Լուսանկարները նաեւ հիշողություններ են

08/09/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարները ներկայացնում են 1988 թվականից մինչ այսօր ընկած
ժամանակահատվածի պատմությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը
նաեւ սրճարան է, հեղինակը շատ նկարներ չի ցուցադրել, քանի որ դրանք կարող
են ծանր տպավորություն թողնել մարդկանց վրա: «Երկրաշարժի դիակների կամ
պատերազմի մասին լուսանկարները կարող են սրճարանի մթնոլորտի վրա ազդել,-
ասում է Ռ. Մանգասարյանը,- Շաքեի (սրճարանի տիրուհու.- Լ.Ս.) հետ վաղուց
էինք պայմանավորվել, որ սեպտեմբերին Անկախության տոնի հետ կապված գործերս
ցուցադրվեն: Ես հատկապես ընտրել եմ այս սրճարան-ակումբը, որովհետեւ ինձ
համար սրճարանում լուսանկարներս ցուցադրելն ամենահավաքական ձեւն է: Թեեւ
շատ նկարներ մամուլում հրապարակվել, օգտագործվել են, այնուամենայնիվ, նման
հավաքական ցուցադրություն առաջին անգամ է արվում»: Հեղինակի հավաստմամբ՝
շարքը հետագայում կդառնա մեծ ցուցահանդես, որին կհաջորդի նկարների տեսքով
անկախության պատմության գրքի հրատարակումը: Ռ. Մանգասարյանի կարծիքով,
բացի նրանից, որ լուսանկարչությունն արվեստ է, այն շատ ազդեցիկ է,
մարդկանց ավելի շատ տեղեկատվություն է տալիս, քան տեքստերը կարող են տալ:

«Ցուցադրության համար արխիվն էի նայում, ծանր բան է, էմոցիաները, դեպքերը
վերհիշում ես,- ասում է հեղինակը,- լուսանկարները նաեւ հիշողություններ
են»: Ցուցադրությունը բաղկացած է երեք մասից՝ ղարաբաղյան շարժումը,
երկրաշարժը, էներգետիկ ժգնաժամը նկարագրող լուսանկարչական աշխատանքներից: