Թյուրիմացությո՞ւն

18/03/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր նախորդ համարներից մեկում տպագրված` «Ջրից փող կպցնելու մեթոդը» վերնագրով հրապարակման մեջ ներկայացրել էինք Շիրակի 45 հասցեի բնակիչ Ժորա Ստեփանյանի` «Երեւան Ջուր» ընկերության ջրամատակարարման հետ կապված խնդիրը:

Հիշեցնենք, որ վերջինիս դժգոհությունը վերաբերում էր ինչպես խմելու ջրի որակի, այնպես էլ` տարիներ շարունակ կուտակված խոշոր չափի ջրօգտագործման համար կուտակված պարտքին: Ժ. Ստեփանյանը գրավոր փաստաթղթեր էր ներկայացրել, ըստ որոնց` «Երեւան Ջուր» ընկերության բաժանորդ է դարձել 2007 թվականից: Մինչդեռ ջրի սպառման պարտքը, չգիտես ինչու` գրանցվել էր 2001 թվականից, այն դեպքում, երբ այդ տարիներին նա օգտվել է բակում տեղադրված ընդհանուր ծորակից, որից օգտվում էին այդ տարածքի բոլոր բնակիչները: Մենք դիմել էինք «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր քարտուղար Մանե Մամյանին, ով խոստացել էր քաղաքացու հետ հանդիպում կազմակերպել եւ պարզաբանել խնդիրը: Երեկ մենք տեղեկացանք, որ քաղաքացու հետ հանդիպումը կազմակերպվել է, եւ «Երեւան Ջուր» ընկերության սպասարկման բաժնի պետի օգնությամբ խնդիրը հարթվել է: Ժ. Ստեփանյանը մեզ տեղեկացրեց, որ համաձայն ընկերության արխիվային նյութերի` 680.000 դրամ պարտքը, որն առանց ջուր սպառելու գրանցել են իր անունով` եղել է նախկին ջրամատակարար «Հայջրմուղ կոյուղու» սխալմունքը: Պարզվել է, որ «Հայջրմուղ կոյուղին» թաղամասի ընդհանուր ծորակի սպառման համար «ինքնաբուխ» հաշվարկ է կատարել եւ տարիների կտրվածքով Ժ. Ստեփանյանի սպառած ջրի համար գրանցել է 680.000 դրամ: «Մեզ այնտեղ բացատրեցին, որ «Երեւան Ջուր» ընկերությունը կարող էր դատական կարգով բռնագանձել այդ գումարը, որովհետեւ պարտքը ֆիքսվել է նախորդ ջրամատակարարից: Սակայն իրենք արձագանքել են մեր դիմումներին եւ սկզբում զեղչել են՝ 300.000 դարձնելով, այնուհետեւ չեղյալ են ճանաչել»,- ասաց Ժ. Ստեփանյանը, ում օրեր առաջ «Երեւան Ջուր» ընկերությունից ծանուցագիր էր եկել այն մասին, որ նա պարտավոր է 85.527 դրամի պարտքը մարելու պայմանագիր կնքել: Վերջինս մեզ փոխանցեց, որ հանդիպման ընթացքում պարզվել է, որ դա ոչ թե «Հայջրմուղ կոյուղու» պարտքից մնացած գումար է, այլ` բաժանորդային վճարումները պատշաճ չկատարելու հետեւանքով գոյացած պարտք: Այդուհանդերձ, Ժ. Ստեփանյանը մեզ փոխանցեց, որ ընկերության սպասարկման բաժնի պետը եւ Մանե Մամյանն առաջարկել են պայմանագիր կնքել եւ ժամանակացույցի համաձայն` աստիճանաբար մարել այդ գումարը. «Ամեն դեպքում այդ 85.527-ը նախկինից մնացած պարտք չէ, եւ փաստորեն տարածքային մասնաճյուղից մեզ ճիշտ չեն ներկայացրել: Իրենք շատ լավ մեզ ընդունեցին եւ մանրամասն բացատրեցին իրավիճակը»: Ի դեպ, «Երեւան Ջուր» ընկերությունից խոստացել են մասնագետներ ուղարկել եւ ջրի որակի վերաբերյալ ուսումնասիրություն կատարել: Մ. Մամյանը նույնպես մեզ փոխանցեց, որ քաղաքացին պատշաճ չի տեղեկացվել, որի արդյունքում թյուրիմացության մեջ է ընկել: Իսկ թե ինչո՞ւ են «Երեւան Ջուր» ընկերության բաժանորդները մշտապես թյուրիմացությունների մեջ ընկնում եւ ընկերության ծառայություններից օգտվելու փոխարեն՝ դիմում մամուլի օգնությանը` ունի մեկ բացատրություն. «Երեւան Ջուր» ընկերության հեռախոսահամարը մշտապես զբաղված է, եւ 1-85 հեռախոսահամարից տեղեկատվություն ստանալն անհնար է: Այդ հեռախոսահամարին միանալու համար մենք նույնպես օրեր շարունակ զանգահարել ենք, սակայն, ի տարբերություն շարքային քաղաքացիների, բարեբախտաբար, մենք ունենք գլխավոր քարտուղար Մանե Մամյանի հեռախոսահամարը, որին դիմելուց հետո միայն այս կամ այն քաղաքացու խնդիրն արժանանում է ուշադրության: Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայաստանում գործող տեղեկատու ծառայությունները միայն տալիս են «Երեւան Ջուր» ընկերության 1-85 հեռախոսահամարը, հետեւաբար, եթե լրագրող չես, ուրեմն` այդ ծառայության հետ կապ հաստատելը պետք է մոռանալ: