Հասարակական պատվեր չի՞ լինում

18/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պետության հովանու ներքո գտնվող հուշարձանների ցանկից ծածուկ դուրս հանելով եւ այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց փոխանցելով (հետագայում այդ վայրում գտնվող կինոթատրոնը քանդելու եւ Սուրբ Պողոս-Պետրոս պատմական անունը կրող նոր եկեղեցի կառուցելու ակնկալիքով)՝ սկիզբ դրեց մի շարժման, որի օրեցօր ավելացող թափը չի կարող չնկատել միայն լիակատար «կույր» պետությունը:

Հարցը նույնիսկ խղճուկ իրավիճակում հայտնված ու անհետացման վտանգի առջեւ կանգնած հանճարեղ նախագիծը չէ, հարցը որոշումներ ընդունելու սկզբունքն է: Ինչպես նկատում է «Փրկենք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը» քաղաքացիական խմբի ստեղծող, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը. «Ստացվում է, որ մի ձեռքը` պետությունը, պաշտպանում է, իսկ մյուսը` եկեղեցին, քանդում է»: Պետությունն անձեռնմխելի հուշարձանների ցանկ է կազմում, իսկ Էջմիածինն այդ ցանկում ընդգրկված կառույցներից մեկը ընդամենը «բետոնե կույտ» է անվանում ու համոզում է պետությանը վերանայել իր դիրքորոշումները մշակութային արժեքների նկատմամբ: Պետությունն էլ նման թաքուն ձեւով վերանայում է կատարում ու քանդում է այն, ինչը պետք է պաշտպաներ: Եվ ստացվում է, որ որոշումներն ընդունվում են ի հեճուկս հասարակության, քանի որ շրջանցվում ու խախտվում են օրենքները (ինչպես պետական այրերի, այնպես էլ հոգեւոր սպասավորների կողմից): Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ խախտվել է ցուցակի վերանայման ընթացակարգը, քանի որ իրեն հայտնի բոլոր եզրակացությունները դեմ են եղել դահլիճի քանդմանը: «Դա կամայական որոշում է, որի պատճառով ջանասիրաբար ավերվում են պատմական շերտերը»,- ասում է նա: Երեկ նրա հետ բանավիճող Տեր Մխիթար Ալոյանը հռետորական հարց ուղղեց` իսկ դուք որտե՞ղ էիք, երբ եկեղեցիներ էին քանդվում, ոչնչացվում էր Երիտասարդական պալատն, ու հանվում էր Լենինի արձանը: Նա խոստովանեց նաեւ, որ առաջին անգամ է տեսնում, թե ինչպես են բոլոր հավաքվածները եկեղեցու որոշումների դեմ խոսում: «Այդ ամենի մեջ ես պատվեր եմ տեսնում: Չգիտեմ` ո՞ւմ կողմից տրված, բայց պատվեր»,- ասաց հոգեւոր հայրը: Ուշագրավ է, որ նա չի հավատում «հասարակական պատվեր» ասածին, քանի որ, ըստ նրա` հասարակությունը չէր կարող այդքան համախմբված լինել: Մ.Մինասյանը նշեց, որ ճարտարապետները հաճախ են ահազանգել ու սեփական կարծիքը հայտնել Երեւանի դիմագիծը աղավաղող կառույցների ու վերափոխումների դեմ, հիմնականում դա անելով փորձագիտական եզրակացություններով, սակայն «Մոսկվա» կինոթատրոնի դեպքն առանձնահատուկ է, քանի որ դժգոհության ալիքը բարձրացել է քաղաքացիների կողմից: Նամակներ, ստորագրահավաքներ են կազմվում, շուտով սպասվում են նաեւ բողոքի ակցիաներ… Եվ այդ բոլորի նախաձեռնողը հենց հասարակությունն է: Թվում է, որ շատ ավելի աղաղակող ու ցավոտ խախտումներ կան, սակայն այս փոքր (որոշ առումով` լոկալ խնդիրը) մեր հասարակական կյանքում սկսել է կատարել յուրատեսակ կատալիզատորի դեր: Հասարակությունը չի հավատում պետական որոշումների անաչառությանը, իսկ հիմա նաեւ` եկեղեցուն, որի փաստարկները նույնքան կամայական են, որքան փորձագետների կարծիքի անտեսումով ընդունված որոշումները: Տեր Մխիթարն, օրինակ, նշում է, որ այն բարերարը, ով նոր եկեղեցու կառուցման համար գումար է տրամադրում, ընտրում է նաեւ եկեղեցու վայրը: «Չեմ կարող ասել այն բարերարի անունը, ով կառուցելու է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, բայց նա հենց այդ վայրն է ընտրել»,- ասաց նա:

Գրեթե բոլոր հայաստանցի ճարտարապետները միաբերան պնդում են, որ դեմ են որեւէ շինություն քանդելու որոշմանը: Ըստ ճարտարապետների` քանդման արարողությունից կարելի է խուսափել` չմարտնչելով պատմական արդարության դեմ: Միեւնույն է, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին չի կարող իր պատմական տեսքն ունենալ, քանի որ նախկինում այն ավելի մեծ տարածք էր զբաղեցրել, քան հիմա է հատկացվում: Եվ հետո էլ, հին եկեղեցին գտնվել է ոչ թե ամառային դահլիճի, այլ հենց փակ կինոթատրոնի տեղում, եւ եթե հաշվի առնենք այն փաստը, որ մոտակայքում չկառուցապատված տարածքներ կան, եկեղեցին կարելի է կառուցել դատարկ վայրում ու պահպանել ամառային դահլիճը: Էջմիածինը պնդում է, որ իր համար միակ արժեքը եկեղեցիների կառուցումն է, եւ վանքապատկան տարածքները պետք է եկեղեցուն վերադարձվեն: Տեր Մխիթարը հիշատակեց, որ Հայաստանի գյուղերում անգամ դպրոցներ ու գրադարաններ չկան, իսկ հիմա բոլոր այդ կարեւոր հարցերը թողած` մարդիկ եկեղեցու դեմ են դուրս եկել: Մարդիկ բնավ էլ եկեղեցու դեմ դուրս չեն եկել, այլ ուզում են դպրոցներ, գրադարաններ ու կինոթատրոններ ունենալ: Եվ չեն կարող հասկանալ հոգեւորականների դիրքորոշումը, չէ՞ որ նոր եկեղեցիների կառուցմամբ չի ավելանա դպրոցների, գրադարանների, թատրոնների քանակը: Մանավանդ որ, եկեղեցիներից մեկը նախատեսվում է կառուցել եզակի բացօթյա ամֆիթատրոնը քանդելով: Այսօրվա Հայաստանում, որտեղ ամեն քայլափոխի վարկաբեկվում է ամենամեծ արժեքը` պետականությունը, սկսել է անկում ապրել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը: Տեր Մխիթարն ասում է. «Եկեղեցիները կառուցվում են վատ ժամանակներում»: Արդյո՞ք մենք հիմա վատ ժամանակներում ենք ապրում: Արդեն 19 տարի է, ինչ անկախ ու ազատ պետություն ենք: Եվ ֆինանսական, հոգեւոր, քաղաքական, սոցիալական, մշակութային եւ բարոյական ճգնաժամերը չեն կարող խլել մեզանից բարձրագույն արժեքը` պետականությունը, որի ընդերքում եւ ձեւավորվում է հասարակական կարծիքը: