Ընդդեմ չվերահսկվող մամուլի

18/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելու մասին կոալիցիայի հեղինակած օրինագիծը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Ռուբեն Գեւորգյանը եւ Հովհաննես Մարգարյանը փոփոխություններ էին առաջարկել Քրեական, Քաղաքացիական եւ Քրեադատավարական օրենսգրքերում, որի արդյունքում զրպարտության եւ վիրավորանքի համար ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն պետք է կիրառվի: Դա ԵԽ ԽՎ-ի պահանջն է եւ հիմնականում վերաբերում էր զանգվածային լրատվամիջոցներին: Առաջին հայացքից թվում է, թե սա շատ դրական նախաձեռնություն է, որովհետեւ նման դեպքերում կգործի ոչ թե քրեական, այլ համեմատաբար մեղմ` վարչական պատիժ: Սակայն «շան գլուխը» հենց այդտեղ էլ թաքնված է, որովհետեւ, եթե մինչեւ հիմա նման դեպքերում քրեական պատիժ գրեթե չի կիրառվել, ապա վարչական պատասխանատվությունը իշխանությունների ձեռքին մահակ կարող է դառնալ իրենց համար ոչ ցանկալի լրատվամիջոցին ճնշելու, նաեւ` փակելու համար: Այս դեպքում պատասխանատվությունը կարող է վերաբերել հիմնականում թերթերին, բնականաբար` իշխանության վերահսկողության տակ չգտնվող մի քանի թերթերին, որովհետեւ բոլոր հեռուստատեսություններն էլ վերահսկելի են:

Եվ իշխանությունները օգտվելով առիթից` որոշել են, քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն` վիրավորանքի համար սահմանել նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի, 500-ապատիկի եւ 1000-ապատիկի, այսինքն` 250.000, 500.000 կամ 1 մլն դրամի չափով, իսկ զրպարտության դեպքում ավելի շատ` 500-ապատիկի, 1000-ապատիկի, եւ 2000-ապատիկի` 500.000, 1մլն եւ 2մլն դրամի չափով տուգանք: Ակնհայտ է, որ Հայաստանում գործող եւ միջինը մոտ 5000 տպաքանակ ունեցող բոլոր թերթերի համար էլ կործանարար է լինելու նման չափի տուգանքի վճարումը, հատկապես, եթե այդ տուգանքը կիրառվի տարին մի քանի անգամ: Եվ հենց դա էլ գիտակցելով՝ իշխանությունները նման մեխանիզմ են ստեղծում: Դժվար չէ կռահել նաեւ, որ այդ փոփոխությունները կարող են տեղավորվել առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Ակնհայտ է նաեւ, որ օրինագիծը կընդունվի, հատկապես, երբ դրա հեղինակներն են կոալիցիոն 3 ուժերի ներկայացուցիչները:

Իսկ երեկ քննարկումների ժամանակ ելույթ ունեցող բոլոր պատգամավորներն անխտիր, նաեւ ընդդիմադիր «Ժառանգության» անդամները դժգոհում էին հատկապես ընդդիմադիր թերթերից` ասելով, թե իրենց վիրավորում են, սուտ տեղեկատվություն են հրապարակում, պատվեր են կատարում, հայհոյախառն նյութեր են գրում, եւ այլն, եւ այլն: Գրեթե նույն դժգոհությունն արտահայտեց նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ թերթերը չխնայեցին «Ժառանգությանը», երբ այդ կուսակցությունում եղան պառակտումներ, երբ նրանք գիշերային նիստով իրենց շարքերից հեռացրեցին Զոյա Թադեւոսյանին, Վարդան Խաչատրյանին, Մովսես Արիստակեսյանին ու մի քանի այլ առանցքային դեմքերի: Գրեթե բոլոր թերթերն անդրադարձան այդ դեպքերին, ու «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ ԱԺ ամբիոնից հիշեցրեց այդ մասին: Բնականաբար, ընդդիմադիր թերթերին չխնայեցին կոալիցիոն պատգամավորները: Մի խոսքով, երեկ ողջ խորհրդարանն իր զայրույթը թափեց հայրենի թերթերի վրա. այդ նախագծի քննարկումը դրա համար լավագույն առիթն էր: Սակայն, պատգամավորներից եւ ոչ մեկը ակնարկ անգամ չարեց, որ իրենց մասին ոչ ցանկալի հրապարակումների հիմնական պատճառներից են քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու ընդհանրապես «էլիտայի» միջեւ գոյություն ունեցող քաղաքական առեւտուրը, կաշառակերությունն ու կոռուպցիան եւ այլ երեւույթները: Ակնհայտ է նաեւ, որ այդ օրենքը կգործի ընտրողաբար, որովհետեւ պատիժ սահմանողը հայրենի կոռումպացված ու իշխանությունների կամակատար դատավորներն են լինելու: Հանուն արդարության՝ նաեւ նշենք, որ նույն «Ժառանգության» պատգամավորները եւ Վ.Դալլաքյանը գնահատեցին, որ դեմ են այս նախագծին, եւ իրենց համար «հայհոյախառն մամուլը» գերադասելի է խոսքի ազատության ոտնահարումից, եւ որ այս օրինագծով իշխանությունները ցանկանում են ճնշել ընդդիմադիր թերթերին: Ավելացնենք նաեւ, որ օրինագիծը նախատեսում է պատիժ ոչ միայն լրագրողների համար: Վիրավորանքի ու զրպարտության համար տեսականորեն կարող են պատժվել նաեւ պատգամավորներն իրենք, բոլոր քաղաքական գործիչները, պաշտոնյաներն ու ընդհանրապես բոլոր քաղաքացիները: Իհարկե, այս դեպքում նույնպես օրենքը կգործի ընտրողաբար, որովհետեւ իշխանությունները իրենց կամակատար դատավորների միջոցով պատժելու են ոչ թե իրենց, այլ ընդդիմադիր գործիչներին:

Այս համատեքստում հիշենք նաեւ ՀՀԿ կարկառուն անդամ եւ իր էկզոտիկ արտահայտություններով հայտնի Գալուստ Սահակյանի վերջերս արած հայտարարությունը «Ժառանգության» խմբակցության մասին: «Այդ մի քանի հատ ծրտո «Ժառանգության» համար պիտի ամբիո՞ն տրամադրենք, բա դա մեծամասնության բա՞ն է»: Երեկ փորձեցինք նախագիծը ԱԺ-ում ներկայացնող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից ճշտել, թե արդյոք «ծրտո» բառը հարգի՞ է պատգամավորի օգտագործման համար, եւ դա վիրավորական չէ՞ իրենց ընդդիմադիր գործընկերների համար: Գ.Դանիելյանը միանգամից ասաց, որ ծանոթ չէ Գ.Սահակյանի հայտարարությանը, սակայն, եթե նույնիսկ ծանոթ լիներ, իրավունք չունի գնահատական տալ: Իսկ նախագծի հեղինակներից Հ.Սահակյանն ասաց, որ դա վիրավորանք չէ, որ մեր բառարաններում «ծրտո» բառը նշանակում է փոքր, եւ որ ի վերջո «Ժառանգությունը» կարող է դիմել դատարան»: Իսկ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն այս նախագծի առիթով հիշեց հեքիաթի թագավորին, ով իր մասին ճշմարտությունն իմանալու համար գիշերը դերվիշի շորեր հագած շրջում էր իր ժողովրդի մեջ: «Այսօր պետք չէ, որ հանրապետության նախագահը դերվիշի շոր հագնի ու մտնի հասարակության մեջ: Այսօր կան ԶԼՄ-ներ, որոնք ներկայացնում են հասարակության իրականությունը»,- ասաց Ա.Բախշյանը: