Շաբաթ օրը երեկոյան վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ընդհատել է իր հաղորդումները` լուրերի հատուկ թողարկմամբ: «Իմեդիի» լրագրողները հաղորդել են, թե ռուսական զորքերը հարձակվում են, ընդդիմության առաջնորդներ Զուրաբ Նողաիդելին եւ Նինո Բուրջանաձեն փախել են Հարավային Օսիա` ձեւավորելով ռուսամետ կառավարություն: «Ռուսական տանկային գումարտակը Հայաստանից շարժվում է դեպի մայրաքաղաք»,- տեղեկացրել է «Իմեդին»: Ավելի ուշ «Իմեդիի» լրագրողները հաղորդել են, թե Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զոհվել է, իսկ Թբիլիսիի արվարձաններում փողոցային մարտեր են ընթանում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, արդեն երկրորդ օրն է, Վրաստանում թեժ բանավեճեր են ծավալվում այն հարցի շուրջ, թե արդյոք ցուցադրված իմիտացիոն սյուժեն սադրա՞նք էր, աղաղակող անպատասխանատվությո՞ւն, թե՞ անհաջող կատակ: Այն մասին, որ այդ ամենը զուտ իմիտացիա է, «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցները տեղեկացրել են հաղորդման մեկնարկից մոտ կես ժամ անց, երբ Թբիլիսիում արդեն իսկական խուճապ է եղել: Վրացական աղբյուրների փոխանցմամբ` բազմաթիվ մարդիկ գրոհել են խանութներն ու բենզալցակայանները, շտապօգնության ծառայությունն էլ անցել է հերթապահության ուժեղացված ռեժիմի` զանգերի կտրուկ աճի պատճառով: Ուշ երեկոյան «Իմեդի» հեռուստաընկերություն է եկել Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն եւ հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է. «Նախագահն ինձ այստեղ է ուղարկել` ասելու, որ երբ նման հաղորդումներ են պատրաստվում, միայն բանավոր զգուշացումները բավարար չեն: Հաշվի առնելով այն բոլոր սպառնալիքները, որոնց դիմակայում է մեր երկիրը, անհրաժեշտ էր վազող տողով հեռուստադիտողներին անընդհատ տեղեկացնել, որ կատարվածը իմիտացիոն բնույթ ունի»: Նախագահի խոսնակի հայտարարությանը զուգահեռ` «Իմեդիի» մոտ են հավաքվել մի քանի տասնյակ վրդովված քաղաքացիներ: Նրանցից մեկը` Վրաց Ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Դավիթը, ասել է. «Երբ իրավիճակը առանց այդ էլ լարված է, նման թեմաներով կատակելը պարզապես հանցագործություն է: Այդ մարդիկ պետք է պատասխան տան դատարանի առջեւ»: Խիստ վրդովված են եղել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչները: Իմիտացիայի հերոսներից մեկը` ռուսական ներխուժումն իբր ողջունած Նինո Բուրջանաձեն, հայտարարել է. «Ես չեմ կարող պատկերացնել մի որեւէ նորմալ պետություն, որտեղ քեզ կարող են դավաճան կամ օտար պետության գործակալ անվանել»: Բուրջանաձեն նաեւ համոզմունք է հայտնել, որ այդ հաղորդումը պատրաստվել է Միխայիլ Սահակաշվիլիի անմիջական գիտությամբ: «Իշխանավորները ցանկանում են պահել իրենց աթոռները` շարքային քաղաքացիներին խուճապային վիճակում պահելու գնով»,- ասել է Բուրջանաձեն: