Որքան շատ են «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու կուսակցության թիմակիցները փորձում համոզել, որ ՕԵԿ-ական նախարարներին նորերով փոխարինելը շատ սովորական գործընթաց է, որի տակ ենթատեքստ պետք չէ փնտրել, իսկ որոշումն էլ կայացրել են հենց կուսակցության ներսում, այնքան քաղաքական շրջանակներում ավելի են թեժանում խոսակցություններն այն մասին, որ դա պարտադրված փոփոխություն էր` պայմանավորված ներքաղաքական դաշտում սպասվող որոշակի գործընթացներով:
Մասնավորապես, ավելի հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, թե բացառված չէ, որ առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը լուծարի կոալիցիան: Իհարկե, նախորդ նախարարներին փոխարինելու եկած Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը եւս ՕԵԿ-ի «գաղափարակիցներն» են, սակայն նրանք դա պարզեցին միայն պաշտոն ստանալուց մեկ օր առաջ, իսկ Մ. Վարդանյանը շտապեց բարձրաձայնել, որ ինքը միշտ էլ ակտիվ համագործակցել է թե ՀՀԿ-ի եւ թե ՕԵԿ-ի հետ: Մի բան պարզ է, քաղաքական դաշտում ցանկացած փոփոխություն պետք է որ պայմանավորված լինի որոշակի գործընթացներով: ՕԵԿ նախագահը հայտարարեց, իբր դա պայմանավորված է ներկուսակցական բարեփոխումների օբյեկտիվ անհրաժեշտությամբ, եւ պաշտոնանկ նախարարներ Գուրգեն Սարգսյանն ու Մհեր Շահգելդյանը զբաղվելու են ՕԵԿ-ի քաղաքական ու տնտեսական բլոկների ուժեղացմամբ: Այս հայտարարությունը առնվազն անտրամաբանական է, քանի որ բոլորն են գիտակցում, որ նախարարի պաշտոնում մնալով, վերջիններս շատ ավելի կնպաստեին ՕԵԿ-ի ուժեղացմանը: Թե որքանով է այս փոփոխությունը պայմանավորված կոալիցիայի սպասվելիք լուծարմամբ եւ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով, մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանն այսպես մեկնաբանեց. «Որեւէ արտառոց բան չի կատարվել, դա շատ սովորական պրոցես է: Ինչ վերաբերում է կոալիցիայի կազմաքանդելուն, ապա Ազգային ժողովում նման մթնոլորտ չկա, համենայն դեպս ես նման բան չեմ զգում: Բոլոր հնչող մեկնաբանությունները զուտ լիրիկա է, պետք է ոչ թե բամբասել ու վատաբանել, այլ` գործ անել»: Իսկ արդյո՞ք ՀՀԿ-ական պատգամավորը հնարավոր է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, պարոն Ճշմարիտյանը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների ոչ կարիքը կա, ոչ էլ հնարավորությունը»: Մեր հարցին, թե ի՞նչ հնարավորության մասին է խոսքը, նա պատասխանեց. «Այսինքն, նկատի ունեմ, որ դրա համար պետք է մի ինչ-որ միջավայր լինի: Արտահերթ ընտրությունները պետք է ինչ-որ բանով պայմանավորված լինեն, բացի այդ, եթե որեւէ մեկը նման բան է հայտարարել, ապա թող ինքն էլ մեկնաբանի այն»:
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ ՕԵԿ-ն իր նախարարներին հենց այնպես չէ հետ կանչել: Նրա խոսքերով` «Նախարարների փոփոխության հետ կապված ՕԵԿ-ի հայտարարությունները, այսինքն` այն պատճառները, թե իբր ինչու են փոխվել նախարարները, հավատ չեն ներշնչում: Սրա տակ հաստատ ինչ-որ մի բան կա, բայց արդյո՞ք սա կբերի կոալիցիայի կազմաքանդմանը, այս պահին դժվարանում եմ ասել: Մի բան ակնհայտ է. ճիշտ է, նոր նախարարները նշանակվել են ՕԵԿ-ի կողմից, բայց դա արվել է` ելնելով ՀՀԿ-ի շահերից: Հետեւապես պարզ է, որ նորանշանակ նախարարները կպաշտպանեն Հանրապետական կուսակցության շահերը: Բայց, որ բոլորը պատրաստվում են ընտրություններին, իսկ ՀՀԿ-ն էլ փորձում է իրենով անել բոլոր գործադիր լծակները, դա այնքան ակնհայտ է, որ այն հասկանալու համար պետք չէ քաղաքական մեծ միտք ունենալ»: Մեր հարցին, արդյո՞ք Հայաստանում ընդդիմությունն այնքան կայացած է, որ կարողանա հասնել արտահերթ ընտրությունների, Ա. Բախշյանը այսպես պատասխանեց. «Եթե նայենք ընդհանուր ընդդիմադիր միջավայրը, ապա այն արտահերթ ընտրությունների համար բավարար է, սակայն, այս պահին իրավիճակը կրիտիկական չէ` այդ ընտրությունների անհրաժեշտության համար, բայց չի բացառվում, որ, ելնելով սպասվող գնաճից ու մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումից, իրավիճակը կդառնա կրիտիկական»: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կոալիցիայի հնարավոր կազմաքանդման վերաբերյալ այսպես արտահայտվեց. «Նման բան չկա եւ չի լինի: Կոալիցիայի լուծարման համար ոչ ոք թող սին հույսեր չփայփայի, դա անհնար բան է: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա 2010-ին հարմար չէ այդ թեմայով խոսել»:
«Օրինաց Երկիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արծրունի Աղաջանյանն էլ ասաց. «Չգիտեմ, թե ինչու են ՕԵԿ-ի քայլերին այդպիսի տրամադրված գնահատականներ տալիս: Ցանկացած քաղաքական ուժ կարող է իր մարդկանց հետ կանչել եւ նոր նշանակում անել: Ոչ մի այլ խնդիր չկա: Հետաքրքիր է, ինչո՞ւ ուրիշների արածներին նման գնահատականներ չեք տալիս: Օրինակ, երբ ԲՀԿ-ն կամ Դաշնակցությունը նախարար փոխեցին, նման քննարկումներ չեղան: Իսկ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ասեմ, որ եթե իմ կարծիքին հավատում եք, ապա, կարծում եմ, բացարձակապես անիմաստ է նման հայտարարություն անելը: ՀԱԿ-ը իր ձեւավորման օրվանից ասում է այդ մասին: Մենք հանգիստ տեմպերով աշխատում ու առաջ ենք ընթանում: Ամեն մեկն իր տեղում թող նստի ու տրամադրվի աշխատելու»: