Դա այն հարցը չէ

18/03/2010

Ներկա պահին չի սպասվում, որ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը ներառվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին ասել է Կալիֆոռնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը: «Ինչքանով ես գիտեմ` Օբամայի վարչակազմը եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը համաձայնության են եկել: Ներկայացուցիչների պալատը որոշել է առայժմ չքննարկել այդ բանաձեւը: Սակայն ԱՄՆ-ի հայ համայնքը պետք է շարունակի իր ճնշումները բանաձեւի հարցում եւ պատրաստ լինի. ի վերջո այդ բանաձեւը հայտնվելու է լիագումար նիստի օրակարգում»,- ասել է նա: Ռադանովիչը բանաձեւի քվեարկության ժամանակ «դեմ» քվեների մեծ քանակը բացատրել է կոնգրեսականների նկատմամբ ճնշումներով: «Այս տարի ճնշումները բավական շատ էին: Լուրջ դիմադրություն էր նկատվում Պետքարտուղարության կողմից: Եվ Արտաքին քաղաքական գերատեսչության այն դիրքորոշումը, թե բանաձեւի ընդունումը սխալ է լինելու, ինքնաբերաբար լուրջ ճնշումներ էր գործադրում կոնգրեսականների նկատմամբ»,- նշել է նա: Ի պատասխան հարցին, թե Կոնգրեսի լիագումար նիստում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն արդյո՞ք կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին, Ջ. Ռադանովիչը հայտարարել է. «Բանաձեւի ընդունման դեպքում թուրքերը 3 ամիս կտխրեն եւ կնեղանան, որից հետո հարաբերությունները կվերադառնան իրենց բնականոն հուն, որովհետեւ, ինչպես ԱՄՆ-ը Թուրքիայի կարիքն ունի, այնպես էլ Թուրքիան` ԱՄՆ-ի: Իսկ դա այն հարցը չէ, որի համար արժե փչացնել հարաբերությունները»: