Արդեն 50 տարի է, ամբողջ աշխարհում մարտի 15-ը նշվում է որպես Սպառողների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Մեր փողը մեր իրավունքն է»: Երեկ կայացած ասուլիսում Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում գրեթե չկա մի ոլորտ, որտեղ սպառողների իրավունքները չեն խախտվում: Ըստ նրա` աշխարհում սպառողների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների 8 հիմնական սկզբունքները` անվտանգության, տեղեկատվություն ստանալու, լսված լինելու, ընտրության, հիմնական կարիքների բավարարման, վնասների փոխհատուցման, սպառողական կրթության եւ առողջ միջավայրի սկզբունքներից եւ ոչ մեկը ՀՀ-ում չի պահպանվում: «Այսօր դուք տեսնո՞ւմ եք այդ անվտանգությունը: Հայաստանյան սպառողը կարո՞ղ է հանգիստ մտնել խանութ, հանգիստ գնումներ կատարել եւ տուն գնալ: Այդպիսի բան չկա»,- ասել է Հակոբյանը: Ըստ նրա` աշխարհում սպառողն է թագավորում, իսկ մեզ մոտ թելադրում են արտադրողներն ու ներկրողները: «Եթե
90-ականներին մեր նորաստեղծ կազմակերպությունը հույս ուներ, որ իր կարգախոսը կլինի՝ «Սպառողը շուկայի թագավորն է», ապա այսօր տեսնում ենք, որ սպառողը շուկայի վասալն է»,- նշել է Մ. Հակոբյանը: Ըստ նրա` ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ միայն կրթված սպառող ունենալով: Սպառողների ազգային ակադեմիայի փորձագետ Միլետա Արիստակեսյանն էլ նշել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել՝ սպառողները բողոքներ ունեն գրեթե բոլոր ոլորտներից` բանկային համակարգից մինչեւ մանրածախ խանութներ. «Աստված էլ է զարմացած, թե ինչ սնունդ ենք այսօր ուտում: Գենետիկորեն վերափոխված սննդամթերքն այսօր բիզնեսին հարմար է, սակայն մարդկանց առողջությանը վնաս է»: