ԴԱՀԿ-ն առայժմ չի վտարել

18/03/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում «Գաղտնի ճանապարհով բնակարանը յուրացրել են» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք Նոր Արեշ 46/37 հասցեի բնակիչ Աննա Փամբուխչյանի խնդիրը:

Հիշեցնենք, որ Ա. Փամբուխչյանը սկեսրոջ եւ ամուսնու մահից հետո օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետում ժառանգության հարցը չէր հասցրել լուծել այն պատճառով, որ սկեսրոջ մահից չորս ամիս անց մահացել էր նաեւ ամուսինը: 2006թ. նրանց բնակարան են ներկայացել չափագրողներ եւ տեղեկացրել են, որ Նոր Արեշ 46/37 հասցեն ունի սեփականատեր, որն է` Սոնյա Թովմասյանը (ամուսնու քույրը, ով 1989-ից բնակվում է ԱՄՆ-ում եւ երբեք վերոնշյալ հասցեի գույքը չի տիրապետել): Ա. Փամբուխչյանը պնդում էր, որ տալը` Սոնյա Թովմասյանը, հանցավոր համաձայնության գալով ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի «Էրեբունու» տարածքային ստորաբաժանման ղեկավարի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի եւ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ, 10-օրյա ժամկետում ժառանգության գործարքը կատարել է գաղտնի կերպով, որի մեջ առկա են քրեորեն հետապնդելի հանցանշաններ: Հիշեցնենք, որ Ա. Փամբուխչյանին եւ նրա երկու որդիներին Արդարադատության նախարարության «Դատական ակտերի հարկադիր կատարման» (ԴԱՀԿ) ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտի 15-ին իրենց բռնի կերպով վտարելու են Նոր Արեշ 46/37 հասցեում գտնվող բնակարանից: Սակայն երեկ վերջինս մեզ տեղեկացրեց, որ նույն օրը ԴԱՀԿ-ից իրենց զանգահարել եւ տեղեկացրել են. «Նրանց ասեցին` թերթում հոդված է եղել, դրա համար երկարաձգում ենք: Մամուլով աղմուկ է բարձրացել»: Այնուհետեւ ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ իրենց այցելությունը կկայանա մյուս երկուշաբթի օրը: Այսինքն` ԴԱՀԿ-ից ժամանակ են տվել, որպեսզի Ա. Փամբուխչյանն այս գործարքի վերաբերյալ նյութերը, ինչպես նաեւ` դիմում-բողոքներ ուղարկի համապատասխան մարմիններին: Ի դեպ, մեզ հետ զրույցում նա նաեւ տեղեկացրեց, որ ԴԱՀԿ-ից իրենք երբեք ծանուցագիր չեն ստացել, իսկ այցելությունների մասին այս կառույցից տեղեկացնում են հեռախոսազանգերի միջոցով: Ա. Փամբուխչյանի որդին` Աղասի Համբարձումյանը, երեկ դիմել է ՀՀ նախագահի վերահսկողության բաժին, որտեղից խորհուրդ են տվել դիմել ՀՀ Դատախազություն: Վերջինս երեկվա դրությամբ դիմում-բողոքներ է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար ին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ՝ ՀՀ գլխավոր դատախազին: Ի դեպ, Ա. Համբարձումյանը մեզ ասաց, որ Ս. Թովմասյանի կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու վերաբերյալ 2009-ին իր մայրը` Ա. Փամբուխչյանը, դիմել է Ոստիկանություն: Ա. Փամբուխչյանի հաղորդման հիման վրա հարուցված թիվ 12126308 քրգործի կապակցությամբ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Ա. Պետրոսյանը քրգործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության Էրեբունու ստորաբաժանումից Ա. Փամբուխչյանին հորդորել են. «Մենք գիտենք, որ ձեր նկատմամբ անօրինական գործողություններ են կատարել, բայց էս գործի հետեւում էնպիսի մարդիկ են կանգնած, որ մենք ոչինչ անել չենք կարող»: Ինչեւէ, Ա. Փամբուխչյանը պնդում է, որ դիմելու է բոլոր կառույցներին` պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանի կազմած Նոր Արեշ 46/37 հասցեի բնակարանը Սոնյա Թովմասյանին սեփականության իրավունքով տրամադրելու ժառանգական գործը, որն, ըստ Ա. Փամբուխչյանի` կազմվել է ակնհայտ կեղծիքներով եւ մեր երկրում կիրառվող բարի ավանդույթով` կաշառքի միջոցով: