Մարտի 7-13-ն ընկած ժամանակաշրջանում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից 78 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական առաջավոր ստորաբաժանումները գերազանցապես օգտագործել են ՍՎԴ եւ հատուկ նշանակության խոշոր տրամաչափի «Սեւ նետ» հրացան: Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության, միայն մարտի 10-ին կեսօրին, ԼՂՀ ՊԲ՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դիրքերի ուղղությամբ հակառակորդը «Սեւ նետից» 20 կրակոց է արձակել: Նման փաստեր արձանագրվել են նաեւ շփման գծի մյուս հատվածներում: «ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան միջոցներից հետո հակառակորդը դադարեցրել է գնդակոծումը: Ղարաբաղյան կողմից վնասներ չկան»,- ասված է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշենք, որ ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում այսօր անցկացվելու է ԵԱՀԿ հերթական մոնիտորինգը: Այս անգամ այն տեղի կունենա Աղդամի շրջանի հարակից տարածքում: