Կոսովոյի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու նախադեպից հետո Ադրբեջանն ավելի զգուշավոր դարձավ եւ սկսեց պնդել, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ինչին, սակայն, դեմ են հանդես գալիս Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին Երեւանում շարունակվող ՆԱՏՕ ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: Ըստ նրա` ԼՂՀ կարգավիճակին շատ ավելի հեշտ կլինի հասնել, եթե երկու հասարակությունները միմյանց հետ համերաշխ ապրեն: Ներկայացնելով բանակցային գործընթացի պատմությունն ու զարգացումները` նա հայտնեց, որ նախ փորձ էր արվում գտնել մի լուծում, որը թույլ կտա Ղարաբաղը ընդգրկել Ադրբեջանի ենթակայության տակ: Այնուհետեւ համանախագահները ձգտել են գտնել այնպիսի լուծում, որի պարագայում Ղարաբաղը չէր լինի Ադրբեջանի կազմում, ինչը, սակայն, ընդունելի կլիներ նաեւ Ադրբեջանի համար: «Սակայն, այսքան տարիների ընթացքում չկարողացանք լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»,- ասել է Ֆասյեն` նշելով, որ քանի որ նշված երկու տարբերակները կողմերի համար անընդունելի էին, 2007թ. ծնվեց «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը` 3 հիմնական սկզբունքներով` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում: Նա նաեւ հայտարարել է, թե` որքան շուտ ԼՂՀ-ն մասնակից դառնա ընթացող բանակցություններին, այնքան լավ: Նրա խոսքով, նախ, ԼՂ մասնակցություն ասելով՝ չպետք է հասկանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ այն ճանաչված պետություն չէ որեւէ երկրի կողմից: Ֆասյեն նշել է, որ շատ արդար է, որ ԼՂ բնակչությունը նույնպես ցանկանում է մասնակից լինել այն բանակցություններին, որոնք շոշափում են իր կենսական շահերը, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ԼՂ բոլոր բնակիչները, այդ թվում՝ նրանք, ովքեր ապրում էին այդ տարածքում նախքան հակամարտությունը, վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: «Երբ մարդիկ խաղաղության մեջ կապրեն եւ իրար հարեւաններ կհամարեն, եւ այն մարդիկ, ովքեր նախկինում ապրում էին այնտեղ, վերադառնան, այդ ժամանակ, ակնհայտ է, որ նրանք իրավունք ունեն պահանջել, որպեսզի մասնակցեն բանակցություններին»,- ասել է նա` հավելելով, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի եւ՛ Հայաստանը, եւ՛ Ղարաբաղը: «Ինչ-որ պահի ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից, եւ հիմա հակամարտության երկու կողմերը պետք է համաձայնեն, որ նա վերադառնա: Կգա մի օր, երբ ղարաբաղցիներն ավելի խորը մասնակցություն կունենան բանակցություններին: Լավ կլինի, եթե դա շուտ լինի»,- ասել է նա:
Ի դեպ, երեկ Բ. Ֆասյեն հաստատել է այն տեղեկությունը, որ մարտի 16-ին Փարիզում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: