Հերթական բարբարոսությունը

18/03/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի Պուշկինի 3 շենքի բնակիչներն արդեն երկու տարի Աբովյան 8 հասցեում կառուցվող էլիտար շենքի հող ու փոշին շնչելուց հետո դեռ չէին հասցրել մի կուշտ թթվածին շնչել, հիմա էլ ստիպված են պայքարել մի բանի համար, որը ցանկացած քաղաքակիրթ երկրում սոցիալական բունտ կառաջացներ:

Բանն այն է, որ մարտի 11-ին, առավոտյան ժամը 6-ին, Պուշկինի 3 հասցե, Ժուռնալիստների տան շենքի հարակից տարածք են ներխուժել ոստիկանական բրիգադներ` տեղանքի «խաղաղությունն» ապահովելու եւ անարդարության զգացումից սթրեսի մեջ ընկած բնակիչների հարձակումը կանխելու նպատակով: Այնուհետեւ դրան հաջորդել է էքսկավատորների, ինքնաթափերի եւ բուլդոզերների շարանի մուտքը վերոնշյալ հասցե: Շինարարական բրիգադն անմիջապես գործի է անցել, եւ սկսել են շատ արագ քանդել 10 հարկանի շենքի ճակատային մասը, ասել է թե` Ժուռնալիստների տան դիմացի հատվածը: Աբովյան 8 նորակառույց էլիտար շենքի սեփականատեր Սամվել Մայրապետյանը որոշել է իր շենքի բնակիչների «կոմֆորտն» ապահովել հարակից շենքի հաշվին: Հետեւաբար հսկայական տարածությամբ փոսը փորվում է, որպեսզի 10 մետր խորությամբ երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցվի: Դեռ մեկ ամիս առաջ Պուշկինի 3 շենքի ճակատային հատվածի կանաչ գոտին բավականին «անձայն» վերացվեց, ինչը, չնայած բնակիչների դժգոհություններին, անաղմուկ անցավ: Սակայն մարտի 11-ին ոստիկանական եւ շինարարական բրիգադների առկայությունից 10 հարկանի շենքի 72 բնակարանների սեփականատերերը գլխի են ընկել, որ Սամվել Մայրապետյանի «օպերացիան» իրենց շրջափակման մեջ է գցել, որի արդյունքում անգամ աղբահան մեքենան չի կարողանում մուտք գործել շենքի բակ՝ աղբահանություն կատարելու համար: Հետաքրքիրն այն է, որ շենքի բնակիչներն ի սկզբանե շինարարության աշխղեկից, էլիտար շենքի ներկայացուցիչներից պահանջել են շինարարության թույլտվություն ներկայացնել, սակայն կառուցապատողը թույլտվություն չի ունեցել: Այս հանգամանքը թերեւս զարմանալի չէ, քանի որ մեր քաղաքում բարի ավանդույթ է դարձել շինարարությունն իրականացնելուց հետո օրինական փաստաթղթեր ձեռք բերելը: Մանավանդ, որ կառուցապատողը Ս. Մայրապետյանն է, ում համար ցանկացած տարածքում ցանկացած շինություն կառուցելը խնդիր չէ: Մինչդեռ, թե ինչ գնով են մեր գործարարներն իրականացնում իրենց շինարարական ծրագրերը` դատեք ինքներդ: Երեկ խմբագրություն էին դիմել շենքի բնակիչները, ովքեր վրդովված ու զայրացած պնդում էին, որ իրենք դիմելու են ցանկացած մարմնի` կասեցնելու համար այդ շինարարությունը: «Պայքարելու ենք բոլոր մեթոդներով, եւ թող չկարծեն, թե մեր ձայնը որոշիչ չի լինելու: Այս շենքում ապրում են ինտելեկտուալ, կրթված մարդիկ, եւ անարդարության դեմ պայքարն արդյունք ունենալու է: Փողը չի կարող մշտապես հաղթել: Ի վերջո, փողով չի կարելի մարդկանց ստորացնել, նստել մարդկանց գլխին, փակել ճանապարհները, փակել օդն ու ապրելու իրավունքը: Թող չկարծեն, թե հաշտվելու ենք էդ մտքի հետ, ամեն քայլի դիմելու ենք: Ի վերջո, մեր ղեկավարները մի օր պիտի՞ պաշտպանեն քաղաքացու շահերը, թե՞ պիտի շարունակեն փողատերերի կոմֆորտն ապահովելու համար բոլորիս ոտնատակ անել»,- մեզ հետ զրույցում դժգոհում էին բնակիչներն, ովքեր իրենց «անզոր» կարգավիճակը գիտակցելով, կարելի է ասել, ցայտնոտի մեջ էին: Նրանց պատմելով` մինչեւ այս գործողությունները սկսելը իրենց շենք են եկել «ոմն Դավիթ Մելքոնյան եւ Արթուր»` բնակիչներին տեղեկացնելով, որ էլիտար շենքին կից փոքրիկ ավտոկայանատեղիի համար մուտք բացելու ստորագրություն են հավաքում: Ոմանք ենթադրելով, որ ավտոկայանատեղիի մուտք բացելն առանձնապես շենքին չի խանգարելու` ստորագրել են, մանավանդ, որ խոստացել են տարածքը կանաչապատել: Հետագայում պարզվել է, որ Դավիթն ու Արթուրն իրենց միանգամայն այլ կերպ են ներկայացրել խնդիրը: «Մեր շենքի բնակիչների համաձայնությունը նմանատիպ շինարարության՝ երբեւիցե չի եղել: Մի քանի բնակիչ ստորագրել են էլիտար շենքին կից մուտք բացելու համար, որը, հետագայում պարզվեց, խաբեություն է եղել: Դավիթն ու Արթուրը խաբել են բնակիչներին, որովհետեւ նրանք լրիվ այլ բանի համար են թույլտվություն խնդրել: Ոմանց համոզել են, ոմանց աշխատավայր են գնացել, շանտաժով, խաբելով` ստորագրությունը ստանալու համար: Խաբելով, սուտ խոսելով համոզել են մի քանիսին, բայց մեծ մասը չեն ստորագրել: Շատերը վռնդում էին, նորից գալիս էին: Դռնից հանում էիր` պատուհանից էին ներս մտնում: Ամբողջ օրը ագիտացիա էին անում, որ մի երկու ստորագրություն ստանան: Երեւի ժէկի պետի պաշտոն կամ մի բան են խոստացել դրա համար»,- ասում են շենքի բնակիչները` ներկայացնելով Պուշկին փողոցի 3 շենքի բոլոր բնակիչների ստորագրությունները, որով դեմ են նման շինարարական աշխատանքներին: Ի դեպ, հարկ է նշել, որ դեռ հունվար ամսին, երբ բնակիչները նկատել են շենքի բակի աժիոտաժը, դիմում են գրել ՀՀ Քաղաքաշինության նախարարություն` խնդրելով պարզաբանել տարածքում շինաշխատանքներ կատարելու ծրագրերի մասին: Սակայն ՀՀ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Բաղդասարյանը պատասխանել է գրավոր, որի բովանդակության համաձայն` բնակիչներն անհանգստանալու առիթ չունեն. «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի Քաղաքաշինական պետական տեսչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարին հասցեագրված Ձեր դիմումում բարձրացված հարցերը` կապված Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 3 շենքի ճակատային հատվածում իրականացվելիք քաղաքաշինական գործունեության մտավախության հետ, եւ հայտնում ենք հետեւյալը. Տեղում կատարված տեղզննությամբ պարզվել է, որ ներկայումս վերը նշված հատվածում որեւէ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում եւ քաղաքաշինական գործունեություն սկսելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել»,- նշված է պատասխան գրության մեջ: Չնայած այս հավաստիացումներին, այդուհանդերձ, օրեր առաջ տարածքում աշխատող բուլդոզեր մեքենան նույնիսկ ջարդել է շենքի ջրատար մայր խողովակը, որի պատճառով բնակիչները զրկվել են ջրամատակարարումից: «Հիմա իրենց 10 մետր խորությամբ ավտոկայանատեղի կառուցելու համար անհրաժեշտ է ջրատար խողովակները ջարդուփշուր անել ու տեղադրել գետնի վրա: Իսկ եթե ջրագիծը գետնի վրա տեղադրեն` ամբողջ ձմեռ ջուրը սառելու է: Էլ չենք խոսում անընդհատ վթարային իրավիճակ ստեղծվելու մասին: Իրենց կոմֆորտի համար, փաստորեն, քանդելու են էն, ինչն իրենց խանգարում է»,- ասում են բնակիչները` ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի փաստաթուղթը համարելով «անկշիռ աղբ»: Բնակիչների հավաստմամբ` ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար կառուցապատողը շրջանցել է անվտանգության բոլոր նորմերը: Չի բացառվում, որ 10 մետր խորությամբ փոս փորելու արդյունքում վնասվի շենքի հիմքը, ամրությունը. «Երեւի իրենց էլ դա է պետք: Ուզում են էս շենքը վթարայինի անվան տակ վերացնեն, որովհետեւ հավանաբար Մայրապետյանի դուրն էս տարածքն էլ է գալիս: Էս դեղին էլիտարների արանքում, հին, պատմություն ունեցող շենքն իրենց աչքը ծակում է: Կսարքեն վթարային ու Հյուսիսային պողոտայի բնակիչների օրը կգցեն: Սա բարբարոսություն է. 72 բնակարաններում ապրող մարդիկ փաստորեն ոչինչ են էս երկրի համար: Մենք էլիտա չենք, մարդ չե՞նք: Էլիտան մենք ենք, որովհետեւ մտավորականներ ենք, կրթություն ունենք, լավ ընտանիքներ ենք: Իսկ իրենք բարբարոսներ են, ովքեր միայն կարողանում են քանդել ու ստորացնել մարդկանց»,- ասում են նրանք` եւս մեկ անգամ վստահեցնելով, որ շինարարություն իրականացնելու թույլտվություն, այնուամենայնիվ, կառուցապատողը չունի: Բնակիչների փաստաթղթերը ներկայացնելու պահանջներին ի պատասխան՝ կառուցապատողի ներկայացուցիչները, որպես կանոն, մերժում են: Մինչդեռ, ՀՀ Քաղաքաշինության մասին օրենսգրքի «Քաղաքաշինության գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները» հոդված 13-ը սահմանում է. «Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին: Մինչեւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հաստատումը` մասնակցել դրանց քննարկմանը, ներկայացնել իրավական եւ նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր եւ ծրագրեր»: Ինչպես նշեցինք, օրենքով սահմանված կարգով գործելու փոխարեն՝ կառուցապատողը տարածք է մուտք գործել ոստիկանական բրիգադներով:

Ի դեպ, օրեր առաջ շինարարության աշխղեկն ինքն է դժգոհել, թե գլխավոր հատակագիծ գոյություն չունի, ինչի հետեւանքով էլ շինարարները կոտրել են ջրագիծը: Ինչեւէ, շենքի բնակիչները դիմում-բողոքներ են ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Քաղաքաշինության նախարարին եւ Երեւանի քաղաքապետին` պահանջելով կասեցնել շինարարությունը: Վերջիններս հայտարարում են, որ կանգ չեն առնելու եւ դիմելու են բոլոր հնարավոր եւ անհնարին թվացող քայլերի: Մենք դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության բաժնի պետ Հայկ Ասատրյանին` ճշտելու համար, թե արդյո՞ք կառուցապատողն այնուամենայնիվ ունի շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն: «Այո՛, կառուցապատողն ունի ինչպես նախագիծ, այնպես էլ` շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն»: Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞ր ամսաթվով է Երեւանի քաղաքապետարանն արձակել այդ թույլտվությունը: Վերջինս պատասխանեց` «2007 թվականին»: Այսինքն` այն ամսաթվով, որով Ս. Մայրապետյանը մեկնարկել է Աբովյան 8 էլիտար շենքի շինարարությունը: Մինչդեռ, արդյո՞ք այդ թույլտվությունը համաձայն ՀՀ Քաղաքաշինության մասին օրենսգրքի՝ չի համարվում ուժը կորցրած: Հ. Ասատրյանը պատասխանեց` «Ոչ, այդ փաստաթղթերով կառուցապատողն իրավունք ունի շինարարություն իրականացնել»: