ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը երեկ հերքեց ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այն հայտարարությունը, թե բանակցային գործընթացում պետք չէ ավելացնել կոնֆլիկտի կողմերը, այսինքն` Ղարաբաղը:
Ավելին` Ս. Կապինոսի հավաստմամբ` ԽՎ-ն ԵԱՀԿ-ի այն մարմինը չէ, որը զբաղվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ: «Այն, ինչ վերաբերում է ԼՂ-ին, դրանով զբաղվում է Մինսկի խումբը եւ հատուկ ներկայացուցիչ Կասպրչիկը, միայն նրանք կարող են պատասխանել այդ հարցերին»,- Լենմարկերի հայտարարության առնչությամբ ասաց Ս. Կապինոսը: Նա ԼՂ բանակցային գործընթացի մասին խոսելիս՝ ընդգծեց, որ ինքն այդ խնդրին անդրադառնում է որպես «կողմնակի փորձագետ». «Խնդրի կարգավորման սկզբնական շրջանում ԼՂ-ն, իսկապես, եղել է բանակցությունների մասնակից, եւ 1994թ. զինադադարի կնքման պայմանագրում իր ստորագրությունն է դրել նաեւ ԼՂ-ի ներկայացուցիչը: Ես ենթադրում եմ, որ Լենմարկերը նկատի է ունեցել այն, որ ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետագայում նպատակահարմար է գտել միաժամանակ ներկայացնել եւ՛ ՀՀ-ի, եւ՛ ԼՂ-ի շահերը: Ես գտնում եմ, որ վերջնական արդյունքների հասնելու դեպքում գործընթացին պետք է մասնակից լինի նաեւ ԼՂ-ն: Ինչպե՞ս կարելի է ԼՂ հիմնախնդիրը կարգավորել առանց Ղարաբաղի: Ինչ-որ պահից ԼՂ-ն անպայման կմիանա գործընթացին»,- ասաց Կապինոսը` հավելելով, թե չի կարծում, որ բացի ԼՂ-ից` բանակցային գործընթացում կընդգրկվեն այլ կողմեր: «Մինսկի խումբն իրեն չի սպառել: Անցյալ տարի շատերին էր թվում, որ խնդրի կարգավորումը շատ մոտ է»,- ասաց Կապինոսը:
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրենի կարծիքով` ՀՀ-ում ամենախոցելին դատական համակարգն է, եւ ըստ նրա` ոչ թե օրենքները բավարար չեն, այլ դրանց կիրառումը: Նա, ի դեպ, երեկ ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց շրջանառվող լուրերը, թե իր վերադասներից «նկատողություն» է ստացել Հայաստանում տիրող իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Ս. Կապինոսն իր զեկույցում 2008թ. մարտ 1-ի դեպքերով դատապարտված ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացրել է որպես քրեական գործերով դատապարտվածներ` խուսափելով օգտագործել «քաղբանտարկյալ» բառը: Ըստ Կապինոսի` քանի որ եվրոպական իրավաբանական պրակտիկայում քաղբանտարկյալների մասով հստակ ձեւակերպում չկա, դժվար է ասել, թե անազատության մեջ գտնվող ընդդիմության 14 ակտիվիստները քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ: «Այս առումով հարցը շատ բարդ է: Ընդդիմությունը նրանց քաղբանտարկյալներ է կոչում, սակայն նրանցից շատերին զուտ քրեական մեղադրանք է առաջադրված: Իսկ եթե որեւէ մեկին դատարանի կայացրած որոշումն անարդար կթվա, նա կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշեց Կապինոսը` հավելելով, թե «անազատության մեջ գտնվողները» մարտյան իրադարձությունների հետեւանքով ձերբակալված մարդիկ են, եւ նրանց կարգավիճակի մասին դատողություններ կարող է անել միայն դատարանը: Միաժամանակ նա ընդգծեց. «Իսկ հայաստանյան դատական համակարգում խնդիրներ դեռ շատ կան: Թեեւ 90-ականների համեմատությամբ տարբերությունը մեծ է, սակայն դատական բարեփոխումների խնդիրն ակնհայտ է»: Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտման փաստը, Ս. Կապինոսը պատասխանեց. «Այդ հարցերը այստեղ` Երեւանում, բարձրացրել են ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները: Այդ հարցերը վերաբերում են իրավական մարմիններին, նրանք պետք է պատասխանեն»:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` աշնանն արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը, Ս. Կապինոսն ասաց, թե ներկա դրությամբ իրավիճակը երկրում կայուն է: «Անձամբ ես չեմ կանխատեսում այնպիսի իրավիճակ, որը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների»,- նշեց Կապինոսը` հավելելով, թե տնտեսական ճգնաժամը լրջորեն անդրադարձել է ինչպես ընդհանրապես Հայաստանի, այնպես էլ բնակչության վրա: Ըստ նրա` Հայաստանում տնտեսական լուրջ խնդիր կա. «Պարզվեց, որ տնտեսությունն այնքան էլ արդիական եւ դինամիկ չէ: Եվ այդ բոլոր գործոններն առաջ են բերում սոցիալական լարվածություն»:
Նա անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ասելով, որ եթե երեք-չորս ամիս առաջ կարելի էր ասել, որ հայ-թուրքական գործընթացի կարգավորման հնարավորությունը 50/50 էր` կախված ժամանակավոր կոնյունկտուրայից, ապա այժմ այդ կարգավորումը դժվարին ժամանակներ է ապրում: «Դժվար է ասել, թե արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը կվերադառնա իր բնականոն հունին` հաշվի առնելով այն, թե ինչպես է քննարկվում այդ հարցը Թուրքիայում: Ինչպես հայտնի է, այնտեղ նոր զարգացումներ են տեղի ունենում»,- նշեց Կապինոսը` պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունման մասին հարցին:
Հայ-թուրքական գործընթացի առնչությամբ հոռետեսական կանխատեսումներ անելով` Կապինոսը նշեց. «Առայժմ գերակայում են բացասական գործոնները»: Սակայն, ըստ Կապինոսի, դա չի նշանակում, որ տեղի չեն ունենա իրադարձություններ, որոնք կկարողանան դրական լիցքեր հաղորդել երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա բարելավմանը: