Թմրանյութերի եւ զենք -զինամթերքի բիզնեսից հետո պիրատությունը համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը:
Պիրատության դեմ պայքարի շուրջ վերջերս ծագած աղմուկից հետո որոշ
արվեստագետներ եւ իրավապաշտպաններ պնդում են, որ այդ խնդիրը պետք է
կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Պիրատությունը հեղինակային
իրավունքների եւ հարակից իրավունքների խախտման դրսեւորում է եւ համարվում
է առանց հեղինակի կամ իրավատիրոջ համաձայնության ստեղծագործության
վերարտադրություն՝ ֆոնոգրամաների, ֆիլմերի, գրքերի եւ համակարգչային
ծրագրերի արտադրություն: Աշխարհում ամենատարածված պիրատությունը
ֆոնոգրամաների շուկան է, ընդ որում, զարգացած երկրների հետեւողական
պայքարի շնորհիվ դրանց ծավալներն անհամեմատ նվազել են: Մտավոր
սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի փաստերով՝ քաղաքակիրթ
երկրներում պիրատությունը կազմում է մոտ 5-10%: ՀՀ-ում միայն
ֆոնոգրամաների պիրատությունը կազմում է 85-95%, ավելին, օտարերկրյա
մասնագետների հաշվարկով` պիրատական շրջանառությունը տարեկան կազմում է 5
մլն դոլար եւ ավելին: Եթե մեզանում պիրատությունն անպատժելի է, ապա
միջազգային օրենքներով պիրատությունը հավասարեցվում է գողության հետ,
նույնիսկ համարվում է կազմակերպված հանցավորության մի տեսակ, քանի որ
անօրինական արտադրողները ոչ միայն վերարտադրում են արտադրանքը, այլեւ
ունեն ներկայացուցչական ցանց, վաճառքի կետեր եւ արտահանումների,
ներմուծումների մեխանիզմ: Պիրատության դեմ պայքարի աշխարհում տարածված
պրակտիկան ցույց է տվել, որ միակ միջոցն ուժային, ոստիկանական կառույցի
մեթոդներն են: Ի տարբերություն Հայաստանի՝ այլ պետությունները պայքար են
կազմակերպում այդ երեւույթի դեմ, քանի որ այն լուրջ վնաս է պատճառում
մշակույթի զարգացմանը, սպառողներին, հեղինակներին եւ երկրին: Մինչեւ
վերջերս Հայաստանում նման կառույց չկար, մինչդեռ հեղինակների եւ
սպառողների կողմից անթիվ բողոքներ կային, այն առումով, որ շուկան ողողված
է անորակ արտադրանքով, եւ լիցենզավորված սկավառակներ չկան: «Դա
խայտառակություն է,- ասում է Ա. Ազիզյանը,- դա վկայում է, որ քաղաքակիրթ
երկիր կոչվելուց շատ հեռու ենք: Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ
զանգվածային լրատվամիջոցները սկսել են բարձրաձայնել այդ թեման, քարոզում
են, որ պիրատությունը վատ բան է եւ արվեստագետների հետ միասին փորձում են
գտնել մի բանաձեւ, որն այդ խնդրի լուծումը կգտնի: Ոստիկանական համակարգում
ստեղծվեց մի ստորաբաժանում, որի հիմնական խնդիրն է աջակցել հեղինակներին
իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Հեղինակներն իրոք թույլ են,
միավորված չեն, իսկ ոստիկանությունն այդ հնարավորությունն ունի, կարող է
հեղինակի բողոքի հիման վրա գործողություններ սկսել: Բոլոր երկրներում էլ
ոստիկանությունն է կարողանում պահել շուկան, քանի որ այլընտրանք
գոյություն չունի, երկրորդ այլ ձեւ չկա»: Ա. Ազիզյանի մոտ զարմանք է
առաջացրել այն հանգամանքը, որ առաջին ստուգումից հետո ոմանց կողմից
ստեղծվեց մի հակակամպանիա, որը կատարում է պիրատությունն արդարացնելու,
խրախուսելու առաքելություն: Հասարակության մեջ կարծիք է ստեղծվում, թե
պիրատության դեմ պայքարի գործողությունները ճիշտ չեն, ինչն անթույլատրելի
է եւ արվում է պիրատությունը խթանելու համար: Իսկ ահա գրող Վահրամ
Սահակյանը, որը պիրատների կողմից ամենաքիչ տուժածն է, քանի որ նրանք դեռ
գրքի շուկա չեն ներխուժել, գտնում է, որ պետք է ընդունվի օրենք, ըստ որի`
ոստիկանական միջամտությունից առաջ հեղինակային կոմիտեն իր
համաձայնությունը կտա, հետո նոր ոստիկանները կգործեն: Վերջինիս կարծիքով՝
պիրատության դեմ պայքարի աղմուկը սկանդալային բնույթ չէր կրի, եթե
ոստիկանությունն ինքնուրույն չգործեր: Բոլոր երաժիշտները՝ Արամոն, Ֆորշը
եւ այլք, տուժել են հենց նույն հեղինակային կոմիտեի ձեռնարկի
բացակայության պատճառով: «Ոստիկանությունն ինքնագլուխ կերպով գործեց,-
ասում է Վ. Սահակյանը,- արգելափակեց «Ռեքո-Ռեքորդս» ստուդիան, ապա
երգիչների սկավառակների բնօրինակները վերցրեց: Դա նշանակում է, որ
ոստիկանները խախտել են Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածը, այսինքն՝ առանց
վարչական իրավունքի փաստաթղթի վերցրել են երգիչների բնօրինակները»: Պրն
Սահակյանի կարծիքով՝ այս պարագայում ոստիկանությունը մեկի համար շուկա է
բացում, իսկ մյուսներին թողնում է դուրս, այս գործողությունները բխում են
այլոց շահերից: Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը,
հակադարձելով վերոնշյալ կարծիքին, ասում է, որ ինքն օպտիմիստ է եւ չի
հավատում, որ այս դաշտում նույնպես կարող է մենաշնորհ լինել: «Կարծիք է
տարածվել, իբր այս գործողությունն ուղղված է «K.K.» ընկերությանը ճանապարհ
բացելու համար, բայց բոլոր ստուդիաներում ստուգումներ, առգրավումներ են
կատարվում: Ես առայժմ հիմքեր չունեմ չհավատալու ոստիկանական աշխատանքին:
Նրանք գործել են բողոքների հիման վրա, որը ներկայացվել է «Հայ-հեղինակ»
կազմակերպության կողմից: Այդ գործողություններն ուղղված չեն եղել
«Ռեքո-Ռեքորդսի» կամ «H.D.»-ի դեմ այլ վերաբերել են բոլոր այն
ստուդիաներին, որոնք պիրատական գործունեություն են ծավալում»: Հեղինակային
երգիչ Ռուբեն Հախվերդյանն` ընդվզելով Վահրամ Սահակյանի կարծիքի դեմ ասում
է, որ 30 տարի է, ինչ իր սկավառակներն անօրինական կերպով տպվում,
վաճառվում են բոլոր խանութներում: Դրա դեմ պայքարի միակ ճիշտ ձեւը երգիչը
համարում է ոստիկանական միջամտությունը: Իսկ Կոմպոզիտորների միության
նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գտնում է, որ պետք է կենտրոնանալ պիրատության
դեմ պայքարի վրա, այլ ոչ թե վերցնել ընդհանուր երեւույթի առանձին սեգմենտն
ու դարձնել վիճարկելու նյութ: «Մենք խանդով ենք նայում, թե ինչպես է
աշխարհը փորձում ինքնամաքրվել նման երեւույթներից։ Որպես արվեստագետ` պետք
է ասեմ, որ մեզանում տեղի ունեցածն ընդգծում է այն նեգատիվիզմը, որը տեղի
է ունենում մեր ստեղծագործությունների մեջ: Էժանագին շուկան մեր
երաժշտության մեջ բերում է թուրքական, արաբական, անորակ, ժամանակավոր
կրքեր հետապնդող ապրանք, որը վաճառվում է էժանագին, անորակ կրիչների վրա:
Մշակութային պատկերացումները խաթարվում են: Քննարկում ենք, թե
ոստիկանությունն առգրավել է այսինչ քանակությամբ սկավառակներ, շատ լավ է
արել, եթե փորձում ենք մի ասպարեզ կարգի բերել, ապա բացասական երեւույթներ
են լինում: Բնական է, եթե հիվանդին բուժում ես, ցավի զգացողությունն
ուժեղանում է, դրանից հետո նա առողջանում է»: Առողջանալու նախապայմանն,
ըստ նրա, հետեւյալն է՝ հայ հեղինակը` որպես հայոց մշակութային անձնագրի
ներկայացուցիչ, պետք է պաշտպանված լինի օրենքով: Պրն Ամիրխանյանի
խոսքերով՝ հեղինակը` որպես երկրի ինտելեկտի բարձրարժեք դրսեւորում,
գտնվում է անպաշտպան վիճակում: Նա վախենում է իր ստեղծագործությունների
նոր սկավառակը թողնել շուկա, որովհետեւ նույն գիշերվա մեջ արտագրվելու,
վաճառվելու է ամենաէժանագին կրիչների վրա, իսկ իր ծախսած գումարները հօդս
են ցնդելու: «Ես ուզում եմ ապրել մաքուր, իրավական էկոլոգիայի մեջ: Ես
ուզում եմ պաշտպանված լինել եւ իմ մասնագիտությամբ աշխատել այն դրամը,
որով պիտի ապրեմ»,- ասում է Ռ. Ամիրխանյանը: