Նախօրեի երեկոյան ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որը, մեղմ ասած, կոշտ գնահատականներ է պարունակում Հայաստանի վերաբերյալ: Զեկույցի համաձայն, «էական խախտումներով անցկացված 2008թ. նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում»: ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին, որը նույնպես արժանացել է քննադատության: «Սամվել Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովը, որը կոչված էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկույց, որում կա քննադատություն եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության հասցեին, սակայն բռնությունների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը»,- նշված է զեկույցում, որտեղ ներկայացված են նաեւ անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքերը, լրագրողների դեմ իրականացված ոտնձգությունները եւ այլն: Պետքարտուղարության զեկույցում որեւէ նորություն չկա. այնտեղ արձանագրված է այն, ինչ առանց այդ էլ հայտնի է Հայաստանի հասարակությանը: Իրականում այն ուղղված է ՀՀ իշխանություններին: ԼՂ բանակցություններում եւ հայ-թուրքական հարաբերություններում ընթացող ներկայիս զարգացումների ֆոնին դա հերթական հիշեցումն է` պարտավորությունները կատարելու վերաբերյալ: Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները պաշտոնապես որեւէ կերպ չեն արձագանքել Պետքարտուղարության զեկույցին: Չնայած ԱԺ մեծամասնության` իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այնպես է «տեղը դրել» Պետդեպարտամենտին, որ ԱԳՆ-ն լավագույն դեպքում կարող է ներողություն խնդրել եւ հայտարարել, որ Սահակյանը որեւէ կապ չունի իշխանության հետ: «Դրա հետ մենք չենք կարող համաձայնել, եւ չեմ էլ կարծում, որ դա այն փաստաթուղթն է, որի հետ մենք պիտի հաշվի նստենք: Զեկույցը շատ գորշ է եւ կողմնակալ: Եթե մի զեկույցում որեւէ դրական բան չեն տեսնում, ուրեմն դա իրենց խնդիրն է»,- ասել է Գ.Սահակյանը` ԱՄՆ Պետդեպարտամենտին խորհուրդ տալով՝ «փոխել ակնոցները»: