Աշխարհին կապացուցի, որ ոճը մնում է նույնը

18/03/2010

Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ինչպես նաեւ BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունմանը Շվեդիայում եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` Էրդողանն ասել է, թե այդ ամենը դժվարացնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ վնասում է հենց Հայաստանի ժողովրդին:

«Եթե Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան իրենց համարում են Հայաստանի դաշնակիցներ, ապա պետք է օգնեն Հայաստանին` ձերբազատվելու Սփյուռքի հսկողությունից, եւ պետք է նպաստեն հայ-թուրքական բանակցություններին»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Նրա խոսքով` այդ դեպքում կլուծվեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բոլոր տարաձայնությունները: Նաեւ ասել է, թե Թուրքիան ձեռք է մեկնել Հայաստանին, բայց եթե Հայաստանը «պատասխանում է բռունցքով», իրենք ոչինչ չեն կարող անել: Խոսելով Թուրքիայի տարածքում բնակվող, իր տվյալներով` 170.000 հայերի մասին, նա ասել է, թե նրանցից միայն 70.000-ն են Թուրքիայի քաղաքացիներ, մյուսները ապօրինի միգրանտներ են: «Այս մարդկանցից շատերը Թուրքիայում ապրում են ավելի քան 10 տարի, եւ մենք այս հարցը չենք պատրաստվում հապճեպորեն լուծել, բայց եթե ամեն բան նույն կերպ շարունակվի, մենք ստիպված կլինենք վերագնահատել իրավիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Ի վերջո, այդ 100.000 մարդիկ մեր քաղաքացիները չեն, եւ եթե կարիք լինի, մենք վտարելու ենք նրանց երկրից»,- հայտարարել է Էրդողանը:

Երեկ Էրդողանի այս հայտարարություններին արձագանքել է ՀՀ ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` ասելով, թե նման հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Ցեղասպանության ճանաչումը թե՛ միջազգային հանրության, թե՛ Թուրքիայի կողմից շատ օրհասական է, քանի որ ոչ միայն պատմական հարց է, այլեւ ցույց է տալիս, որ դրա վտանգը կա նաեւ այսօր: «Ազգային փոքրամասնության արտաքսումն ու վտարումը բռնի ուժով նույնպես ցեղասպանություն է, իսկ Էրդողանի սպառնալիքը միայն Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերում, այլեւ կարող է վերաբերել բոլոր փոքրամասնություններին»,- նշել է Հ.Կարապետյանը: «Մյուս կողմից, սա եւս մեկ անգամ ողջ աշխարհին կապացուցի, որ թեեւ Թուրքիայում իշխանությունները փոխվում են, բայց ոճը մնում է նույնը»,- հավելել է նա: