Ղարաբաղյան պատերազմը շարունակում է զոհեր տալ

18/03/2010

Արդեն 15 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է հաստատվել, սակայն բժիշկները մտահոգվում են, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը՝ սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով. հիվանդություններ, որոնց քանակն ավելանում է:

Ղարաբաղի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ այստեղ գործ ունեն «Ղարաբաղյան համախտանիշի» հետ, որն արտահայտվում է քաղցկեղի, սրտի կաթվածի եւ այլ հիվանդությունների տեսքով: Երբ պատերազմը սկսվեց, 34-ամյա Սիլվա Գրիգորյանը 16 տարեկան էր: Մինչ այդ միակ հիվանդությունը, որը նա տարել էր, հասարակ գրիպն էր, սակայն զրկանքներն ու պատերազմական դրության լարվածությունը խարխլել էին նրա առողջությունը: «Ո՛չ էլեկտրականություն կար, ո՛չ գազ, ո՛չ հաց: Սարսափելի պաշարման պայմաններ էին: Բայց այն ժամանակ ես դա չէի նկատում: Կարեւորը մշտական ռմբակոծությունների ժամանակ ողջ մնալն էր: Մենք հաշվարկում էինք, թե որքան ժամանակ էր պահանջվում հրետանու վերալիցքավորման վրա` մոտավորապես 40 րոպե, եւ վազում էինք վերեւ` տուն, որ հասցնենք զուգարան մտնել, հաց ուտել, լողանալ: Այդ տարիներին մենք չէինք էլ մտածում, թե մեզ ինչ է սպասում պատերազմից հետո: Միակ անհանգստությունն այն էր, որ մեր հարազատները ողջ մնան: Մենք նույնիսկ իրար անեկդոտներ էինք պատմում, գիրք էինք կարդում մոմի լույսի տակ: Պետք էր ինչ-որ զբաղմունք գտնել` նկուղում ժամանակն անցկացնելու համար»,- վերհիշում է նա:

Պատերազմի ավարտից երեք տարի անց, սակայն, Սիլվայի մոտ ստամոքսի խոց եւ վահանաձեւ գեղձի խանգարում հայտնաբերեցին. նրան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ: «Բժիշկն ասաց, որ այս ամենի պատճառը նյարդերս էին, որոնք չեն դիմացել պատերազմի ժամանակ տարած սթրեսներին»,- ասում է նա:

Պատերազմը սկսվեց 1988-ին, երբ մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը որոշեց դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից: Այն ժամանակ Ադրբեջանի իշխանությունների պարտադրած պատերազմն անցնում էր ոչ միայն մարտի դաշտում, այլեւ բնակավայրերում, որտեղ յուրաքանչյուր օրը մարդիկ մահվան վախով էին անցկացնում:

Լեռնային Ղարաբաղի Առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանի խոսքով` հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչպես է ազդել պատերազմը տարբեր հիվանդությունների քանակի աճի վրա: Նա նշում է, որ սրտային հիվանդությունների, կաթվածի, շաքարախտի եւ այլ հիվանդությունների աճը համաշխարհային միտման շարունակությունն է: «Սակայն, իհարկե, այս հիվանդությունների խթանող մեխանիզմը սթրեսն է: Այո՛, էկոլոգիական եւ ժառանգական գործոնները նույնպես շատ կարեւոր են, սակայն այդ հիվանդությունների առաջացման պատճառը սթրեսն է, իսկ պատերազմը, անկասկած, իր հետքն է թողել դրանց քանակի աճի վրա»,- ասում է նա:

Վիճակագրական տվյալներով` եթե Ղարաբաղում 1985թ. կար 4447 քաղցկեղով հիվանդ, ապա 2005-ին նրանց թիվը համարյա կրկնապատկվել էր`հասնելով 8964-ի: Շրջանի առաջատար ուռուցքաբան, ԼՂ վաստակավոր բժիշկ Փարավոն Ադամյանը, ով 45 տարի շարունակ ղեկավարել է ԼՂ Ուռուցքաբանական դիսպանսերը, եւս համոզված է, որ պատերազմը հիվանդությունների քանակի աճի խթան է հանդիսացել, հատկապես իր ոլորտում: «Իմ գործընկերներից ոմանք Հայաստանում գիտական հոդվածներ են հրապարակել եւ ելույթներ ունեցել Ազգային ուռուցքաբանական կենտրոնում. կան ապացույցներ, որ պատերազմի տարիներին եւ դրանից հետո քաղցկեղի դեպքերի կտրուկ աճ է նկատվել»,- նշում է մասնագետը: Ադամյանի խոսքով`ուռուցքային հիվանդությունների աճ հատկապես նկատվել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների մոտ: «Ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ սթրեսը կարող է հիվանդության զարգացման խթան հանդիսանալ, իսկ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր երկրորդը սթրես է տարել: Եվ ինչո՞ւ երկրորդը, եթե ոչ բոլորը»,- ասում է նա:

Հիվանդությունների ընդհանուր աճը Ղարաբաղում մասամբ պայմանավորված է նաեւ պատերազմի ժամանակ առողջապահության համակարգի անկմամբ: Բժիշկները ստիպված էին կենտրոնանալ արտակարգ բուժօգնության ցուցաբերման վրա. այն ժամանակ դեղերի եւ վիրակապերի պակաս կար, իսկ պրոֆիլակտիկ բժշկության համար ժամանակ չկար: Այդ օրերից ի վեր Ղարաբաղում հրաժարվեցին Խորհրդային ժամանակների անվճար բժշկական ծառայությունների համակարգից. այժմ շատ ծառայություններ վճարովի են, եւ շատերի համար`անհասանելի: «Այսօր բժշկությունը վճարովի է, եւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ հաճախակի հետազոտություններ, ամեն օր դեղ ընդունել եւ պրոֆիլակտիկ բուժում անցնել: Սրանք նույնպես գործոններ են, որոնք նպաստում են հիվանդությունների քանակի աճին»,- ասում է սրտաբան Նեդա Ներսեսյանը: Սակայն, նրա խոսքով, սա դեռ ամենը չէ: Սրտի կաթվածները, օրինակ, լուրջ խնդիր են դարձել: «Նախկինում ինֆարկտը հազվադեպ երեւույթ էր: Իսկ այժմ… ո՞վ է այսքան շատ ինֆարկտ տեսել»,- ասում է սրտաբանը:

Ղարաբաղի բժիշկների խոսքով` մարդկային հիշողությունն ընդունակ է մոռանալ վատ հիշողությունները, սակայն հաճախ այդ վատ հիշողությունները պահպանվում են «պասիվ հիշողության» եւ ենթագիտակցության մեջ, իսկ հետո` շատ տարիներ անց, ազդում օրգանիզմի վրա` արդեն հիվանդության տեսքով: «Այսօր արդեն իսկ կարող ենք խոսել «Ղարաբաղյան համախտանիշի» մասին, քանի որ պատերազմը նշանակալի հետք է թողել հետպատերազմյան Ղարաբաղի բնակիչների վրա»,- ասում է Ստեփանակերտի հոգեբուժական-նարկոլոգիական դիսպանսերի գլխավոր բժիշկ Հակոբ Հակոբյանը: Նրա գնահատմամբ` պատերազմն ազդում է ոչ միայն կռվող զինվորների վրա, այլեւ պատերազմական դրության զրկանքների եւ սարսափների միջով անցած յուրաքանչյուր մարդու վրա:

42-ամյա Գայանե Առուստամյանը, ով երկու երեխաների մայր է, վերջերս պարզել է, որ քաղցկեղ ունի: Հիվանդությունը վերջին փուլում են հայտնաբերել, եւ չնայած այժմ նա քիմիաբուժության կուրս է անցնում, կարծում է, որ միայն Աստված կարող է փրկել իրեն: «Պատերազմից առաջ մանկապարտեզում որպես դայակ եմ աշխատել: Իսկ հետո անցել եմ այն ամենի միջով, ինչի միջով անցնելն անհնար էր: Ռմբակոծությունների ժամանակ գրկում էի երկու տղաներիս, որոնցից մեկն այն ժամանակ 2 տարեկան էր, մյուսը` 5, եւ վազում էի նկուղ` թաքնվելու: Ես սպասում էի ամուսնուս վերադարձին ճակատից եւ ամեն օր աղոթում էի նրա համար: Իսկ երբ նա վերադարձավ, սկսեց խմել ու հարբեցող դարձավ»,- պատմում է Գայանեն:

Կարինե ՕՀԱՆՅԱՆ

Ստեփանակերտ, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ