Նոր ուսումնական տարին Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ուսանողների
համար վատ սկսվեց: Համալսարանի ղեկավարությունն այս տարի թանկացրել է
ուսման վարձերը: Արդեն երկու օր է, այդ պատճառով ուսանողները դասադուլ են
կազմակերպել:
Բանն այն է, որ ուսանողները վարձը միշտ դոլարով են մուծել, եւ բուհի
ղեկավարությունն այս տարի արդեն դրամով է ընդունում, ընդ որում, ոչ թե
այսօրվա կուրսով, այլ այն կուրսով, երբ 1 դոլարն արժեր 580 դրամ: Պապյան
Իդան սովորում է արեւելագիտության ֆակուլտետի 5-րդ կուրսում: 4 տարի
վճարել է 610 դոլար, վճարումը կատարել է դոլարով: Այս տարի վարձը
սահմանվել է 350 հազար դրամ, որն այսօրվա կուրսով հավասար է մոտ 750
դոլարի: Իդան համաձայն չէ այս թանկացմանը: «Մենք ընդունվել ենք ու իմացել
ենք, որ մեր վարձը 610 դոլար է,- ասում է նա: -Հիմա էլ պատրաստ եմ այդքան
վճարել, բայց դոլարի այսօրվա կուրսով՝ 280 հազար դրամ: Այսօր ինձանից
70.000 դրամ ավելի են պահանջում»:
Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի վարձն արժեր 810
դոլար, այսօրվա կուրսով` 372.600 դրամ, բուհի ղեկավարությունը սահմանել է
450.000 դրամ, որ հավասար է 980 դոլարի: Փաստորեն, վարձերն` ըստ
ֆակուլտետների, բարձրացել են 110-170 դոլարով: Ուսանողները պատմում են, որ
պրոռեկտոր Արամ Խաչատրյանն իրենց հետ խոսել է եւ ասել, որ լավ
պայմաններում սովորելու համար պետք է թանկ վճարել: Եվ հետո ավելացրել է,
որ ինքը պիտի նոր մեքենա գնի: «Մեզ պետք չի, որ մեր հաշվին ամբողջ
համալսարանը մարմարից լինի, սովորողը հասարակ պատերի մեջ էլ կսովորի»,-
բողոքում են ուսանողները: «Ձեր բյուջեն մի լցրեք մեր հաշվին»,- գրված է
ուսանողների պաստառի վրա: «Ինձ ճիշտ չեն հասկացել,- ասում է պրոռեկտորը:
-Ես ասել եմ, որ ստացած շահույթից կարող եմ եւ՛ մեքենա գնել, եւ՛ շենքի
վրա ծախսել: Եվ հետո, մենք ոչ թե վարձավճարը բարձրացրել ենք, այլ ուղղակի
դոլարի արժեզրկման պատճառով փորձել ենք վնասով աշխատելուց խուսափել»:
Ուսանողները վստահեցնում են, որ նոր սահմանված գներով չեն վճարելու եւ
մինչեւ վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար: Որոշել են բողոքի
ակցիա կազմակերպել նաեւ կառավարության շենքի մոտ: «Թող այս տարվա առաջին
կուրսեցիների համար բարձրացնեն, որ նրանք որոշեն` սովորե՞լ այս բուհում,
թե՞ ոչ,- դժգոհում էին նրանք: -Մենք կվճարենք այնքան, ինչքան վճարել ենք
անցած տարիներին»: Ա.Խաչատրյանի ասելով` համալսարանն ունի 1500 ուսանող:
Եթե այս տարի յուրաքանչյուր ուսանող ավելի վճարի միջին հաշվով 150 դոլար,
համալսարանը կհավաքի լրացուցիչ 225.000 դոլար: Սակայն ուսանողները որոշել
են լքել այս բուհը, բայց ավելին չվճարել: Իսկ համալսարանին դատի տալու
մասին դեռ կմտածեն:
Ա.Ա.