ԱԺ-ի արդեն մի քանի քառօրյաների ժամանակ խորհրդարանում դպրոցականների համար բաց դասեր են կազմակերպվում: Տարբեր դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները ԱԺ դահլիճում լսում են նիստերը, հետո ԱԺ ղեկավարներից մեկը առանձին սրահում պատասխանում է աշակերտների հարցերին: Անցած օրերին, երբ նրանք Նիստերի դահլիճից դուրս էին գալիս, «Ժառանգություն» խմբակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը տեղից վեր էր կենում եւ սեղմում էր ուսուցիչների ու աշակերտների ձեռքը: Ընդ որում, նրանք դուրս են գալիս Նիստերի դահլիճի ձախ հատվածից, որի անմիջապես դիմաց գտնվում է Ր.Հովհաննիսյանի պատգամավորական տեղը: Այդ «ողջույնի ակցիան» բավական ակնառու է, ինչը իշխանական շատ պատգամավորների դուր չէր գալիս, եւ նրանք հեգնական ակնարկներ էին նետում Ր.Հովհաննիսյանի ուղղությամբ: Երեւի նաեւ այդ պատճառով, երեկվա «խորհրդարանական դասից» հետո ԱԺ համապատասխան աշխատակիցը աշակերտներին ու ուսուցիչներին դուրս հրավիրեց հակառակ կողմից` դահլիճի աջ դռնից, եւ Ր.Հովհաննիսյանը չկարողացավ սեղմել նրանց ձեռքը: