Անցած գարնանը Մոսկվայի կինոփառատոնից դեռ մեկ ամիս առաջ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների անունից տարբեր մարդիկ ակնարկում էին իմ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում ցուցադրելու մասին: Ես կտրականապես մերժում էի այդ ակնարկ-առաջարկները: Քաջատեղյակ լինելով կազմակերպիչների տրամադրություններին՝ վստահ էի, որ իմ ֆիլմը «Ծիրանում» ցուցադրելու միակ շարժառիթը Մոսկվայի միջազգայինից հետո ֆիլմի առաջխաղացմանը որեւէ կերպ խանգարելն է: Լուրջ չվերաբերվելով «Ոսկե Ծիրանի» կինեմատոգրաֆիական հեղինակությանը, ես վստահ էի, որ մասնակցությունը ֆիլմին խոշոր հաշվով օգուտ չի բերելու: Խոսակցությունները փակելու համար ես պայման առաջադրեցի. կտամ ֆիլմը, եթե այն ներկայացվի ոչ թե «Հայկական համայնապատկերում», այլ «Միջազգային ծրագրում: Անձնական դիտարկումներից գիտեի, որ «Ոսկե Ծիրանը» երկու հիմնական նպատակ է հետապնդում, ռազմավարական, այսպես ասած, երկու խնդիր. առաջին` օգտագործել միջազգային կապերը Հարություն Խաչատրյանի ֆիլմերը հրավիրվողների կողմից աշխարհում տարածելու համար, եւ երկրորդ` որքան հնարավոր է անշուք ու անպատեհ ներկայացնել մնացած բոլոր նոր հայկական ֆիլմերը: Իմ մտադրությունները չէին տեղավորվում այս երկու ռազմավարական ծիրերի մեջ, ու ես կարծում էի, որ դրանով թեման կփակեն: Բայց կատարվեց անսպասելին. ինձ զանգահարեց անձամբ Հարություն Խաչատրյանը եւ ասաց մի ֆանտաստիկ, ինքնամեղադրականության մեջ կատարյալ մի միտք, որը մեջբերում եմ բառացի. «Դիր ֆիլմդ «Հայկական համայնապատկերում», ու մենք քեզ մրցանակ կտանքգ»: Ես պատասխանեցի, որ ֆիլմը կմասնակցի միայն միջազգային ծրագրում, իսկ մրցանակի մասով որոշումը թող մնա ժյուրիինգհասկանալով, որ այս փառատոնի ժյուրիի օբյեկտիվության մասին հեքիաթներն այսպիսով աղբարկղ են նետվում, այն նույն աղբարկղը, որի մեջ Միքայել Ստամբոլցյանը առաջարկում էր նետել Հայաստանում արտադրված բոլոր ֆիլմերը:
«Ծիրանի» պայքարն իմ ֆիլմի դեմ երկար պատմություն ունի: Հինգ տարի առաջ կինոգետ-կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը մի եզրակացություն էր գրել իմ ֆիլմի սցենարի վերաբերյալ, այն նույն սցենարի, որն արդեն ֆինանսական աջակցություն էր ստացել մի շարք հեղինակավոր մասնագիտական հիմնադրամներից: Եզրակացության մեջ խոսվում էր «սեռական անբավարարվածությամբ տառապող ուսուցչուհու տվայտանքների մասին»: Տարիներ անց մասնագիտությամբ լրագրող ֆրանսուհի Լորանս Ռիթերը՝ առաջին անգամ հանդես գալով դեբյուտանտի ֆիլմում, այդ դերակատարման համար արժանացավ լավագույն կանացի դերի համար սահմանված մրցանակի` հաղթելով աշխարհահռչակ Իրեն Ժակոբի մրցակցությունը, որը նույն մրցույթում էր կինոդասական Թեո Անգելոպուլոսի ֆիլմում իր դերակատարմամբ: Այդ մասին գրեց «Ռոսիյսկայա Գազետան»: Իմ սցենարի ստամբոլցյանական վերլուծությունն այն «գոհարներից» է, որին ժամանակը միայն շքեղություն է ավելացնում: Մի օր առանձին կանդրադառնամ այդ քերթությանը: Միայն նշեմ, որ խորհրդային տարիներին նման եզրակացություններով ֆիլմեր էին փակում:
Մեկ տարի առաջ միջազգային խոշոր կինոփառատոների ծրագիր կազմողներից մեկը իմ ֆիլմի նախնական տարբերակը դիտելուց հետո զարմացած ասաց. «Այ քեզ բան, իսկ «Ոսկե Ծիրանի» ներկայացուցիչն ասում էր, որ իրենք միջազգային փառատոների ներկայացնելու արժանի խաղարկային ֆիլմեր չունենգ»: Այդ պայքարը բացահայտ դարձավ 6-րդ «Ոսկե Ծիրանում», երբ ֆիլմը վերջին պահին դրվեց ծրագրում՝ դուրս մնալով գովազդային հոլովակներից: Ժյուրիի համար ֆիլմի ցուցադրումը նշանակված էր անհեթեթության սահմաններն ընդարձակող մի ժամի՝ կիրակի օրը, առավոտյան 10-ին, երբ փառատոնը պաշտոնապես դեռ չէր սկսվել: Ֆիլմի հանրային ցուցադրումը նշանակված էր Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ փառատոնի հյուրերի համար կազմակերպած ընդունելության ժամին: Այսպիսով ես կարող եմ վստահաբար նշել ժյուրիի այն մասնակիցների անունները, որոնք ընդհանրապես ֆիլմը չեն դիտել: Գագաթնակետը, սակայն, փառատոնի մամուլի կենտրոնի պատասխանն էր հայկական մի լրատվամիջոցի ներկայացուցչին: Երբ աղջիկը խնդրել էր իմ կոորդինատները հարցազրույցի համար, պատասխանել էին, որ ինձ չարժե անհանգստացնել, որովհետեւ շատ զբաղված եմգ
Փառատոնային զգալի փորձ ունենալով՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներն, իհարկե, գիտեն, թե ինչ նշանակություն ունի նոր ֆիլմի ներկայացումն իր երկրի կինոփառատոնում: Բոլոր փառատոներն անխտիր հատուկ նշանակություն են տալիս իրենց նոր արտադրանքը գովազդելուն: Փոքր եւ կինոարտադրության առումով թույլ զարգացած երկրները դա անում են առավել ջանադրաբար: Արդ՝ ո՞րն է պատճառը, որ 6 տարի շարունակ կազմակերպիչները խուսափում էին «Ծիրանի» միջազգային մրցույթում սեփական երկրի արտադրանքը ներկայացնելուց: Եվ այդ մրցույթում հայտնված առաջին հայկական ֆիլմը` «Խճճված զուգահեռները», հետեւողաբար ետին պլան մղվեց: Իմ ֆիլմի դեպքում հաշվարկը պարզ էր՝ «Ծիրանի» կազմակերպիչները թյուրիմացաբար կարծում էին, որ կսառեցնեն ֆիլմի առաջխաղացման հնարավորությունները: Եվ հայրենիքում տապալվելուց հետո` ֆիլմը փառատոնային միջավայրից դուրս կմնա: Այդ հաշվարկը կյանքի կոչվելու հիմքեր ուներ: Մի քանի փառատոներ, որոնց ծրագրավորողները կապվել էին ինձ հետ Մոսկվայում՝ ֆիլմը մրցույթում ընդգրկելու համար, «Ծիրանից» հետո ընդհատեցին կապը: Բայց դա տեւեց երեք ամիս:
«Ոսկե Ծիրանը», սակայն, առանձին թեմա է: Ինձ՝ որպես արտադրող ռեժիսորի, միայն ուրախացնում է միջազգային կինոփառատոնի առկայությունը: Բայց ես ուզում եմ հուսալ, որ փառատոնը շռայլորեն սնող աղբյուրներից գոնե Մշակույթի նախարարությունը մի օր հարց կտա. արդյո՞ք փառատոնը ծառայում է նրան, ինչին պետք է որ ծառայի նախ եւ առաջ՝ Հայաստանում կինոարտադրության զարգացմանը եւ հայկական կինոարտադրանքի պրոպագանդմանը: Փառատոնի բյուջեն գերազանցում է Հայաստանում կինոյի զարգացման համար տրվող պետական միջոցները: Ակնհայտ է, որ այնտեղ են ուղղվում ֆինանսական միջոցներ, որոնք նաեւ պետք է ծառայեին հայկական կինոարտադրությանը: Արդյո՞ք այն 50 մլն դրամը, որը պետական բյուջեն փոխանցում է «Ծիրանին», որեւէ կերպ նպաստում է նույն պետական բյուջեի միջոցներով արտադրված այլ հայկական ֆիլմերի առաջխաղացմանը: Գոնե իմ ֆիլմի մասով` հակառակն է: Այս դեպքում ես ազնիվ կհամարեի, եթե «Ծիրանի» հիմնադրած «Կինոյի աջակցության հիմնադրամը» «Հ. Խաչատրյանի կինոյի աջակցության հիմնադրամի» վերանվանվեր, եւ պետական բյուջեն շարունակեր տրամադրել նույն գումարը: Հարություն Խաչատրյանի ֆիլմերը, իրոք, կարիք ունեն ֆինանսական աջակցության, եւ ամբողջ մի գրասենյակ է աշխատում այդ ֆիլմերն աշխարհում տարածել կարողանալու համար, բայց մեկ ռեժիսորի ֆիլմերը չեն նշանակում՝ հայկական կինո: Հայաստանը, իհարկե, նաեւ գյուղատնտեսական երկիր է, ունի եւ՛ վարելահողեր, եւ՛ անասնապահություն, բայց Գոմեշը չի կարող լինել ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ, ինչպես այդ մասին վկայում է վերջերս հրատարակված «Միջազգային կինոյի ուղեցույց-2009» գրքի հայկական էջը, որին քիչ հետո կանդրադառնամ:
Իմ ֆիլմի հանդեպ «հոգատարության» մյուս դրսեւորումը մի քանի ամիս առաջ «Կինոսրահ» կոչվող ամսաթերթում «Խճճված զուգահեռների» մրցանակի մասին լուրն էր, որ ներկայացված էր անհեթեթ մեկնաբանությամբ: Ես հորդորեցի հեղինակներին զերծ մնալ անպտուղ մտավարժանքներից, քանի որ լրատվամիջոցի համար գումարներ հայթայթելու կարողությունը բավարար չէ կոլեգաների արածը թերագնահատելու համար, եւ որ դրանից իրենց նախընտրած ռեժիսորի ֆիլմերը ավելի լավը չեն դառնա:
Անցյալ տարվա սեպտեմբերից սկսած «Խճճված զուգահեռներ» ֆիլմն ամեն ամիս մասնակցում է առնվազն մեկ միջազգային կինոփառատոնի, ուր ես, որպես կանոն, հրավիրվում եմ, եւ «Ծիրանի» հոգեւոր հայրերի ատելությունն իմ ֆիլմի հանդեպ անպատասխան կթողնեի, որովհետեւ, իրոք, զբաղված եմ: Բայց օրերս ականատես եղա հերթական տհաճ երեւույթին: Կինոգե՞տ, թե՞ կինոքննադատ (այս դեպքում էլ վստահ չեմ, որովհետեւ հեղինակի գրած որեւէ կինոգիտական վերլուծություն կամ քննադատական հոդված վերջին 20 տարիների ընթացքում չեմ կարդացել) Սուսաննա Հարությունյանը, որ փառատոնի գլխավոր դերակատարներից է եւ, հետեւաբար, համաշխարհային կինոհանրությանը ներկայանում է որպես հայաստանյան փորձագետ, «Միջազգային կինոյի ուղեցույց-2009» գրքում փորձագետի անկաշառությամբ ներկայացրել է 2009թ. հայկական կինոարտադրության ամփոփ պատկերը: Ըստ Սուսաննայի` առաջին տեղում «Սահման» ֆիլմն է եւ Գոմեշի լուսանկարը՝ որպես հայկական կինոյի նշված ժամանակահատվածի խորհրդանիշ: Իր կարեւորությամբ երկրորդը՝ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմն է: Երրորդ եւ վերջին ուշադրության արժանի ֆիլմը Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոն» է:
Ինձ համար միեւնույն են Սուսաննա Հարությունյանի գեղագիտական նախասիրությունները (ճաշակի հարց է, որը չի վիճարկվում), բայց խոսքը գնում է «Միջազգային կինոյի ուղեցույց-2009»-ի մասին: Այն ճանաչողական բնույթ ունի եւ նախատեսված է յուրաքանչյուր երկրի կինոարտադրանքը հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու համար: Ի դեպ՝ գրքի շապիկը զարդարում է անզուգական Պենելոպա Կրուզի պատկերը մեծ էսթետ Պեդրո Ալմոդովարի ֆիլմից, պատկեր, որն իր վրա է սեւեռում ցանկացած մեկի ուշադրությունը եւ կինեմատոգրաֆ տերմինի հատու նիշ է: Ես թռուցիկ եմ տեսել այդ պատկերը, բայց այն տպվել է հիշողությանս մեջգ
«Խճճված զուգահեռներ» ֆիլմը, որը նույնպես 2009թ. արտադրություն է, առաջին հայկական ֆիլմն է, որի արտադրության արժեքի ավելի քան 65%-ը ներդրել են այլ երկրների պրոֆեսիոնալ հիմնադրամները, ֆիլմարտադրողները, պետական կառույցներն ու (ինչը աներեւակայելի է պատկերացնել հայաստանյան կինոարտադրության մեջ) մասնավոր դիստրիբյուտորները: Դեբյուտային այս ֆիլմը՝ արտադրությունը դեռ չավարտված, ընդգրկվել է միանգամից երկու բարձրակարգ միջազգային կինոփառատոների՝ Մոսկվայի մրցութային եւ Ռոտերդամի «Փայլուն ապագա» ծրագրերում: Փառատոնային մասնակցությանը անդրադառնալն անիմաստ է: Այդ մասին ամեն անգամ առանձին տեղեկացվում է հանրությանը: Անկախությունից հետո առաջին անգամ հայկական ֆիլմը վարձույթի եւ վաճառքի՝ դիստրիբյուցիայի առաջարկներ է ստանում, այնքան, որ մենք կարող ենք ընտրություն կատարել եւ նախապատվություն տալ այս կամ այն ընկերությանը: Ես կարող եմ «Ծիրանի» հիմնադիրներին տրամադրել մեզ դիմած դիստրիբյուտորների բոլոր առաջարկները՝ գուցե ստացվի նախորդ տարվա իրենց վարկանիշով լավագույն ֆիլմով ԳՈՆԵ ՄԵԿ ՀԱՏԻԿ դիստրիբյուտորի հետաքրքրել:
Սուսաննա Հարությունյանը ինքն է ներկայացրել իմ ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում, եւ նրան հայտնի է հանդիսատեսի վերաբերմունքը: Նա նաեւ քաջատեղյակ է, որ ֆիլմը մասնակցել է Մոսկվայի կինոփառատոնի մրցութային ծրագրում եւ ապա ընդգրկվել է Ռոտերդամի պաշտոնական ծրագրում: Նա գիտի, որ դա աննախադեպ երեւույթ է: Ռոտերդամը բացառիկ դեպքերում է պաշտոնական ծրագրում ներկայացնում այլ «Ա» կարգի փառատոների մրցույթում ներկայացված ֆիլմերը: Սուսաննա Հարությունյանը Ռոտերդամում էր, երբ ֆիլմը ցուցադրվում էր լեփ-լեցուն դահլիճներում, նրա բացակայությամբ, իհարկե: Եվ նա պիտի որ աչքի պոչով նայած լինի, թե քանի մասնագետ է դիտել ֆիլմը Ռոտերդամի տեսադարանում: Այսինքն` Սուսաննա Հարությունյանը, ով ներկայանում է որպես հայաստանյան կինոարտադրության փորձագետ, տեղյակ է ֆիլմի արտադրական, հետարտադրական, փառատոնային եւ շուկայական տարածման ընթացքին: Նա գիտի, որ նման բան չի եղել Հայաստանում, եւ ուրեմն՝ միտումնավոր է շրջանցում ֆիլմը Հայաստանի կինոարտադրության վերաբերյալ իր զեկույցում: Ես վստահ եմ, որ նա իր հոդվածը ուղարկելիս համոզված է եղել, որ այն չի հասնելու Հայաստանի պես ծմակ: Բայց ուզում եմ տեղյակ պահել, որ դրսում 70-ականները չեն: Հայաստանից նոր մարդիկ են մեկնում միջազգային փառատոներ եւ հանդիպում այն նույն մարդկանց հետ, ում հետ իրենք գործեր են արել եւ ում համարում են իրենց մտերիմը, բայց նույն այդ մարդիկ բաց հայացքների տեր պրոֆեսիոնալներ են եւ պատրաստ են նոր մարդկանց եւս լսել: Գեղագիտական տեսանկյունից կամ զուտ մարդկայնորեն՝ ցանկացած հանդիսատեսի, ինչպես նաեւ՝ Սուսաննա Հարությունյանին, կարող են հարազատ լինել եւ՛ Սուրեն Բաբայանի եւ՛ Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը, էլ չեմ խոսում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի մասին: Դա գեղագիտության եւ կինոյի մասին յուրաքանչյուրի պատկերացումների դաշտում է: Բայց «Միջազգային ուղեցույց» կազմելը նշանակում է պարզ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնել: Հակառակ դեպքում` իրականության միտումնավոր խեղաթյուրում է տեղի ունենում: Վերջին շրջանը հայկական կինոյում առանձնահատուկ է ոչ միայն ստեղծագործական խորը ճգնաժամով, այլ նաեւ մի զազրելի երեւույթի արմատակալմամբ, որը ես անվանում եմ «բոստանային մտածելակերպ»: Սեփական գավառում գտնվող սեփական բոստանը ջրելու մարմաջը խանգարում է հասկանալ, որ այդ բոստանը գտնվում է Հայաստանի Հանրապետության ներսում եւ չի կարող բուրաստանի վերածվել, մինչ նրա շուրջն անապատ է: Արդեն 30 տարի է՝ հայկական կինոն չի ընդգրկվում համաշխարհային ամենաազդեցիկ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Դա անհաղթահարելի պատնեշ է ստեղծում նոր սերնդի ռեժիսորների համար, որոնք ստիպված են լինելու քանդել այդ պատնեշը՝ սեփական ֆիլմերը ներկայացնելու համար: Ահա այս գաղափարական դաշտում է պայքարը: Պայքար՝ կինեմատոգրաֆիական դաշտում իր հնարավորությունները վատնած հեռացողների վսեմության բացակայության եւ նոր եկողների փորձի պակասի պատճառով: Ու չնայած պարզ է, թե ում օգտին է աշխատում ժամանակը, բայց այս պայքարն է բնազդի մակարդակով հուշում «Ծիրանի» կազմակերպիչներին «փակ պահել» նոր ֆիլմերի հնարավոր տարածման բոլոր ուղիներըգ:
«Պարալլելս Ֆիլմ պրոդաքշն» ընկերությունը հետեւողաբար եւ համբերատար աշխատելու է հայկական կինոյի միջազգային իմիջի փոփոխության ուղղությամբ: Մի օր, շնորհիվ իմ կոլեգաների տաղանդի եւ աշխատասիրության, մենք կտեսնենք, որ որակական տեղաշարժ ունենք հայկական կինոարտադրության մեջ: Այս ճանապարհին «Ոսկե Ծիրանի» անվնաս կսմիթները, որքան էլ ուշադրության արժանի չեն, բայց հակահարված են ստանալու: Հատկապես, եթե խոսքը վերաբերում է միջազգային արենայում հայկական կինոն ներկայացնելու խնդիրներին: Անհնար է այլեւս մենիշխանություն պահպանել հայկական կինոն միջազգային կինոփառատոներում ներկայացնելու հարցում: Այլ մայլեք գտեք քյանդրբազության համար, հարգելի փորձագետներ:
Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ
«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն