«Զեկույցին չեմ ծանոթացել ու չեմ ծանոթանալու»

16/03/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակեց «Մարդու իրավունքները 2009 թվականին» ամենամյա զեկույցը, որի Հայաստանին հատկացված 84 էջանոց մասում բավականին կոշտ գնահատականներ են պարունակվում մեր երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ կա 2008-ի նախագահական ընտրություններին, դրան հաջորդած մարտի 1-ի դեպքերին, լրագրողների հանդեպ բռնություններին եւ այլն: Զեկույցում նշված է նաեւ իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների հանդեպ կիրառված բյուրոկրատական միջոցների, կամայական ձերբակալությունների ու քաղաքական դրդապատճառներով ազատազրկումների մասին: Ի պատասխան մեր խնդրանքին` մեկնաբանել ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ասաց. «Զեկույցին չեմ ծանոթացել եւ չեմ ծանոթանալու»:

– Ինչո՞ւ:

– Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ունի իր սեփական խնդիրները, եւ ինքը պետք է լուծի դրանք: Ինչքան երկիրը հետամնաց եւ գավառական է, այնքան ավելի կարեւորություն է տալիս եվրախորհուրդների, տարբեր միջազգային կառույցների զեկույցներին: Փոփոխություններ անելու համար այդ զեկույցները չպետք է լինեն մեր շարժիչ ուժը: Ցավում եմ, որ մեր երկրում ձեւավորվել է մի համակարգ, երբ թե իշխանամետ եւ թե ընդդիմադիր մի շարք ուժեր շատ զգայուն են արտաքին ազդակների նկատմամբ, ինչը բոլորովին էլ չի խոսում մեր պետության անկախության բարձր մակարդակի մասին: Կարծում եմ, որ որեւէ այլ պետության հասարակությունում այնպիսի եվրոչինովնիկների կողմից ընդունված փոքրիկ բանաձեւերը, ովքեր շատ հաճախ չեն էլ տիրապետում տվյալ երկրում տիրող իրավիճակին, այդքան մեծ աժիոտաժ չէին առաջացնի: Պետք չէ գերագնահատել այդ զեկույցների ու բանաձեւերի ազդեցությունը, սա մեր ոչ կայացած պետականության հետեւանք է: Գուցե շատերը քննադատեն իմ այս մոտեցումը, բայց քանի դեռ մենք մեր ազգայնական պետությունը կառուցելու մոտեցում չենք որդեգրել, մենք շարունակելու ենք լինել ոչ նշանակալից եւ ոչ լուրջ պետություն, որը չի կարող լուծել իր սեփական խնդիրները:

– Բայց չէ՞ որ մեզ նման փոքր պետությունները ուղղակիորեն կախված են Ձեր նշած միջազգային ազդակներից:

– Ես կտրականապես մերժում եմ այդ մոտեցումը եւ առաջարկում եմ ծանոթանալ այլ երկրների պատմությանը, եւ, կտեսնեք, որ նրանք, որոնք փորձել են իրենց երկրի ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը, կառուցել են նորմալ պետություն, իսկ ովքեր մտածել են, որ իրենց տեղը պետք է որոշի այս կամ այն երկրի նախագահը, այդ պետությունները մնացել են հետամնաց: Ճնշում են նրան, ով ճնշվում է, խեղճացնում են նրան, ով ի վիճակի է խեղճանալ: Այսօր մենք դարձել ենք խիստ նյութապաշտ եւ մեր խնդիրները դիտարկում ենք բացառապես անձնական շահի տեսանկյունից: Բազմաթիվ կուսակցությունների կամ հենց իշխանության գործելակերպից երեւում է, որ չկա ազգային պետականության ճակատագրով մտահոգված քաղաքականություն:

– Պարոն Նռանյան, երբ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող 252 բանաձեւը, պաշտոնական Անկարայի կողմից հնչեցին սպառնալիքներ: Հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը բացասաբար անդրադառնա Թուրքիայի հայ համայնքի վրա:

– Վերջին ժամանակներում ամենաբարձր մակարդակով Թուրքիայում տարվում է հակահայկական քարոզչություն, ինչը չկար 2 տարի առաջ: Սա ազդում է շարքային թուրք քաղաքացու վրա, եւ, բնական է, ինքը եւս լարվում է հայերի նկատմամբ: Կարծում եմ, որ այս առումով մթնոլորտը Թուրքիայում բավականին լարված է։

– Պարոն Նռանյան, որոշ տնտեսագետներ կանխատեսում են, որ Հայաստանը կզգա նաեւ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը, ինչն էլ ավելի կխորացնի տնտեսական անկումը եւ երկրում սոցիալական լարվածություն կստեղծի: Որպես տնտեսագետ, Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է:

– Կառավարության հաշվետվության համաձայն՝ 2009-ին շատ կարճ ժամանակահատվածում ներգրավվեց մոտ 1,6 միլիարդ դոլար արտաքին միջոցներ, որն օգտագործվեց բյուջետային դեֆիցիտը ծածկելու համար: Մնացած գումարները պահվում են պահուստում եւ օգտագործվում են դրամի կայունությունը պահելու համար: Նաեւ այդ միջոցների հաշվին է ծածկվելու 2010-ի գրեթե կես միլիարդ դոլարի չափով բյուջետային դեֆիցիտը: Ակնհայտ է, որ այսպիսի ճանապարհով շարժվելու դեպքում չի կարելի համարել, որ մենք ճգնաժամը իսկապես հաղթահարեցինք, որովհետեւ, երբ այս ռեսուրսները սպառվեն, եւ համաշխարհային տնտեսության մեջ դրական միտումներ չկատարվեն, կարելի է կանխատեսել, որ 2010 թվականի վերջին ստիպված ենք լինելու ներգրավել նոր վարկային միջոցներ` 2011-ի բյուջետային դեֆիցիտը ծածկելու համար: Վարկեր վերցնելով ծածկել պարտքերը եւ ասել, որ մենք հաղթահարել ենք ճգնաժամը, առնվազն ազնիվ չէ:

– Նկատի ունենալով արդեն իսկ վերցրած արտաքին պարտքի հսկայական ծավալները, որն այսօրվա դրությամբ կազմում է մեր ՀՆԱ-ի ավելի քան 38 տոկոսը, արդարացված համարո՞ւմ եք նոր` լրացուցիչ միջոցների ներգրավումը արտաքին աղբյուրներից: Եթե ոչ, ապա մյուս կողմից էլ՝ առանց այդ միջոցների ներգրավման շատ դժվար կլինի տնտեսության վերականգնումը:

– Մեր խմբակցությունը սկզբունքորեն դեմ չլինելով վարկային միջոցներ ներգրավելուն, դեմ է, որ դրանք օգտագործվեն անարդյունավետ, այսինքն՝ ոչ թե տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, այլ դրամի փոխարժեքը պահելու, բյուջեի դեֆիցիտը ծածկելու եւ մի խումբ մարդկանց այդ միջոցները արտոնյալ պայմաններով տալու համար: Եթե դրանք ուղղվեին մարզերի համաչափ զարգացումն ապահովելու համար, կամ ներդրվեին տեղական արտադրությունների հզորությունների ավելացմանը, միանշանակ, մենք կողմ կլինեինք: Այնինչ, մեր կառավարությունը վարկերի հաշվին ծածկեց բյուջետային դեֆիցիտը, իսկ մնացած գումարները պահված են պահուստում ու նաեւ օգտագործվում են դրամի փոխարժեքը պահելու համար:

– Տնտեսական նոր ցնցումներից խուսափելու համար ի՞նչ ելք եք տեսնում:

– Ելքը, նախ եւ առաջ, որոշ չափով ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելն է եւ արտահանման խթանումը, որը թույլ կտա ներգրավել լրացուցիչ տարադրամային ռեսուրսներ, ինչը բարերար ազդեցություն կունենա արտաքին պարտքի սպասարկման վրա: Սակայն, կարծես, կառավարությունը արմատական փոփոխություններ անելու մտադրություն չունի:

– Գուցե այդ արմատական փոփոխությունները ուղղակիորեն կհարվածե՞ն ներկրողների շահերին:

– Իհարկե, հայտնի է, որ ներմուծումն իրականացվում է մի քանի օլիգոպոլ խմբավորումների կողմից: Մեր կառավարությունը իր քայլերով փաստացի նպաստում է երկրում մոնոպոլիզացիայի բարձրացմանը: Ինչքան էլ ասենք, որ մենք պետք է պայքարենք օլիգոպոլիաների դեմ, մենք տեսնում ենք, որ ԱԺ են բերվում այնպիսի օրինագծեր, որոնք հակառակը` ավելի են նպաստում նման համակարգի պահպանմանն ու զարգացմանը:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի «100 քայլ տնտեսական բարեփոխման ծրագիրը»: Հնարավո՞ր է այդ ծրագրի իրագործման միջոցով ոտքի կանգնեցնել տնտեսությունը եւ, ինչպես նշվում է ծրագրում, հասնել ստվերային տնտեսության կրճատման, հարկային արտոնությունների վերացման եւ այլն:

– Ընդհանրապես ողջունելի է, երբ քաղաքական ուժը ուզում է իր տեսակետը ներկայացնել, հասարակությանը մատուցել իր տնտեսական ծրագիրը: Սակայն այնտեղ բազմաթիվ հակասություններ կան, կրկնվող կամ մեկը մյուսին հակասող դրույթներ, որոնք տեղավորվում են նեոլիբերալիզմից մինչեւ նեոբոլշեւիզմ ընկած գաղափարական ծայրահեղության մեջ: Դրանք չեն տեղավորվում մեկ հայեցակարգային մոտեցման եւ մեկ միասնական քաղաքականության մեջ, եւ կարծես թե այդ հակասությունները թույլ չեն տալիս դիտարկել ծրագրի ընդհանուր գիծը: Բացի այդ, կան բազմաթիվ կետեր, որոնք միաժամանակ բոլորովին էլ իրագործելի չեն: Նշվածներից որոշները նաեւ կառավարությունն է իրականացնում, որոշ կետեր մենք վաղուց ենք ասել, իսկ որոշներն էլ ընդհանրապես ընդունելի չեն: