«Իշխանությո՛ւն, արի մեզ խողդի՛»

16/03/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սա արտահայտություն է ոչ թե հայտնի դրամայից, այլ վերջերս իշխանության մշակած դեռեւս անավարտ ողբերգության սցենարից, որի հիմքում ընկած են գազի ու ջրի թանկացումները:

Այս մասին Երեւանի փողոցներում անցկացված մեր հարցախույզի արդյունքները, մեղմ ասած, խիստ մտահոգիչ են: «Լրիվ չարիքների բունը սոցիալական ծանր վիճակն ա: Ժողովուրդն էսօր սնանկացած վիճակում ա: Ժամանակն ա, որ մեր ղեկավարները, բացի իրենցից, մի բան էլ անեն մեր ժողովրդի համար: Չգիտեմ, թե ի՞նչ ասեմ: Վիճակն էնքան վատ ա: Երեւի ժողովրդին մնում ա բունտ անել»,- ասաց Երեւանի կենտրոնական փոստի հարեւանությամբ աշխատող Աշոտը` սպասարկելով գնորդին, որի տված 1000 դրամանոցի մանրն Աշոտը այդպես էլ չկարողացավ վերադարձնել: «Առեւտուրը կանգնել ա: 11 տարի՝ ա էստեղ եմ աշխատում: Առաջ զավոդի պետ եմ եղել: Լավն էլ եմ տեսել, հիմա էլ վատն եմ տեսնում»,- շարունակեց նա: «Վիճակը սրանից էն կողմ էլ չի կարա վատ լինի: Ժողովրդին քցել են ծուղակը, որտեղից փրկվելու հնարավորություն էլ չկա: Գազն ու ջուրը թանկացրին, հես ա լսելու ենք, որ հացը թանկացել ա, սնունդն էլ ռազգոնով թանկանալու ա,- նշեց անցորդներից մեկը` նկատելով,- Էսօր ժողովուրդը ոչ մի բան էլ չի կարա անի: Եթե ուզի էլ` մեկ ա` չի լինի: Բերել են էնպիսի բլոկներ են դեմ տվել ժողովրդին, որոնք ժողովրդի հարցերին դվայնոյ պատասխան են տալիս: Մի քանի հոգու հետ պարապում են, հետո էլ մեր էս ժուռնալիստները դրանցից հարցազրույցներ են վերցնում: Սրանք էլ ամբողջ կալկուլյացիայով ընենց են պատասխանում, էլ դու սուս: Ու սենց մարալնի ժողովրդին դեմ են տալիս պատին, որ ժողովուրդն էլ շորերը հանելու տեղ չունենա»: Թանկացումների մասին գրեթե բոլոր անցորդները խոսում էին հուսալքված ու ստեղծված իրավիճակից ելք չտեսնելու տրամադրությամբ: Ոմանք հարցադրումը լսելով` նյարդայնանում էին։ «Ինչի՞ ես հարցնում, ասա: Մենք ի՞նչ անող ենք: Ես ոչ գազ ունեմ, ոչ ջուր, ոչ էլ հաց եմ ուտում: Ես օդով եմ ապրում` օ-դով»,- ասաց նկարավաճառը: «Սրանից ուժեղ պատերազմներ են եղել, որին ժողովուրդը դիմացել ա: Իսկ հիմա ժողովրդի կոկորդից բռնել են: Հայաստանում մի խավ կա, որը շատ մեծ ա: Մեզ մոտ շատերը ուռչում են, «Ջիպեր» են առնում, իսկ խեղճերն էլ նույնիսկ աշխատավարձ չեն կարողանում ստանալ: Ես թոշակառու եմ, առաջ մարյակ էի, երկու տղաներս մասնակցեցին Ղարաբաղյան պատերազմին, բայց էսօր ապրելը դժվարացել ա: Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի, բայց չի լինում,- զայրացած նշեց թոշակառու Նահապետ Պետրոսյանը` հավելելով,- Ես շատ վրդովված եմ: Էստեղ տելեվիզորով ու ռադիոյով ինչ խոսում են, բոլորը սուտ են: Մեզ մոտ ամեն բան ձեւակերպում են այնպես, ինչպես իրենց ձեռնտու ա: Ախր, չեմ հասկանում` էս ամբողջ ընթացքում ինչի՞ գոնե մի բան չեն էժանացնում, որ մարդու աչքը տեսնի: Չարչարվող խավը պիտի աշխատի, սոված գնա տուն, էրեխան էլ 100 դրամ ուզի` չկարողանա տալ»: «Ժողովուրդը լավ էլ նորմալ ա ընդունում էս ամեն ինչը: Ես 3 երեխա եմ պահում: Ծերը ծերին եմ հասցնում, ու ամբողջ օրն էլ աշխատում եմ: Ռուսաստանում, երբ ամեն ինչ թանկանում ա, մեզ մոտ ճիշտ նույն ձեւով էլ կատարվում է: Ռուսաստանում տրանսպորտի գները բարձրացրեցին` երթուղայինը դարձել ա 13 ռուբլի: Մեր պոլիտիկները եսիմ ինչի մասին են մտածում, ավելի ճիշտ` ոչ մի բանի մասին են խոսում, ու իրենք էլ չեն հասկանում»,- հասարակության անտարբեր վիճակից վրդովված՝ ասաց վարսավիր Նոնան, ըստ որի` գազի ու ջրի թանկացումների պատճառով՝ հնարավոր է, որ բարձրանան նաեւ գեղեցկության սրահների սպասարկման գները: Իսկ զրույցին ակնդետ հետեւող լոտոյավաճառ պապիկը տխուր աչքերով ընդգծեց. «Ռոճիկ չեմ ստանում: Ի՞նչ ասեմ` սովից սատկելու ենք: Էդ ա: Հիմա ժողովուրդն էլ լոտո չի առնում, որովհետեւ սկսել ա չհավատալ դաժե լոտոներին»: «Եթե իմ կամքով լիներ, ես բողոքի ցույց կկազմակերպեի: Էսօր ոչ մեկս էլ չգիտենք իշխանության կուխնյան, որ գոնե մի քիչ էս իրավիճակի պատճառները հասկանայինք: Մի քանի կոպեկով թոշակը բարձրացնում են, դրանից հետո մեկ էլ տեսնում ես՝ ռեզկի բարձրանում են գազի ու ջրի գները: Զոռով-զոռով ժողովրդին ասում են` գնացեք փոս քանդեք, մտեք մեջը»,- ասաց «Երեւան» կինոթատրոնի դիմաց կայանած տաքսու վարորդ Աշոտը: «Այս ամենն առաջացնելու է ժողովրդի վրդովմունքը, ինչը շատ օբյեկտիվ է: Իսկ այն, ինչ տեղի կունենա, թող իշխանությունները հասկանան: Այսօր անհրաժեշտ է համախմբող ու կազմակերպող ուժ, որին պետք է հավատալ»,- ասաց մասնագիտությամբ էկոլոգ Մարիամը:

Գազի գնի բարձրացումն ավելի շատ դժգոհություն է առաջացրել տաքսու վարորդների շրջանում, որոնք համոզված են, որ շուտով իրենց սպասարկման գները բարձրանալու են: «Մի քանի հոգու համար էս թանկացումները հեչ բան են, բայց ժողովրդի համար շատ դժվար ա: Ժողովուրդը պիտի պահանջի, որ գներն իջեցնեն, հակառակ դեպքում` ժողովուրդը կանցնի խաբեության` «շչյոտչիկներն» են կանգնեցնելու, ջուրն են կանգնեցնելու»,- ասաց մեկ այլ վարորդ` խուսափելով ներկայանալ: «Վրաստանում հարկերն ավելի քիչ են, քան մեզ մոտ: Եթե թոշակառուի ամբողջ աշխատավարձը գնում է կոմունալ վճարներին, էլ ո՞ւր մնաց լավ ապրելը: Իսկ ստեղծված վիճակը պայմանավորված է մեր Կառավարության անշնորհք կառավարմամբ: Ամենախոշոր կոռուպցիոներները նստած են Կառավարությունում ու Ազգային ժողովում: Մանր-մունր կոռուպցիաներ բռնելով` չենք պայքարում դրա դեմ: Կոռուպցիոներները հենց էդ չինովնիկներն են: Դա է պատճառը, որ մեր ժողովրդի վիճակը չի լավանում: Վիճակը գնալով վատանում ա»,- այսպես ասաց մասնագիտությամբ բժիշկ Մեսրոպը: