Թուրքական լրատվամիջոցները սկսել են մանրամասներ ներկայացնել ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի եւ փոխարտգործնախարարի օգնական Ունալ Չեւիքոզի Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ: CNNTurk-ի փոխանցմամբ` թուրք դիվանագետները մոսկովյան այցի ընթացքում ռուսական կողմի հետ այլ հարցերի թվում քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը` ռուսաստանյան վարչակազմին ներկայացնելով թուրքական կողմի առաջարկությունները: Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել խնդրի կարգավորումից հետո «ակտիվ ջանքեր գործադրել», մասնավորապես, հետպատերազմյան շրջանում ենթակառուցվածքների վերականգնման, այդ թվում` Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան ճանապարհի եւ Լաչինի միջանցքի վերականգնման ուղղությամբ: Թուրքական «Sabah» օրաթերթի փոխանցմամբ, Անկարան պատրաստակամություն է հայտնել նաեւ զորակազմ ուղարկել Լաչինի միջանցք` անվտանգության ապահովման նպատակով: Բացի այդ, ըստ թուրքական պարբերականի, Անկարան սկսել է ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի պատերազմը վերսկսելու ռազմատենչ հայտարարություններից: Թերթը` վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին, գրում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը որոշ ներքաղաքական հաշվարկներ կարող է ունենալ: Սակայն պատերազմի մասին կոչերը տեղին չեն»: