Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` կապված ԵԱՀԿ հրապարակած «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի հետ, որն էլ հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: Ըստ ՀԱԿ-ի` զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս, որ դատավարություններն անցել են բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: «ԵԱՀԿ զեկույցում տեղ գտած բազմաթիվ դիտարկումներ ցույց են տալիս, որ այսօր բանտերում պահվող եւ արդեն ազատված քաղբանտարկյալների նկատմամբ արդարադատություն չի իրականացվել: Զեկույցը հիմնովին ժխտում է ռեժիմի պնդումներն այն մասին, թե նրանք պատիժ են կրում օրենքով սահմանված կարգով, եւ լուրջ հիմքեր է ստեղծում քաղբանտարկյալների ազատ արձակման համար: Հայ Ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը, միաժամանակ, իր տարակուսանքն է հայտնում զեկույցի հրապարակման անհիմն ուշացման առթիվ, ինչի պատճառով Հայաստանի իշխանություններն անպատիժ կերպով շարունակեցին անօրինական դատավարությունները` անմեղ մարդկանց ազատազրկման դատապարտելով իրենց քաղաքական հայացքների եւ օրինական քաղաքական գործունեության համար: Հույս ենք հայտնում, որ, հենվելով իր իսկ գնահատականների վրա, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը նաեւ համարժեք գործունեություն կծավալի քաղբանտարկյալների անհապաղ ազատման եւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: