Պետք չէ բղավել

18/03/2010

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե եվրոպական առաջատար բոլոր պետությունները հիմնավորապես հետաքրքրված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Ըստ նրա` եվրոպացիներն այսօր փորձում են թույլ չտալ հայ-թուրքական մերձեցումը, որպեսզի զսպեն Թուրքիայի հետագա ընդլայնումը բոլոր ուղղություններով: Նա նշել է, որ մեկուկես տարի առաջ հայտնի դարձավ, որ այս պատմական փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի լինի, ավելին` այդ փորձերը կբերեն լարվածության ամրապնդմանը:

«Թուրքիային ձեռքից բռնած ներքաշել են Ղարաբաղյան խնդրում եւ այնքան են ապակողմնորոշել, որ նա պատրաստ է ամեն ինչի` ցանկացած ագրեսիվ քաղաքական հայտարարությունների ու գործողությունների»,- ասել է Ի. Մուրադյանը: Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը չպետք է ամբողջ ձայնով բղավեն, որ եվրոպական պետությունները շահագրգռված են հայ-թուրքական մերձեցմամբ: Նրա կարծիքով, գործընթացի նախաձեռնողները, հնարավոր է, եւ ակնկալել էին ձախողում, բայց դա ձեռնտու է այն ուժերին, ովքեր կողմ են Թուրքիայի ընդլայնման ու քաղաքական հավակնությունների զսպմանը:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր քննարկմանը, նա ասել է, թե ամերիկյան հասարակությունն ու էլիտան շատ լավ հասկանում են, որ անհրաժեշտ է ընդունել Հայերի ցեղասպանությունը, բայց ճանաչել պետք է այնպես, որ չտուժեն ԱՄՆ շահերն ու քաղաքականությունը: «Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ նահանգները, քաղաքական հանրությունը, տարբեր քաղաքական ու կրոնական կազմակերպությունները, նույնիսկ հրեական կազմակերպություններ, բայց ես համոզված չեմ, որ դա արված է Հայաստանի համար»,- ասել է նա` ավելացնելով, թե ԱՄՆ նախագահը պետք է ամենավերջում դնի իր ստորագրությունը Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի տակ, երբ այդ փաստը կճանաչեն ամերիկյան ողջ հասարակությունն ու պետությունը, իսկ այդ դեպքում, ըստ նրա` Օբաման այդ քայլին կգնա հարկադրված: Սակայն, ըստ քաղաքագետի` Ցեղասպանությունը, որպես ճանաչման սպասող իրադարձություն, չի աշխատում կամ արդեն շատ վատ է աշխատում: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս Օբաման կփորձի արդարանալ այս տարվա ապրիլի 24-ին, Ի. Մուրադյանն ասել է. «Իսկ նրա ինչի՞ն է պետք արդարանալը: Բուշի թիմում կային շատ երեւակայողներ, բայց քիչ էին մարտավարները: Բայց Օբամայի թիմն այդ առումով շատ ուժեղ է, եւ նրանք գիտեն տարածաշրջանում անվտանգության իրավիճակի ստեղծման մեթոդներն ու օրինակները»: