եռջրով ու կես թեյի գդալ չորացրած տերեւներով: Կարելի է թրմել 1 ժամ ու խմել օրվա մեջ 3 անգամ` բաժակի

1/3-ից: Երիկամային անբավարարության դեպքում շատ կարեւոր են սննդային սահմանափակումները: Դրանք հիմնականում ծանր օսլա ու կենդանական ճարպեր պարունակող սննդամթերքներն են: Եթե միս ենք պատրաստում, ապա պետք է խուսափենք այն տապակելուց եւ պատրաստենք շոգեխաշած: Չմոռանանք, որ միսն էլ պետք է լինի հեշտամարս` հավ, հնդկահավ, ճագար եւ այլն:

Փոխարենը պետք է շատ օգտագործել կաթնաշոռ ու այլ կաթնամթերքներ, իհարկե, ոչ ցավային սուր նոպաների դեպքում: Ցանկալի է, որ ուտելիքը պատրաստված լինի չրերից` ծիրանաչիր, սալորաչիր, չամիչ: Այս դեպքում օրգանիզմի վրա միշտ դրականորեն են ազդում միրգը, բանջարեղենն ու հատապտուղները: Մեր նամակագիրներից մեկն առաջարկում է շատ համեղ սուֆլեի բաղադրատոմս, որն, ի դեպ, շատ օգտակար է երիկամային հիվանդների համար: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. «Անյուղ կաթնաշոռը լցնել փոքր ամանի մեջ, այնուհետեւ վրան լցնել հավանգով ծեծած ընկույզ` 50-60գ, հետո ավելացնել 1 ճաշի գդալ սպիտակաձավար, ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ եւ 2 ձու: Այս ամենը լավ խառնել, ավելացնել 50 գրամի չափով մանր կտրատած ծիրանաչիր: Ու այս ամենը լցնել այն ամանի մեջ, որի մեջ պետք է թխվի: Պատրաստելուց հետո կարելի է սուֆլեն զարդարել հատապտուղներով»:

Օգտակար խորհուրդ մեր ընթերցողներին

Երկար ժամանակ ոտքի վրա կանգնելուց հաճախ ոտքերն այտուցվում են: Նման դեպքերում կարելի է ընդունել ոտքերի լոգանք. 1 լիտր ջրի մեջ լցնել 1-ական ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկ ու եռացնել` ավելացնելով 1 ճաշի գդալ մեղր: Հետո ջուրը հասցնել նորմալ տաքության աստիճանի, ու ոտքերը դնել այդ ջրի մեջ: Փորձեք եւ կտեսնեք, թե այն որքան հանգստացնող նշանակություն ունի: