Վարդենիսի Զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Մերուժան
Թադեւոսյանի հրապարակած տվյալներով` 01.07.2005թ. դրությամբ Զբաղվածության
տարածքային կենտրոնին դիմած աշխատանք փնտրողների թիվը 871 է, նախորդ տարվա
նույն ժամանակաշրջանի 866-ի փոխարեն, շխատանք փնտրող չզբաղված
քաղաքացիների թիվը՝ 703, նախորդ տարվա 700-ի փոխարեն (չզբաղված են
համարվում աշխատանքային ստաժ չունեցող անգործ քաղաքացիները),
գործազուրկների թիվը 444 է, նախորդ տարվա 509-ի փոխարեն։
Ի տարբերություն Երեւանի, այստեղ աշխատանք չունենալու տեսանկյունից
ամենախոցելի տարիքը 18-25 տարեկանն է, քիչ թե շատ աշխատանք ունեն 30-50
տարեկանները։ 444 գործազուրկներից 42-ն ունեն բարձրագույն կրթություն,
140-ը՝ միջին մասնագիտական, 239-ը՝ ընդհանուր միջնակարգ, իսկ 23-ն`
8-ամյա։ Ըստ Մերուժան Թադեւոսյանի, Վարդենիսի տարածաշրջանում գործատուների
բնույթը քիչ այլ է։ Այստեղ աշխատանքի ընդունելիս առավելապես պահանջվում են
30-50 տարեկան փորձված հաշվապահներ, տնտեսագետներ, համակարգչային
մասնագետներ։ Վարդենիսի տարածքում գրանցված են 425 գործատուներ, որոնց մոտ
աշխատում են 5839 քաղաքացիներ (որոնցից 2885-ը կանայք են)։ Վարդենիսի
շրջանում ամենաշատ աշխատողներ ունեցող գործատուն «Արարատ գոլդ րեքավերի
քոմփընի» ՍՊԸ-ն է (Սոթքի ոսկու հանքավայրը)։ 2005թ. հուլիսի 1-ի
դրությամբ` գործազրկության նպաստ ստացողների համար բաց է թողնվել 222
կտրոն։ Հունվարի 1-ից կառավարությունը բազային նպաստի չափը սահմանել է
7800 դրամ։ Վարդենիսի տարածաշրջանում այս ծրագիրն արժե 1 մլն 194 հազար
942 դրամ։ Վարդենիսում եւ նրան պատկանող 36 գյուղերում 2003թ. օգոստոսից
գրանցված են օպտիմալացման ծրագրի տակ ընկած 168 ուսուցիչներ։
Կառավարությունն այս ուսուցիչների համար մշակել է 4 տիպի ծրագրեր (այս
ծրագրերը գործում են ՀՀ ամբողջ տարածքում).
1. Օպտիմալացման արդյունքում կրճատված եւ մասնագիտական ուսուցում անցնելու ցանկություն ունեցող ուսուցիչների համար։
2. 50 եւ ավելի տարիք ունեցող, սակայն կենսաթոշակ չստացող ուսուցիչների
համար վեց ամսվա միջին աշխատավարձի չափով միանվագ փոխհատուցում։
3. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ուսուցիչների համար (նոր զբաղվող) 50.000 դրամ օգնություն։
4. Օպտիմալացման արդյունքում կրճատված բնակչության վայրը փոխելով
ուսուցչական աշխատանքի տեղավորված ուսուցիչների համար 300 ԱՄՆ դոլարին
համարժեք դրամ օգնություն, իսկ եթե ուսուցիչն աշխատանքի է տեղափոխվում
ընտանիքով, ապա 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ օգնություն։
Ըստ պրն Թադեւոսյանի, իրականում այս ծրագրերը «չաշխատող» ծրագրեր են,
երկրորդ ծրագրի համար դիմել է ընդամենը մեկ ուսուցիչ, իսկ մնացած երեք
ծրագրերի համար դեռեւս դիմողներ չկան։
«Ժողովուրդն արդեն որոշակիորեն հարմարվել է այսօրվա պայմաններին։ Այսօր
անմրցունակ խավեր էլ կան շուկայում, սակայն նույն այդ բնակիչները այսօր
զբաղվում են մեկ այլ գործունեությամբ, ասենք` գյուղատնտեսությամբ»,- ասում
է Վարդենիսի Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նորայր Պետրոսյանը։
Ըստ Ն. Պետրոսյանի, այսօր Գեղարքունիքի մարզի բնակչության սոցիալական
կենսամակարդակի բարձրացման վրա որոշ չափով դրական արդյունք է ունենում
նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կարտոֆիլի արտադրության ձեռնարկը,
որտեղ օրը 2000-2500 դրամով աշխատում են հարյուրավոր բնակիչներ։ Իսկ այն
հարցին, թե արդյոք Գ. Ծառուկյանի այդ ձեռնարկը չի՞ անդրադառնում գյուղացու
ապրանքի էժանացման վրա եւ այն դուրս մղում շուկայից, Ն. Պետրոսյանը
պատասխանեց. «Այո՛, ինչ-որ չափով ազդում է, սակայն պետք է հաշվի առնել
նաեւ սովորական սպառողին: Երկու տարի առաջ շուկայից կարտոֆիլ էինք գնում`
կիլոգրամը 200-250 դրամով, սակայն այսօր շուկայում կարտոֆիլի կիլոգրամը չի
գերազանցում 150 դրամը։ Սա պետության խնդիրն է, ոչ թե մեր»։
Նախորդ տարվա «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրը, որն արժեր օրական 1000
դրամ, այս տարի փոխվեց «Հասարակական վարձատրվող աշխատանքների»` 1100 դրամ
օրավարձով։ Վարդենիսի զբաղվածության կենտրոնն այս տարի իրականացրել է 11
ծրագիր, մասնակցել են 221 քաղաքացի (որոնցից 121-ը կանայք են)։ Ընդհանուր
իրականացված աշխատանքները կազմել են շուրջ 10 մլն 881 հազար դրամ։ Այս
աշխատանքները համարվում են «օժանդակ աշխատանքներ» եւ կրում են սեզոնային
բնույթ (2-3 ամիս)։