Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրությանն է դիմել Նոր Արեշ 46/37 հասցեի բնակիչ Աննա Փամբուխչյանը` ահազանգելով իր եւ իր որդիների դեմ կատարվող գործողությունների մասին:
Բանն այն է, որ օրեր առաջ Ա. Փամբուխչյանը ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ) ծանուցագիր է ստացել, ըստ որի` այսօր իրեն եւ իր երկու որդիներին վտարելու են իրենց բնակարանից: Նրա խոսքով` Նոր Արեշ 46/37 հասցեում գտնվող իրենց բնակարանը ԱՄՆ-ում բնակվող ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, խարդախության ճանապարհով 10 օրվա ընթացքում գրանցել է իր անունով, իսկ ներկայումս համապատասխան ծառայությունների միջոցով ստիպում է լքել բնակարանը: Ապօրինի փաստաթղթեր ձեռք բերելու միջոցով, անօրինական ճանապարհով բնակարանը «խլելու» գործողությունների մեջ Ա. Փամբուխչյանը մեղադրում է ինչպես կադաստրային եւ նոտարական գրասենյակների ղեկավարներին, այնպես էլ` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին։ «Հասկանո՞ւմ եք, նա (ամուսնու քույրը.- Լ. Ս.) ամուր կապեր ունի, մեջք ունի, որոնք օգտագործելով՝ գաղտնի կերպով մեր տունը մեր ձեռքից խլել է»,- ասում է Ա. Փամբուխչյանը` ներկայացնելով մի փաստաթուղթ, ըստ որի` նույնիսկ քրեական գործ է հարուցվել ինչպես կադաստրի, այնպես էլ նոտարական գրասենյակի պետ Էմմա Շաբոյանի նկատմամբ` փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Ինչեւէ, 1984-ից` ամուսնանալուց հետո, Ա. Փամբուխչյանը բնակվել է ամուսնու տանը` Նոր Արեշ 46/37 հասցեում, որը եղել է նրա սկեսրոջ մոր` Մարգարիտա Քոչունյանի անվամբ: «2005թ. սկեսուրս մահացավ: Չորս ամիս հետոո էլ մահացավ ամուսինս, որի պատճառով մենք չկարողացանք այդ փաստաթղթային հարցերը լուծել: Այսինքն` բնակարանը որպես ժառանգություն ձեւակերպել մեզ չհաջողվեց: Բայց մենք այդ գույքը տիրապետել ենք թե՛ նրանց կենդանության օրոք եւ թե՛ նրանց մահից հետո»,- պատմում է Ա. Փամբուխչյանը` հավելելով, որ չնայած այդ հանգամանքին, այդուհանդերձ, ներկայումս գույքի սեփականատեր է հանդիսանում ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը: Վերջինս, սակայն, ըստ Ա. Փամբուխչյանի` ոչ միայն չի օգտագործել այդ գույքը, այլեւ դեռեւս 1989-ից ապօրինի ճանապարհով տեղափոխվել է ԱՄՆ, իսկ ներկայումս կեղծիքի միջոցով դարձել է ԱՄՆ քաղաքացի: Ա. Փամբուխչյանը վստահեցնում է, որ լինելով ՀՀ քաղաքացի, ունենալով ՀՀ քաղաքացիությունը փաստող անձնագիր, այդուհանդերձ, նա ինչ-ինչ կեղծիքների միջոցով 2002թ. ձեռք է բերել նաեւ ԱՄՆ քաղաքացիություն: Ա. Փամբուխչյանի խոսքով` Ս. Թովմասյանը ներկայումս կրում է ուրիշ անուն եւ ազգանուն, հետեւաբար՝ ԱՄՆ-ում նույնիսկ նրան գտնել չի հաջողվում: «Հասկանո՞ւմ եք, ամուսնուս մահից հետո նա եկավ Հայաստան: 10 օրվա ընթացքում գաղտնի ճանապարհով, օգտագործելով իր կապերը, մեր բնակարանը խլեց ու հեռացավ: Այդ ամբողջ գործընթացը նա կազմակերպել է անօրինականությունների, հանցանքի միջոցով, որի մեջ խառնված են կադաստրային, նոտարական մարմինները եւ այն ժամանակվա թաղապետ Մհեր Սեդրակյանը»,- վստահեցնում է Ա. Փամբուխչյանը` ասելով, որ խարդախության համար նույնիսկ Ս. Թովմասյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Չնայած Ս. Թովմասյանի հանրապետությունից երկար տարիներ բացակայելու հանգամանքին, այդուհանդերձ, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես նաեւ ՀՀ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները վճիռ են արձակել հօգուտ Ս. Թովմասյանի: Ընդ որում` վերջինս ոչ մի դատական նիստի ներկա չի եղել եւ առհասարակ չի էլ հարցաքննվել: «1998-ից ես ձեռք եմ բերել բնակօգտագործման իրավունք, որն Էրեբունի համայնքի կադաստրային բաժնում գրանցվել է: Այդ պետական գրանցումը մինչեւ օրս էլ կա կադաստրում: 2005թ. մահացավ սկեսուրս, իսկ 4 ամիս հետո էլ` ամուսինս: Օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետում ամուսինս չհասցրեց ընդունել ժառանգությունը, որը հավասարապես ժառանգության իրավունք ուներ: Մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` ժառանգության իրավունքն անցնում է որդիներիս»,- ասում է Ա. Փամբուխչյանը` ներկայացնելով կոմունալ վճարումների այն կտրոնները, որոնք վկայում են վերջիններիս կողմից 1984-ից վերոնշյալ հասցեում գտնվող գույքը տիրապետելու մասին: Ավելին` նրանց հարեւանները նույնպես վկայություն են տվել այն մասին, որ չեն ճանաչում Սոնյա Թովմասյանին, եւ այդ տանը մշտապես բնակվել է Ա. Փամբուխչյանը` երկու որդիների հետ: Ի դեպ, Ս. Թովմասյանը եղբոր մահից հետո նրա որդիներին վստահեցրել է, որ այդ բնակարանը պատկանում է իրենց: Մինչդեռ, հետագայում բնակարանը Ս. Թովմասյանի անվամբ գրանցելու մասին Ա. Փամբուխչյանն իմացել է 2006թ.: «Տղաս գալիս է տուն ու տեսնում է, որ չափագրողներ են եկել: Փորձում է դիմադրել, չի թողնում, ասում է` թուղթ բերեք, որ իրավունք ունեք չափագրելու, եւ դուրս է հրավիրում: Հետագայում արդեն խմբով են գալիս, իսկ երբ կրկին դուրս է հրավիրում` սկսում են հրմշտելով վեճ հրահրել. թաղապետարանի ներկայացուցիչները նրան տանում են Ոստիկանության բաժանմունք: Մինչեւ երեխայի հետեւից գնում եմ բաժին` նրանք արդեն չափագրումները կատարում են: Հետո մինչեւ ես դիմեցի փաստաբանի օգնությանը` պարզվեց, որ բնակարանը պատկանում է տալոջս` Ս. Թովմասյանին: Այն դեպքում, երբ ես դիմել էի նոտար` ժառանգության գործընթացը սկսելու համար, բայց ինձնից մեծ թվով փաստաթղթեր էին պահանջել` տատիկի ծննդականից սկսած` վերջացրած այնպիսի թղթերով, որոնց համար երկար ժամանակ էր պահանջվում»,- ասում է Ա. Փամբուխչյանը: Այնուամենայնիվ, ըստ Ա. Փամբուխչյանի` այդ երկարատեւ գործընթացը Ս. Թովմասյանը կարողացել է կազմակերպել ընդամենը 10-օրյա ժամկետում` վերոնշյալ կառույցների հետ անօրինական համաձայնության գալով: Ի դեպ, Ա. Փամբուխչյանին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժանմունքի ղեկավարները տեղեկացրել են. «Մենք գիտենք, որ ձեր նկատմամբ անօրինական գործողություններ են կատարել, բայց էս գործի հետեւում էնպիսի մարդիկ են կանգնած, որ ոչինչ չենք կարող անել»:
Այնուամենայնիվ, ԴԱՀԿ-ից այսօր Ա. Փամբուխչյանին իր որդիների հետ կվտարեն։ «Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք: Մենք պատրաստվում էինք դիմում-բողոքներ ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, սակայն ժամանակ էլ չեն տալիս: Ես գնալու տեղ չունեմ, պիտի պայքարեմ, բայց տղաներիս համար վախենում եմ»,- ասում է նա: