Երեւանում մեկնարկում է «Արմմոնո» թատերական փառատոնը, որը տեւելու է մարտի 17-24-ը ու հայ հանդիսատեսին ներկայացնելու է մոնոներկայացումների ընտրանին: Այս տարի փառատոնն իր «Ես վերհիշում եմ…» բեմադրությամբ բացելու է Գենադի Խազանովը՝ խորհրդային տարիների լավագույն հումորիստ-դերասանը, ով սովետական կարգերի փլուզումից հետո հրաժարվեց էստրադային բեմից ու ընդհանրապես ծիծաղեցնելու արվեստից, նախընտրելով թատրոնն՝ իր բոլոր դրսեւորումներով: Երեկ հանդիպելով լրագրողների հետ, նա այսպես մեկնաբանեց հումորից հրաժարվելու իր որոշումը. «Պետք չէ պատրանքների գիրկն ընկնել. զանգվածային հանդիսատեսը երբեք որակյալ, խելացի, ասոցիատիվ մտածողության վրա հիմնված հումորի «սպառողը» չի եղել: Ցանկացած բնագավառում էլ հենց պահանջարկն է առաջարկ ծնում: Ես հակառակ պնդման հետ համաձայն չեմ: Դերասանը պարտավոր է հանդիսատեսի հետ շփվելու «բանալին» գտնել, ես չգտա: Այդ պատճառով էլ լքեցի էստրադան: Էստրադան նման է ծիծաղ արտադրող ֆաբրիկայի, որտեղ դերասանը դառնում է հանդիսատեսի ստրուկը: Դահլիճը գոռում է` ծիծաղեցրո՛ւ ինձ: Դրանից ավելի անբնական ու ստորացուցիչ բան լինել չի կարող, քանի որ դերասանը դառնում է հանդիսատեսի «սպասարկողն» ու ստիպված է «գոտկատեղից ներքեւ» հումոր անել: Սովետական տարիներին դերասանը հզորագույն «բատուտ» ուներ. կոմունիստական գաղափարախոսությունը, որն օգնում էր իրեն բարձր «թռչել» ու ենթատեքստի վրա կառուցել իր ելույթները: Իսկ հետո ամեն բան փլվեց, եւ պարզվեց, որ իրականում ասելու բան չկա»: Գ.Խազանովը խոստովանում է, որ այժմ գերադասում է Մոսկվայի Էստրադային թատրոնի ղեկավարը լինել, բայց ոչ այդ թատրոնի դերասան. «Ես ավելի պրոֆեսիոնալ եմ աշխատում, քան 20 տարի առաջ, բայց դա չի ազդում վաճառված տոմսերի քանակի վրա: Եվ երբ տեսա, որ տոմսերը չեն վաճառվում, ինքս ինձ «հեռացրեցի» այդ թատրոնից»:
Երեւանում գտնվելով, նա հարց ուղղեց «Արմմոնոյի» կազմակերպիչներին՝ պարզելու համար, թե որքան տոմսեր են վաճառվել` ասելով. «Դերասանի համար դատարկ աթոռներ տեսնելը սարսափելի է»: Մեր քաղաքում Խազանովը եղել է 40 տարի առաջ: «Հայաստանն իր կարիերայի համար «շլագբաումի» դեր կատարեց ու օգնեց ինձ»,- ասում է նա:
Այժմ Խազանովն իրեն ապահով է զգում թատրոնում, նա ՄԽԱՏ-ի բեմում խաղում է «Ընթրիք հիմարի հետ» եւ Սերգեյ Յուրսկու «21-րդ դարի խաղացողները» ներկայացումներում: «Դերասանի մասնագիտությունը նման է հիվանդությունների վաճառքի: Երբ դերասանն ասում է, որ փառքն իր համար ոչինչ չի նշանակում, ես վստահ եմ, որ նա սեթեւեթում է, քանի որ հանրային մասնագիտություն ընտրելն ու ճանաչելիությունից խուսափելը աննորմալ երեւույթ է: Չէ՞ որ ես տենչացել, աշխատել եմ` փառքի հասնելու համար, իսկ հետո, երբ այդ փառքին հասել եմ, անասելի բեռ եմ զգացել: Բայց գոնե անձամբ ես հասկացել եմ, որ հիվանդ եմ, ու էյֆորիկ վիճակում չեմ հայտնվել: Կարծում եմ, որ հանրային անձ լինելու ցանկությունը հիվանդության, պաթոլոգիայի պես բան է»,- ասում է Խազանովը, ով ասուլիսի ժամանակ իրեն թույլ տվեց մի քանի կտրուկ նկատողություն անել օրիգինալ հարցեր տվող ու ծիծաղաշարժ պատասխաններ ակնկալող լրագրողներին:
Ծաղրածուի դիմակը, որը կրում են մեծ կատակերգակները, սովորաբար ստիպում է դերասաններին ավելի խիստ լինել սեփական անձի ու անձնական տարածքի նկատմամբ: Այդպիսին էր Չարլի Չապլինը, ով կյանքում մռայլ ու քչախոս էր: Այդպիսին է, թերեւս, Գենադի Խազանովը, ով հիմա հասնելով պատկառելի տարիքի` հսկայական էպոխայի մի անհետացող բեկորի է նման: Հիմա այդպես բծախնդրորեն քչերն են աշխատում բեմում: