Կոալիցիոն սիրով միաբանվածները

18/03/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից»,- արձանագրում է ՀՀ Սահմանադրությունը: Արձանագրում, բայց չի ասում, թե ինչու: Փոխարենը Սահմանադրության հինգ հոդվածում բացատրված են կառավարության գործառույթները: Բացատրված են` հղկված ու խմբագրված նախադասություններով: Բայց դրանք ընթերցելն ամենեւին էլ պարտադիր չէ: Սահմանադրության մյուս հոդվածների նման` դրանք իրականության հետ աղերս չունեն: ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետում, օրինակ, գրված է՝ «Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում կամ ազատում է կառավարության անդամներին»: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ վարչապետն ահագին բարձր լիազորություններ ունի: Կարելի է ենթադրել, թե վարչապետը 18 նախարարից բաղկացած կառավարություն է առաջարկել ՀՀ նախագահին: 18 նախարարի հետ ամեն շաբաթ «կառավարության նիստ» անունով միջոցառումներ է անցկացնում: Երկրի ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրներ է քննարկում: 18 նախարարի հետ ծրագրեր է կազմում ու իրագործում: Բոլորով փորձում են հաղթահարել համաշխարհային ճգնաժամի հետեւանքները: Բայց իրականում բոլորովին այլ պատկեր է: Այլ ու տարօրինակ: Օրինակ, մի երկու ամիս առաջ վարչապետը գործի գալուց հետո տեղեկացավ, որ կառավարության կազմում փոփոխություն է տեղի ունեցել: Սպորտային լրագրության բառապաշարով ասած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր նախարար էր փոխարինման հանել: Մեր վարչապետը համակերպվեց փոփոխման հետ ու նոր կազմով շարունակեց երկրի սոցիալ-տնտեսական հարցեր քննարկել ու իրագործել: Բայց երկու օր առաջ կատարվածն արդեն ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: «Օրինաց Երկիր» կուսակցությունը որոշեց ու փոխեց իր երկու նախարարներին: Հետո կուսակցության ղեկավարը հասարակությանը բացատրեց. «Հիմա հարց` Համաձայնեցվա՞ծ է արդյոք ՀՀ նախագահի հետ: Իհարկե: Պարտադիր, որովհետեւ մենք քաղաքական թիմ ենք, եւ մեր նախարարների թեկնածությունները մեզ համար շատ կարեւոր են, որ նրանք հավանության արժանանան հանրապետության նախագահի կողմից»: Խոր միտք է: Խոր ու հատու: Ոչ մի խոսք ՀՀ վարչապետի եւ ՀՀ Սահմանադրությամբ նախարարների առաջադրման նրան վերապահված իրավունքի մասին: Ավելին, կարելի է ենթադրել, որ կառավարական կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների կարծիքով՝ ՀՀ նախագահի հավանությունը ընդամենը կարեւոր է: Կարեւոր, բայց ոչ որոշիչ: Պատկերացրեք՝ կոալիցիայի անդամ կուսակցության լիդերը աշխատասեղանի դարակից ինչ-որ բլանկ է հանում, անուն-ազգանունը լրացնում ու տալիս մեկի ձեռքը, թե՝ «Կգնաս այսօրվանից Տրանսպորտի նախարարությունը կղեկավարես, բայց տես հա, մեզ համար շատ կարեւոր է, որ հավանության արժանանաս հանրապետության նախագահի կողմից»: Աշխատանքային այս պայմաններում, կամ ավելի կիրթ ասած` քաղաքական կուլտուրայի այս մակարդակում մեր վարչապետից ավելին պահանջելը գոնե խոհեմ չէ: Կառավարությունը` որպես քաղաքական մարմին կամ մենեջերների խումբ, ծրագրեր է մշակում: Նախարարները գնում իրենց «ՀՀ նախարարություն» ցուցանակը կրող գրասենյակներում տեղայնացնում են այդ ծրագրերը, աշխատանքային գրաֆիկներ կազմում, հանձնարարականներ տալիս: Բայց հաջորդ օրը նախարարի հարազատ կուսակցությունը նոր նախարար է աշխատանքի ուղարկում: Վարչապետին մնում է այս նորին նախ ծանոթացնել կառավարության մյուս անդամների հետ, հետո ձեռքը բռնած տանել ու ներկայացնել տվյալ նախարարության աշխատակազմին: Վարչապետն անգամ նախարարներին նկատողություն անելու իրավունք չունի: Այլապես նախարարը կգնա հարազատ կուսակցություն, ուր ղեկավարի հետ ասուլիս կանի ու կասի, որ ինքը մտադիր չէ հրաժարական տալ, որովհետեւ իրեն նշանակողն ու աշխատանքը գնահատողը միայն իր հարազատ կուսակցությունն է: Հարազատ ու կոալիցիոն: Ինչպես, օրինակ, գյուղնախարարի պարագային եղավ: Վերջին օրերի գործընթացներից դժվար չէ ենթադրելը, որ կառավարությունը մենեջերների կամ քաղաքական դեմքերի միասնական մարմին չէ: Էկոնոմիկայի նախարարը պատանեկան խանդավառությամբ շտապել էր ազգին աչքալուսանք տալ, որ տնտեսական ճգնաժամը երկրում ավարտվել-պրծել է: Կոալիցիոն կուսակցական ղեկավարներից մեկը հրապարակավ չէր համաձայնել սույն նախարարի հետ ու մի թեթեւ` կոալիցիոնաբար քննադատել էր: «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին»: Ասվածից դժվար չէ եզրակացնել, թե որքան կուռ ու միասնական է մեր հոգեհարազատ կառավարությունը իր գործունեության մեջ: Բայց «Հլը քեզ նայի» որակի խոսք ու զրույցը այսքանով չավարտվեց: Կոալիցիոն պատգամավորներից մեկը հակադարձեց՝ «Ներսես Երիցյանը շատ երկար ճանապարհ ունի անցնելու»: Հետո խառնվեց Երիցյանի հարազատ կուսակցության մամլո խոսնակ եւ մեկ այլ կոալիցիոն պատգամավոր: Խառնվեց ու կոալիցիոն կոսակցությանը փորձեց տեղը դնել. «Տիկին Զոհրաբյանին կհորդորեի չանցնել կոռեկտության եւ էթիկայի սահմանները եւ ոտքերը մեկնել իր վերմակի չափով»: Վեճը փակելու փորձ արեց վարչապետը՝ միասնության հորդորով: «Բոլոր նախարարություններում էլ կան թերություններ եւ բացթողումներ»,- հայտարարեց վարչապետը: Նա, փաստորեն, տեսնում է դրանք: Պարզապես շտկելու հնարավորություն չունի: Հաշվի առնելով վարչապետի գործունեության կոալիցիոն ծանրագույն պայմանները՝ կարելի է նրան չքննադատելու միամսյակ հայտարարել: