– Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ: Դժվա՞ր գործընթաց էր:
– Երբ դեռ օրենքը նոր էր ընդունվել, ես առաջիններից մեկն էի, որ դիմում էի ուղարկել դեսպանատուն: Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելն ունի տարբեր խորհուրդներ: Նախեւառաջ` բարոյական: Համաձայն միջազգային փաստաթղթի` քաղաքացիության ձեռքբերումը պայմանավորված է ինքնության եւ ազգության ճանաչմամբ: Կարծում եմ` ամենակարեւորը նաեւ այն է, որ քաղաքացիությունը առաջիկա մեր սերունդների շառավիղների հայ լինելը կամ հայ լինելու ինքնությունն ամրագրող իրավական փաստաթուղթ է: Թեեւ սփյուռքահայության համար այն առանձնահատուկ խորհուրդ ունի: Սփյուռքը, ապրելով հայրենիքից հեռու, քաղաքացիության շնորհիվ հայրենիքի նկատմամբ կապն ավելի է սերտացնում: Քաղաքացիության ձեռքբերումը նաեւ մեծ խթան է մեր հետագա սերունդների համար` Հայաստանի հետ կապ հաստատելու առումով: Քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի առաջին փուլը դիմում ներկայացնելն է դեսպանատուն: Այնուհետ սկսվում են հաշվառման եւ այլ գործընթացները: Կարծում եմ` նման գործընթացները պետք է ավելի հեշտացվեն, որպեսզի մարդիկ ավելի խանդավառ լինեն ՀՀ քաղաքացի դառնալու համար: Մինչդեռ իրականում թղթաբանական այս գործընթացները բավական երկար են տեւում, չնայած այսօր գործում է նաեւ փոքր-ինչ պարզեցված կարգ: Ամեն դեպքում յուրաքանչյուր հայ իր պարտքը պետք է կատարի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու համար:
– Շա՞տ երկքաղաքացիներ ունենք Լիբանանում:
– Դժբախտաբար նրանք շատ չեն: Համոզված եմ, որ դրա պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը համեմատաբար նոր է սկսվել: Այս ամենը պետք է նաեւ լուսաբանվի ԶԼՄ-ներում` սկսած թղթաբանությունից մինչեւ տարբեր հանգրվաններ: Օրեցօր գործընթացն ավելի դյուրին է դառնում. այսօր ավելի դյուրին է, քան երեկ, վաղն ավելի դյուրին կլինի, քան այսօր:
– Լիբանանի քաղաքացիություն ունենալով` ինտեգրվո՞ւմ եք տեղի հասարակությանը:
– Լիբանանը միջհամայնքային համակարգի վրա կառուցված երկիր է` թե՛ սահմանադրությամբ, թե՛ պետական համակարգով, թե՛ քաղաքական դաշտով, թե՛ պետական հաստատություններով: Այնտեղ կա 7 կարեւոր համայնք` մուսուլմանների եւ քրիստոնյաների որոշ շերտավորումներով, որոնցից մեկը հայ համայնքն է: Այս իմաստով յուրահատկություն չկա, քանի որ բոլորս էլ համարկված ենք այս ընդհանուր համակարգում: Իսկ տարբերությունն այն է, որ մեր համայնքը, բարեբախտաբար, տիրապետում է հայերենին եւ կարող է իր հայախոսությամբ եւ կրոնով զատորոշվել: Եթե երեկ որոշակի դժվարություններ կային, հատկապես հաշվի առնելով Ցեղասպանություն տեսած անմիջական սերունդը, որ լիբանանյան հասարակությունից տարանջատված էր իրեն զգում, ապա այսօր նման խնդիր գոյություն չունի: Եվ կարելի է վստահաբար ասել, որ համարկումը լիարժեքորեն իր ենթահողը շահել է: Միայն թե տվյալ պարագայում շատ նուրբ տարբերություններով պետք է դիտարկել համարկումն ու ձուլումը: Համարկումը դրական իմաստ ունի, մինչդեռ ձուլումը նշանակում է կորցնել ինքնությունդ, ազգությունդ, եկեղեցիդ: Այս վտանգը կա ինչպես սփյուռքի այլ գաղութներում, այնպես էլ հետզհետե նկատվում է նաեւ Լիբանանի հայ համայնքի դեպքում: Սա, անշուշտ, լուրջ խնդիր է, որը մենք պետք է կարողանանք զատորոշել` աշխատելով «այո»` համարկումին եւ «ոչ»` ձուլումին սկզբունքներով:
– Այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը: Գուցե հոգնե՞լ են հայապահպանման համար մղվող ամենօրյա պայքարից:
– Հայապահպանման իմաստով գուցե ճիշտ է, որովհետեւ այնտեղ ցանկացած ոլորտ, այնուամենայնիվ, հայկական չէ: Բայց եթե հայապահպանումն ընդհանուր մեր սփյուռքի կազմակերպական աշխատանքների առաջին հանգրվանն էր, ապա այսօր այժմյան հանգրվանը կուզեի բնորոշել ոչ թե հայապահպանմամբ, այլ ամբողջ սփյուռքի գաղութներում հայկական գործոնի վերացմամբ: Գաղափարախոսական առումով սա մտածելու տեղիք է տալիս, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե մեկ գաղութի մասին է կամ սփյուռքի զանազան գաղութների, այլ հայկական ամբողջ աշխարհի, որը հայրենիքին առընթեր ներառում է նաեւ սփյուռքը: Իսկ այնտեղ, որտեղ կա հայկական կազմակերպ համայնք կամ ուժ, ուրեմն` զանազան ոլորտների առկայությամբ կա նաեւ հայկական դերակատարության, գործոնի համար համապատասխան ենթահող պատրաստելու աշխատանք: Ես կուզեի այս ժամանակաշրջանը բնորոշել հետեւյալ կերպ` «հայապահպանություն` շատ ավելի»:
– Հայաստանում տեղաշարժեր նկատո՞ւմ եք:
– Իմ աշխատանքի բնույթից ելնելով` ես հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայաստանի քաղաքական կյանքում նախկին լարվածությունը, կարծես, մարել է: Այնուամենայնիվ, ինքս չեմ նկատում: Այստեղ կարեւոր է լրատվության հոսքի մաքրազտումը, անկողմնակալ լրատվության ձեւավորումը, եւ լուրերն ընդհանուր շղթայում տեղադրելու, ուսումնասիրելու միտքը: Ցավոք, Հայաստանում որեւէ իրադարձություն լուսաբանելիս լրատվական միջոցն ունենում է իր կանխավ դիրքորոշումը, ինչպես նաեւ լուրը մեծացնելու կամ փոքրացնելու, այն ավելի ազդեցիկ դարձնելու իր եղանակները: Այս ամենը լրագրողական աշխատանքներին է առնչվում: Առարկայական անկողմնակալ մոտեցումների համար նրանց օգտակար կլինեն զրույցներն ու ճանաչումը: Այսօր Հայաստանում ծայրահեղականացված մոտեցումներ են տիրում` մեկը զբաղված է եղածը սեւացնելով, նսեմացնելով, իսկ մյուսը` չափազանց գովերգելով: Սրանք երկուստեք նպաստավոր չեն` հատկապես հաշվի առնելով համահայկական հասարակական առողջ քաղաքացիություն կազմավորելու գործոնը: Եթե տեղաշարժերը չդիտարկենք շինարարության տեսանկյունից, ապա քաղաքական իմաստով լարվածությունը զգալի թուլացել է:
– Այսօր սփյուռքը ի՞նչ հոգատարություն է զգում ՀՀ իշխանություններից: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ապրողները սփյուռքահայությանը հիշում են միայն փող հավաքելու մարաթոնների ժամանակ, «Եվրատեսիլ» երգի մրցույթում ձայներ հավաքելու համար եւ այլն: Այսինքն` մենք, այսպես ասած, նեղն ընկած ժամանա՞կ ենք հիշում սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
– Պետության հոգածությունը սփյուռքին պետք է դատեն պետական համապատասխան հաստատությունները, ինչպես նաեւ այդ ամենը համակարգող Սփյուռքի նախարարության աշխատանքը դեպի սփյուռքը: Պետք է նկատել նաեւ, որ երեւույթը դեռ նոր է, որտեղ աշխատունակություն կա: Համասփյուռքյան դաշտը բավական բարդ է: Նախ՝ սփյուռքն ինքը միավորված չէ: Այսօր կան դասական եւ նոր սփյուռք հասկացություններ: Սփյուռքը ենթարկվել է ձեւափոխության:
– Վա՞տ իմաստով:
– Չէի ասի` վատ: Դասական սփյուռքը մենք ընկալում ենք իբրեւ ցեղասպանությունից հետո ձեւավորված, իսկ նոր սփյուռքը Հայաստանից նոր գաղթածներն են, որոնք քանակական առումով շատ զգալի են: Նոր սփյուռքը ճանաչողական մի շարք խնդիրներ ունի ցուցակագրելու ԶԼՄ-ները, եկեղեցիները, հայրենակցական միությունները, դպրոցները եւ այլն, որոնց գործունեության համար այսօր ճիշտ մեկնակետն է: Իսկ թե ինչպիսի հոգատարություն կա Հայաստանի իշխանությունների կողմից դեպի սփյուռքը, կարծում եմ` դրա շարժառիթներն արդեն ստեղծվել են. համահայկական լրատվադաշտի քննարկումները, «Արի տուն» ծրագիրը, համահայկական խաղերի, Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների կազմակերպումը եւ այլն: Սփյուռքի նկատմամբ հոգատար լինելու ձգտումը կա, բայց այդ ճանապարհին պետք են նաեւ մասնագետներ: Համենայն դեպս, սա ես դրական եմ գնահատում:
– Իրականում ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած սփյուռքը:
– Լիբանանյան համայնքը 17 տարվա քաղաքացիական պատերազմի բոհեր անցած համայնք է, որն ունեցավ շատ կորուստներ` զոհեր, սոցիալական դժվարություններ: Այս ամենին զուգահեռ՝ համայնքը խնդիր ուներ շարունակել իր բնականոն կյանքը` դպրոցները շարունակեին զբաղվել կրթությամբ, մամուլը` իր գործառույթների իրականացմամբ: Թեպետ առանց այդ էլ այնտեղ դժվարությունները շատ էին: Լիբանանահայ համայնքի այսօրվա դրությունը նկարագրելու համար նախեւառաջ պետք է նկատի ունենալ վերոնշյալ գործոնը: Համայնքն իր խորն արմատները վաղուց է ձգել: Եվ ընդհանրապես ինչո՞ւ են լիբանանահայ համայնքը անվանում սփյուռքի կենտրոնական գաղութ կամ մայրաքաղաք: Պատճառն այն է, որ համասփյուռքյան կենտրոնները մեծամասամբ գործում են հենց Լիբանանում: Օրինակ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միայն լիբանանահայ համայնքի կազմում չէ, այլ այն համասփյուռքյան է: Աշխարհով սփռված հայ կաթողիկեների պատրիարքարանը նույնպես գործում է Լիբանանում: Սփյուռքի հայկական միակ համալսարանը եւս գտնվում է Լիբանանում: Կառույցների թիվը մեծ է, որոնք, բնականաբար, միայն լիբանանահայ համայնքին չեն պատկանում, այլ ողջ սփյուռքին: Չմոռանանք նաեւ Լիբանանում տիրող երկու աշխարհագրական միջավայրերի մասին, որոնք կրկին համասփյուռքյան հարթությունում բավական կարեւորված են ու եզակի: Դրանք Բուրչհամուտ քաղաքն ու Անճար ավանն են` իբրեւ հայ ազգաբնակչությամբ բնակեցված վայրեր:
– Պարոն Գանդահարյան, չնայած թվարկված դժվարություններին, եթե հայ-թուրքական արձանագրությունները երկու կողմերն էլ վավերացնեն, դրանից ի՞նչ կշահի կոնկրետ սփյուռքը:
– Ես կողմ չեմ խոսել արձանագրությունների վավերացման ու դրա հետեւանքների մասին միայն սփյուռքի գաղութների համատեքստում: Իհարկե, բոլորս գիտենք, որ արձանագրությունների նկատմամբ ոչ միայն սփյուռքում, այլեւ հայաստանյան հասարակության մեջ կա ընդդիմություն եւ դիմություն: Նախ՝ ես արձանագրությունների վավերացման ջատագովը չեմ, ավելին` համաձայն չեմ վավերացմանը, որովհետեւ այնտեղ կան, եթե ոչ բառացիորեն նշված, ապա ենթատեքստով երեք հարցեր, որոնք քողարկված ձեւով կարձագանքեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարթության մեջ թուրքական պետական քաղաքականության խնդիրներին: Դրանք են` պատմական հանձնաժողովի ստեղծումը, միջազգային շրջանակներում բազմակողմ պայմանավորվածություններով տարածքային ամբողջականությունը փակելու խնդիրը, որը բազմակողմանի պայմանավորվածության մեջ իրավաքաղաքական քողարկված ձեւով ներառում է նաեւ Ադրբեջանի շահերը: Այս դեպքում եւս բացակայում է ազգերի ինքնորոշման հարցը: Եվ, ի վերջո, երրորդ խնդիրը երկկողմ հատուկ պայմանավորվածությամբ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է: Անշուշտ, ինքս կողմ եմ թե՛ սահմանների բացմանը, թե՛ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Օրինակ, Թուրքիան եւ Հունաստանն ունեն դիվանագիտական հարաբերություններ, փոխարենը՝ Հունաստանը որեւէ բան չզիջեց Թուրքիային: Նույն Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ արտակարգ մերձեցում գոյություն ունի: Կա դիվանագիտական եռուզեռ, բայց Սիրիան որեւէ փաստաթղթով ինչ-որ բան չի զիջել: Խնդիրը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է` առանց որեւէ զիջման: Բայց եթե անգամ արձանագրությունները վավերացվեն, պետք չէ այն բարոյահոգեբանական անկումի վերածել` եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում: Այս հարցում պետք չէ սփյուռքի եւ Հայաստանի միջեւ անջրպետ դնել, ասելով` սփյուռքը դեմ է, Հայաստանը կողմ է: Մինչդեռ շատ հաճախ նկատելի է, որ այս հարցում սփյուռքին համարում են ծայրահեղական, իսկ հայաստանաբնակներին` չափավորական: Կարծում եմ` տվյալ պարագայում խաղի կանոնները պետք է մենք խախտենք եւ որեւէ զիջման չգնանք:
– Մենք այդքան ուժե՞ղ ենք, որ ի վիճակի լինենք խաղի կանոններ թելադրել:
– Իրականում սա թվացյալ հայ-թուրքական խաղ չէ, այլ աշխարհաքաղաքական հնչեղություն ունեցող խաղ: Եթե Վրաց-ռուսական պատերազմից հետո Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի մենաշնորհը հակակշռել կամ սահմանափակել, ապա նրան անհրաժեշտ է Թուրքիայի սահմանների բացումը: ԱՄՆ-ի նպատակն էլ տարածաշրջանից Իրանի մեկուսացումն է, եւ էներգետիկ, եւ միջուկային, եւ տրանսպորտային այլընտրանք ստեղծելը, եւ կրկին՝ Թուրքիայի սահմանով: Իսկ Եվրոպան էլ շարժվում է իր նորմերով` ոչ փակ սահմաններին սկզբունքով: Այս բոլոր կողմերի ներկայացուցիչները Ցյուրիխում հետեւում էին խաղի ընդհանուր կանոններին: Օրինակը, որ ես բերեցի, ավելի շատ մասնակի է: Սա Թուրքիայի հերթական խաղն է` հայկական կողմը բաժանելու համար, եւ եթե գիտակցական մոտեցում ունենանք, այդ խաղի կանոնները կտանենք մեր ուժերի սահման:
– Ինչպե՞ս:
– Ասելով` որ եւ՛ Հայաստանը, եւ՛ սփյուռքը միակամ են այս հարցում, եւ տարանջատման փորձեր մի արեք:
– Շտապելով ձեռք բերել նաեւ Հայաստանի քաղաքացիությո՞ւն, այո՞: Ի դեպ, ստացե՞լ եք արդեն անձնագիրը:
– Անձնագիրն արդեն ստացել եմ: Կարծում եմ` յուրաքանչյուրիս առաջնային նպատակը այս կամ այն չափով հայրենիքի հզորացմանը նպաստելն է: Հայրենիքի հզորությունից է կախված նաեւ սփյուռքի կազմակերպ կյանքը, ինչպես նաեւ մեր ազգային հետագա ամբողջ ծրագրերը: Խնդիրը հայկական աշխարհում հայկական գործոնի հզորացումն է, եւ ամենքիս կառչած լինելը դրանից:
– Ի վերջո, Հայաստանի քաղաքացի Շահան Գանդահարյանն ի՞նչ տրամադրությամբ է մեկնում Հայաստանից:
– Վերադառնալու տրամադրությամբ (ժպտում է.- Մ.Մ.):