Սովորական հրաշք՝ ճապոնական մոդելով

16/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնը (ԳԱԿ) մարտի 11-ին իր հյուրերին առաջարկեց տոնել Ճապոնիայի «Հինամացուրի» ազգային տոնը, որը նշում են բոլոր այն ճապոնական ընտանիքները, որտեղ աղջիկներ կան:

Այդ գեղեցիկ եւ գունեղ տոնի խորհրդանիշերն են տիկնիկները, դեղձենու ծաղիկները, քաղցրավենիքն ու աշխարհում մեծ տարածում գտած օրիգամի տեխնիկայով պատրաստված թղթե ֆիգուրներն ու կոմպոզիցիաները, որոնք տեղադրվում են աստիճանավանդակի վրա եւ որպես զարդ-սպասելիքներ՝ ուղարկվում են տիեզերք:

Գեղագիտական կենտրոնը վաղուց արդեն իր գործունեության ճյուղերից մեկը դարձրել է ճապոնական արվեստի քարոզումը: Եվ այդ քարոզն անում է շատ նրբանկատորեն ու մեծ սիրով: Կենտրոնի ղեկավար Լեւոն Իգիթյանը նշում է, որ հայ եւ ճապոնական մշակույթները շատ հետաքրքիր զգացական եւ փիլիսոփայական կապ ունեն: «Հայերը ռեգիոնալ ազգ չեն, մենք մոլորակի ազգ ենք: Եվ կարող ենք առնվազն 3 անգամ «պտտվել» Երկրագնդի շուրջը` տեսնելու համար, թե ո՞ր ազգի հետ կարող ենք բարեկամ դառնալ, եւ ո՞ր ազգից ի՞նչ կարող ենք փոխառել: Ճապոնացիների հետ մեզ միավորում են ոչ միայն երկու սրբազան լեռները` Արարատն ու Ֆուձիյաման, այլեւ այն փիլիսոփայությունը, որը կա արվեստում: Եվ հաճախ այդ փիլիսոփայության կապն առաջինը զգում են երեխաները: Եկեք մեծախոս չլինենք (թեեւ մեր պաշարներն իրոք մեծ են) եւ չզլանանք` սովորենք ուրիշ ժողովուրդներից: Նույն ուղղությամբ նայելը ավելի կարեւոր է, քան փոքր, նեղ անձնական ամբիցիաներով ապրելը: Մեր կենտրոնը դուռ է բացում ճապոնական մշակույթի առջեւ»,- ասաց նա:

ԳԱԿ-ի սաները պատմեցին ճապոնական ավանդույթների ու սիմվոլների մասին (ընդ որում` դա անելով ոչ միայն հայերեն, այլեւ` ճապոներեն, ինչը զարմանք ու հիացմունք պատճառեց ճապոնացի հյուրերին), իսկ հետո բոլոր ցանկացողներին ցույց տվեցին, թե ինչպես են առանց մկրատի ու սոսնձի արարվում թղթե ֆիգուրները: Օրիգամիի թղթե պլաստիկան նման է հրաշքի, իսկ 5-10 տարեկան հայուհիները, որոնք զուսպ ու լուրջ դեմքի արտահայտությամբ բարդագույն թղթե ծալվածքներ էին անում, իրապես հրաշագործ-աճպարարներ էին: Նրանց վարպետորեն կատարած աշխատանքները կրկնօրինակելը շատ հաճախ անհնարին էր (թեեւ` չափազանց «վարակիչ» էր), քանի որ հրաշագործ լինելու փաստը երկար աշխատանքի արդյունք է: Եվ այն երեխան, որը տիրապետում է օրիգամիի արվեստին, միանգամից տարբերվում է մնացածներից: Նա ավելի զուսպ, համբերատար ու հպարտ կեցվածք ունի, քանի որ սովոր է քայլ առ քայլ, անշտապ ու անվրեպ իր առջեւ դրված նպատակին հասնել: Գեղագիտական կենտրոնի ուսուցիչ, ճապոնական արվեստի գիտակ ու սիրահար Կարինե Փիլիպոսյանն ասում է, որ օրիգամիի հիմունքները պարտադիր ուսուցվում են ճապոնական նախակրթական ուսումնական հաստատություններում: «3 տարեկանից սկսած մանուկներն արդեն սկսում են իրենց առաջին թղթե ֆիգուրները պատրաստել: Օրիգամին շատ կարեւոր ու հետաքրքիր ուսումնական արժեք ունի, քանի որ նախեւառաջ տարրական երկրաչափական կանոններ է սովորեցնում, այնուհետեւ զարգացնում է ձեռքերի մոտորիկան: Եվ վերջիվերջո, օրիգամին ճաշակ է ձեւավորում»,- ասում է նա:

Օրիգամին ակնարկների արվեստ է, ի ցույց դրված կենդանու կամ առարկայի ետեւում միշտ խորհրդանշական պատմություն է թաքնված: Այն նաեւ շփման միջոց է, քանի որ դարեր ի վեր ճապոնացիները օրիգամի պատրաստելիս` միմյանց թղթե ուղերձներ էին ուղարկում: Հայ մանուկներն էլ շարունակում են այդ դարավոր ավանդույթը` ստեղծելով եռաչափ, շատ դեպքերում` քառաչափ մտածողության փայլուն նմուշներ: «Բացվում» են թղթե ծաղիկները, «ժպտում» են մարդիկ, «ծառս են լինում» ձիերն, ու «սավառնում» են կռունկները: Ի դեպ` կռունկը ճապոնական ու հայկական մշակույթները միավորող եւս մի սիմվոլ է: Մեզ համար այդ գեղեցիկ թռչունը հայրենիքի, ազատության ու կարոտի խորհրդանիշ է, իսկ ճապոնացիների համար` երկարակեցություն ու երջանկություն ավետող էակ: Մենք հավերժացնում ենք կռունկին մեր երգերով, իսկ ճապոնացիները` թղթով: Կա ավանդույթ, որ եթե օրիգամի տեխնիկայով կարողանաս պատրաստել 1000 թղթե կռունկ ու բաց թողնես նրանց ջրի վրա, ապա կյանքդ առողջ ու երջանիկ կլինի: 13-ամյա Սոնան, ով վաղուց է հաճախում ԳԱԿ-ի օրիգամիի խմբակը, խոստովանում է, որ դեռ չի հասցրել 1000 կռունկ պատրաստել, սակայն ամեն անգամ երբ թուղթ է դնում իր առջեւ ու սկսում է հերթական կռունկն արարել, կենտրոնանում ու հանգստանում է: «Մի շտապեք, որքան հանգիստ լինեք, այնքան կռունկը գեղեցիկ կստացվի»,- խորհուրդ էր տալիս նա: Նույն բանը ասում էր նաեւ 10 տարեկան Մանեն` ցուցադրելով ծաղկե լապտերիկների ստեղծման գաղտնիքները: Այս երեխաները շատ ավելի խելացի ու խորաթափանց են, քան մենք` մեծահասակներս, քանի որ մենք մանուկ հասակում օրիգամիի կանոններին ծանոթ չենք եղել ու արագ հիասթափվել ենք մեր արածից:

«Միշտ էլ կարելի է նոր թուղթ վերցնել ու ամեն բան զրոյից սկսել»,- ասում են ճապոնացիները: Մեր երեխաներն էլ հենց այդպես են վարվում: Օրիգամին ունիվերսալ գործիք է երեւակայությունն ու աշխատասիրությունը զարգացնելու համար, որն ավելի գերադասելի է, քան թանկ եւ բարդ կոնստրուկտորները: Քառակուսի թղթե հատվածից կարելի է ցանկացած բան ստեղծել, փորձարկել, գունավորել ու ձգտել մտքի ու կարողությունների ներդաշնակության: Օրիգամին ինքնարտահայտվելու պարզ ու հրաշագործ ճանապարհ է բացում, որն օգնում է մեր երեխաներին` հավատալ սեփական ուժերին ու 1000 քայլից բաղկացած որոշումներ ընդունել: