Երեւանը երգում է

08/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Երգում է 70-ականների Երեւանը» հիանալի նախագիծ է: Կարոտի շղարշից
բացի բոլորին գրավում է իսկական, անկեղծ երաժշտությունը եւ այն հուշերը,
որոնք արթնանում են ծանոթ մեղեդիները լսելիս եւ Ռուբեն Մաթեւոսյանին,
Ռաիսա Մկրտչյանին, Ակսել Բակունցին, Երվանդ Երզնկյանին, Գեորգի
Մանգասարյանին, Լեւոն Սեւանին եւ այլոց տեսնելիս:

Մեկ համերգում իսկական, ոչ այսօրվա՝ մեկ օրում ծագող եւ արագ խամրող
«աստղերին», այլ երաժշտությամբ ապրող մարդկանց հավաքելու մտահղացումը
պատկանում է հարվածային գործիքներ եւ կիթառ նվագող, այժմ` նաեւ գործարար
Վազգեն Ասատրյանին: Հիսունն անց մարդիկ՝ մեր երաժշտության փայլուն
անունները, ովքեր հասցրել են ճերմակել եւ ճաղատանալ, հավաքվել էին Արամ
Խաչատրյան համերգասրահում, որպեսզի ներկայացնեն, հիշեցնեն, իսկ ոմանց էլ՝
ծանոթացնեն իրենց երիտասարդության մեղեդիների հետ: Մեր շատերի
երիտասարդության: Ինչպես կատակեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը` «Եթե
գումարենք բեմում գտնվող մարդկանց տարիքը, ապա այն հազար հինգ հարյուրից
կանցնի»: Բայց այդ օրը բեմում գտնվող երաժիշտներից յուրաքանչյուրը գրավում
էր իր փորձով, վարպետությամբ, լավ դպրոցով, եռանդով, նվիրվածությամբ ու
որակով: Այն ժամանակ կատարում էին Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին
Օրբելյանի, Ստեփան Շաքարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի
ստեղծագործությունները, որոնք հիմա նոր փայլ ու որակ են ստանում: Այն, ինչ
չի հասցրել գնահատվել երեսուն տարի առաջ, գնահատվում է այսօր:

70-ականների կարոտը չի մարել, չնայած այն ժամանակ դժվար էր, սոցռեալիզմ եւ
«երկաթյա վարագույր» էր: Սակայն լավ ստեղծագործական մթնոլորտ էր, եւ մեր
ազգային էստրադան որակ ուներ: Իսկ «վարագույրի» այն կողմից մեզ հասած
նորությունները հաճախ քննարկվում եւ երգվում էին ընդհատակում, խիստ
գաղտնիության պայմաններում: Եվ եթե հանկարծ հայտնվում էին
հեռուստաէկրանին, ապա, օրինակ, Սթիվի Ուանդերի երգերի նման, ստանում էին
«տաղանդաշատ արտասահմանյան երգահանի ստեղծագործություն» ձեւակերպումը: Այդ
ձեւակերպումների մասին մոռանալ հանդիսատեսին թույլ չէր տալիս համերգը
վարող, բոլորին ծանոթ Սուսաննա Շահինյանը:
Եվ Կոնստանտին Օրբելյանը, եւ Էլվիս Պրեսլին նույն ժամանակահատվածն են
խորհրդանշում: Պաշտոնական էստրադան եւ օվկիանոսի այլ ափից հասած ռոք ընդ
ռոլն ու թվիստն այս համերգում իրար էին հաջորդում, եւ երկուսն էլ շատ ջերմ
էին ընդունվում: Վիրտուոզ կիթառահար Բորիս Անդրեասյանը, հին ու բարի
ջազային կոմպոզիցիաներ կատարող Գեորգի Մանգասարյանը, կրքոտ Սմբատ
Վարդանյանը, կայծկլտուն Լեւոն Սեւանը, մաեստրո Լեւոն Մալխասյանը նվագում
էին այն, ինչ միշտ երազել են նվագել եւ երգել: Եվ հիմա կատարում էին՝
բուռն ծափահարությունների ուղեկցությամբ: Նրանցից շատ սովորելու բան կա:
Այդ երաժշտությունը կենդանի է, վերակենդանացման կարիք չունի, պարզապես մի
քիչ մոռացված է: Բայց մնում է սիրված: Դրա ապացույցն են եւ հանդիսատեսի,
եւ կատարողների աչքերի փայլն ու ժպիտները: