«Ադրբեջանի Արտգործնախարարությունը քննարկում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման մի քանի տարբերակ»,- երեկ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Պաշտոնական Բաքուն արդեն հայտարարել է, որ ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, այժմ հերթը Հայաստանինն է. երբ պաշտոնական Երեւանը նույնպես կհայտնի իր դիրքորոշումը, Բաքուն կորոշի` որոնք են լինելու իր հետագա քայլերը»,- ասել է Մամեդյարովը: Խոսելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին՝ Մամեդյարովը որոշ մանրամասներ է հրապարակել. նրա խոսքով, մասնավորապես, կարգավորման այդ ձեւաչափով նախատեսվում է առաջին փուլում դուրս բերել հայկական զորամիավորումները «գրավյալ» հինգ շրջաններից եւ Քելբաջարի շրջանի 13 գյուղերից: «Զորամիավորումները դուրս բերելուց հետո հայկական կողմը պետք է վերականգնի հաղորդակցության բոլոր միջոցները»,- ասել է Մամեդյարովը: Հաջորդ փուլում, ըստ նրա, պետք է ազատագրվեն Լաչինն ու Քելբաջարը, եւ «միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի փախստականները վերադառնան Ղարաբաղ, կսկսվեն շրջանի կարգավիճակի շուրջ քննարկումները»: «Ամեն ինչ զարգանալու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը` ավելացնելով,- Բաքվի համոզմամբ, առկա հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը փուլայինն է, քանի որ մենք պետք է կարգավորենք Ադրբեջանի հողերը ազատագրելու, բռնի տեղահանվածներին վերադարձնելու եւ պատերազմի հետեւանքները վերացնելու հարցերը: Եթե Հայաստանը դուրս բերի զորամիավորումները գրավյալ տարածքներից, դա մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում` թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական զարգացման, թե՛ շարքային քաղաքացիների բարեկեցության տեսանկյունից: Որեւէ մեկը չի կարող առնել իր հողն ու մի կողմ փախչել, ուզենք թե չուզենք` մենք պետք է հարեւանների հետ ճիշտ հարաբերություններ հաստատենք»: