«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան նորացված սկզբունքները` մի քանի բացառություններով, եւ մենք շարունակում ենք այդ տեսակետին մնալ: Ներկայում Հայաստանը պետք է պատասխան տա այդ սկզբունքներին, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումն արդեն հայտնի է»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է բանակցային գործընթացի էությունն ու բովանդակությունը: Ըստ Պոլուխովի, ադրբեջանական կողմը միայն կրկնում է սկզբունքները, որոնք կան հայկական կողմի մասնակցությամբ պատրաստված փաստաթղթում: Անդրադառնալով բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությանը, նա նշել է, որ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները որոշակի փուլում կարող են մասնակցել բանակցություններին: