Քանի՞ Երիցյան կմնա կառավարությունում

16/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ուզում եք նորի՞ց կրկնեմ` ինքը տեղում չի եղել ու չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ երկրում տնտեսական վիճակին: Սա՞ էիք ուզում: Ես ինչ որ ասել եմ, իմ ասածները բարձրաձայն ասելու եմ»,- անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գործունեությանը՝ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Ներսես Երիցյանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանը պատվով է դուրս եկել տնտեսական ճգնաժամից: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Գ.Ծառուկյանը քննադատում է Ն.Երիցյանին: Անցած շաբաթ հեռուստաընկերություններից մեկի եթերում նա հայտարարեց, որ «եթե Ն.Երիցյանի տանը ֆինանսական վիճակը լավացել է, չի նշանակում, թե երկրում ճգնաժամն ավարտվել է»: Իսկ ԲՀԿ նախագահն այդ մասին բարձրաձայնե՞լ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: «Սերժ Սարգսյանը դա գիտի, եւ համապատասխան քայլեր ինքը կկատարի: Նորից եմ ասում` ամեն ինչ չի կարելի Ս.Սարգսյանի վրա թողնել: Այսօր մենք ունենք մի կառույց, որտեղ 200 աշխատող ունենք, էլի չենք կարող լիարժեք հետեւողական լինել,- պատասխանեց Գ.Ծառուկյանն ու շարունակեց,- Այսօր աշխարհով մեկ ոչ մեկը չի ասել, որ, ասենք թե` տնտեսական ճգնաժամը ավարտված է: Հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի: Անգամ այն պետությունները, որոնք անկման փոխարեն 4 տոկոս, 6 տոկոս աճ են ունեցել, նրանք չեն համարձակվում այդպիսի բան ասել»: Մինչ այժմ կառավարության` վարչապետի կամ տնտեսական բլոկի նախարարների տնտեսական քաղաքականության հետ կապված՝ ԲՀԿ անդամները քննադատական ակնարկներ արել էին, բայց այսպես բացահայտ որակումներ դեռ չէին տվել, եւ Գ. Ծառուկյանի այս` արդեն բացահայտ քննադատությունը երեկ ԱԺ-ում շատերը որակում էին որպես կոնկրետ մեղադրանք: Երեկ պատգամավորները թեեւ ոչ բացահայտ, բայց քննարկում էին ԲՀԿ ղեկավարի այս հայտարարությունները, կառավարության գործունեության նկատմամբ ունեցած դժգոհությունները եւ դրանք համեմատում էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նույնաբովանդակ հայտարարությունների հետ: Եվ շրջանառվող հիմնական տեսակետներից մեկն այն էր, որ Գ.Ծառուկյանը ցանկանում է դառնալ վարչապետ: Ի դեպ, առաջին անգամ չէ, որ նման լուրեր են շրջանառվում: Խորհրդարանում շրջանառվող մեկ այլ տեսակետի համաձայն, վարչապետ դառնալու ցանկություն ունի նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ որոշ պատգամավորներ չէին բացառում, որ Գ.Ծառուկյանը հենց այդ պատճառով էլ քննադատում է կառավարության գործունեությունը:

Ի դեպ, երեկ խորհրդարանում ավտոմեքենաների ապահովագրման հետ կապված օրինագծի քննարկման ժամանակ Հ.Աբրահամյանը նույնպես բավականին կոշտ հանդիմանեց կառավարությանն ու վարչապետին: Օրինագծի հեղինակը կառավարությունն է, եւ կառավարության հանձնարարությամբ ԱԺ-ում այն պետք է ներկայացներ ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Սակայն վերջինս արձակուրդում էր ու չէր եկել, իսկ կառավարությունը` նրա փոխարեն խորհրդարան էր ուղարկել համեմատաբար ցածրաստիճան պաշտոնյաների, ովքեր չէին կարողանում կամ լիազորված չէին պատասխանել պատգամավորների բարձրացրած հարցերին: Եվ այս հանգամանքը առաջացրեց Հ.Աբրահամյանի դժգոհությունը: Նա հայտարարեց, թե դա կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ, եւ որ այդ մասին պետք է ասել վարչապետին անձամբ: Երեկ մենք փորձեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ճշտել, թե ինչպե՞ս են վերաբերվում իրենց կուսակից նախարարի, նույնն է թե՝ իրենց կուսակցության տնտեսական քաղաքականության նկատմամբ Գ.Ծառուկյանի հայտարարությանը: Կամ` ի՞նչ է նշանակում՝ «Ս.Սարգսյանը դա գիտի, եւ համապատասխան քայլեր ինքը կկատարի» արտահայտությունը: Սակայն ՀՀԿ շատ անդամներ խուսափեցին մեկնաբանություններ տալ` պատճառաբանելով, թե չեն լսել Ն.Երիցյանի մասին հայտարարությունը: Եվ միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձեց ինչ-որ կերպ անդրադառնալ դրան: «Յուրաքանչյուրս կարող ենք որեւէ նախարարի մասին նման սխալ կարծիք հայտնել: Այնպես չէ, որ ամենից-ամենից արժեքավոր ենք բոլորս: Խնդիրը հետեւյալում է, որ որպես հանրապետական նախարար՝ մեզ մոտ նման խնդիր չի քննարկվում: Եվ այս պահին ընդհանրապես չի առաջացել նման խնդիր: Մենք բոլորս էլ անձ ենք, քաղաքացի ենք, կարող ենք մեր եւ դրական, եւ բացասական վերաբերմունքն ասել ցանկացած պաշտոնյայի առումով»,- ասաց Գ.Սահակյանը: Իսկ այնուամենայնիվ, ինքն էլ Ն.Երիցյանի նման կարծում է, որ Հայաստանը հաղթահարել է ճգնաժամը: «Գիտեք, կոշտ բառ չեմ ուզում ասել, պետք չէ ճգնաժամի դրսեւորումները վերագրել Ն.Երիցյանին: Եթե ճգնաժամային իրողությունների մեջ որեւէ բացթողում էլ նկատելի է եղել, դա պիտի վերագրել այն քաղաքական թիմին, որն իշխանության է: Անհատական չի կարելի վերագրել»,- ասաց Գ.Սահակյանը` անուղղակիորեն խոստովանելով, որ «ճգնաժամային իրողությունների» համար իրականում պետք է մեղադրել իշխանության եկած քաղաքական թիմին` ամբողջությամբ:

Ի դեպ, երեկ նաեւ կարծիքներ էին հնչում, թե չի բացառվում, որ ներկոալիցիոն այս լարվածությունը մեղմելու, կառավարության տնտեսական քաղաքականության քննադատություններին ընդառաջելու համար Ս.Սարգսյանը որոշի գնալ մասնակի լուծման ու պաշտոնից ազատի Ն.Երիցյանին: Բայց սա էլ իր հերթին կնշանակի՝ ուղիղ հարված վարչապետ Տիգրան Սարգսյանին, որովհետեւ Ն.Երիցյանը, ինչպես հայտնի է, համարվում է նրա ամենահին թիմակիցներից մեկը: